Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 28:18

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ Յիսուս մօտենալով՝ խօսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրուած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում:
   
    Եվ Հիսուսը մո տեցավ խոսեց նրանց հետ` ասելով. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրում:

    Մարդկորեն է խոսում նրանց հետ (ինչպես որ ճշմարտապե՛ս էլ մարդ էր), որովհետև դեռևս Հոգին չէին ընդունել, Ով կարող էր բարձրացնել նրանց և մեծամեծ [խորհուրդներ] հասկացնել: Կամ այլ կերպ ևս [կարելի է մեկնել]. [Հիսուսը] ոչ թե չուներ իշխանությունը և այն ստացավ, այլ որ բոլորին հայտնի դարձավ, դա՛ է ասում, թե տրվեց, որովհետև հրեշտակները, ովքեր Նրան գիտեին որպես Հոր անմարմին Խոսք միայն, նաև մարմնով հանդե՛րձ Բարձրյալի Որդի խոստովանեցին սերովբեներից Երկրպագվածին` ըստ առաքյալի 1681: Իսկ մարդիկ, ովքեր Նրան մարմնի միջոցով չէին ճանաչել որպես [Աստծո] Խոսքի, հավատացին, որ Նա Հոր Միածինն ու բոլորի Իշխանն է: Սա՛ է ասելը.«Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրում»:

    Ինչպես Հայրն Ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում:

    Կամ սրանով ցույց է տալիս Հոր հետ Իր ունեցած իշխանությունը` «Հոր նման, ինչպես Հայրն Ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում». ուղարկում է ո՛չ ըստ աստվածության (թեպետ [եթե այդպես էլ լիներ], ոչ մի վնաս չէր լինի. ի՞նչ վնաս կա «Աստված` Աստծուց ուղարկված» ասելու մեջ, ինչը [Հոր և Որդու] միավորությունն ու համակամությունն է նշանակում և իրար չհակասելը), քանի որ Աստվածությունն ամենուրեք է, և չկա Նրանից թափուր տեղ, ուր ասվեր, թե ուղարկվում է, էլ չեմ ասում, որ Աստվածությունն անշարժ ու անփոփոխելի բնություն ունի, ուստի հույժ վայելչապես սա [ասում] է ըստ Իր մարդկությա՛ն. որովհետև «ուղարկել» է ասում Խոսքի` մեր [մարդկային] բնությանը հայտնվելն ու մին չև մեր նվաստությունն իջնելը: Կամ էլ Իր չարչարանքներն է հիշեցնում [այս խոսքով]. որովհետև ինչպես որ Հայրը սիրեց աշխարհն ու Իր Միածին Որդուն տվեց 1682, Ինձ ուղարկեց չարչարանքով ու մահվամբ փրկագործելու, այդպես էլ Ես ձեզ եմ ուղարկում մարդկանց փրկելու` մոլորված բանական հոտի համար տքնելու և չարչարվելու:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

18-20. Եւ Յիսուս մօտենալով՝ խօսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրուած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»:
   
    Գալիլիայի լեռան ժամադրությունը Հիսուսի նշանավոր երևումներից մեկը եղավ, որովհետև այդ առիթով ավելի հստակորեն խոսվեցին առաքելական պաշտոնի բնույթն արտահայտող լուսաբանումները, առաքյալներին տրվեցին կարևոր իրավասություններ, և մեկ առ մեկ բացատրվեցին պատշաճ հրահանգները: Սրանք համառոտ խոսքերով, բայց կատարյալ ամփոփմամբ ներկայացնում է Մատթեոսը: Մարկոսի հավելվածական կամ երկրորդականոն հատվածի մեջ էլ նույն կետերը շոշափող կտորներ կան, որ հիշվում են առանց տեղը ճշտելու, և մենք նպատակահարմար ենք գտնում կցել Մատթեոսի հատվածին, որովհետև Մարկոսն էլ է Գալիլիայի ժամադրությունը հիշում հրեշտակների բերանով Մարկ. 16:7:
    Հիսուս նախ բացատրում է առաքելական պաշտոնի ընդարձակությունը. «Թե երկնքում, թե երկրի վրա ամեն իշխանություն տրված է ինձ, և այն կատարյալ իշխանությամբ, որը ես վայելում եմ` ես էլ ձեզ եմ իշխանություն տալիս, և ինչպես որ Երկնավոր Հայրն ինձ առաքեց Երկնքի Արքայությունը քարոզելու և հաստատելու, ես էլ եմ ձեզ առաքում»: Այդ լիուլի և ընդարձակ իշխանության մի մասը առաքյալների անձին է պատկանում և Ավետարանի սկզբնավորման բացառիկ պարագաների պահանջն է, իսկ մյուս մասը, առաքյալներից հետո նրանց հաջորդներին պետք է անցներ, Ավետարանի կամ Եկեղեցու պահպանության տևական պահանջի համար: Իսկ երկնքի մեջ և երկրի վրա իշխանության վարելը` ներքին և արտաքին իրավասությունների տեսակներն է ցույց տալիս: Երկնքի մեջ է այն իշխանությունը, որ խղճի ներքին ատյանում է գործածվում և որի վճիռները նաև Աստծու առջև զորություն ունեն, և մարդու հոգին են ծանրաբեռնում: Իսկ երկրի վրա իշխանությունը արտաքին ատյանի մեջ է գործածվում և որի վճիռներն արտաքին կարգերի ու բարեկարգությունների վրա են տարածվում և մարդկանց առջև պարտականություն և պատասխանատվություն են առաջացնում: Այս կրկնակի իրավասություններն են գտնվում եկեղեցու պահպանության համար պահանջվող տևական իշխանության մեջ, և ուղղափառ եկեղեցին այդպես է հասկանում և այդպես է գործադրում առաքյալներից իրեն փոխանցված իշխանությունը:
    «Գնացէք այսուհետեւ, աշակերտեցէ՛ք զամենայն հեթանոսս, -ասում է Հիսուսը: Մինչև հիմա ձեզ ասում էի, որ հեթանոսների կողմերը չգնաք, և նույնիսկ հերձվածող սամարացիների քաղաքները չմտնեք, այլ միայն ճշմարիտ օրենքին հետևող հրեաներին քարոզեք Մատթ. 10:5, բայց այս ավետարանի սկզբնավորման համար ժամանակավոր մի պայման էր, Ավետարանը սկսվեց և հաստատվեց, իմ մահվամբ և հարությամբ Նոր Ուխտը իրագործվեց, այլևս Ավետարանը Իսրայելի երկրներում սահմանափակված պիտի չմնա, ուստի այսուհետև ամբողջ աշխարհը` արևելքից մինչև արևմուտք, ձեզ համար բաց ասպարեզ է, Ավետարանը պետք է քարոզեք` որքան որ հեթանոսների ծանոթ երկրներ կան, և պիտի ջանաք, որ ամբողջ աշխարհը, բոլոր ազգերին Ավետարանին հետևելու բերեք և Ավետարանին աշակերտ դարձնեք»: Հիսուս իշխանության ընդարձակության հետ ասպարեզի ընդարձակություն էլ է բացում իրենների առջև և տիեզերական կերպարանք տալիս առաքելության պաշտոնին:
    Մկրտեցէք զնոսա յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ: Ավետարանին հետևող համարվելու և Ավետարանին աշակերտ լինելու անհրաժեշտ և սկզբնական պայմանն է, որ Հիսուս նախ և առաջ իրեններին հաձնարարում է Ավետարանն ընդունողների վրա կատարել, այսինքն` մկրտել: Մկրտությունը նախ օրինակով Հովհաննես Մկրտչի ձեռքով հաստատվեց, հետո Հիսուս այն իր վրա ընդունեց և սկսեց ուրիշների վրա գործադրել, և իր աշակերտներին էլ սովորեցրեց կատարել, և այսպես մկրտությունը Հիսուսի կենդանության ժամանակ իրեն հետևողների նշանը եղավ արտաքնապես, և կնիքը` ներքնապես, որովհետև մկրտությունը Երկնքի Արքայություն մտնելու անհրաժեշտ պայման հռչակվեց (Հովհ. 9-5): Մկրտությունը Հիսուսի քարոզությունների ժամանակ միայն հրեաների վրա էր տարածվում, բայց Հիսուս այժմ հրամայում է, որ հեթանոսներին էլ մկրտեն: Աշակերտեցէ՛ք զամենայն հեթանոսս, մկրտեցէք զնոսա: Մկրտության ձևը նույնիսկ բառի մեջ է հայտնված, որովհետև մկրտել ուղղակի լվանալ չի, այլ ջրի մեջ ընկղմելով լվանալն է և այդ ձևը անխախտ է պահվել արևելյան եկեղեցիներում, միչդեռ արևմտյանները այն թեթևացնելով և կրճատելով, միայն գլխի վրա մի ափ ջուր լցնելը լվացման կամ մկրտության համար բավարար են համարում: Նյութն էլ հասարակ ջրի փոխարեն այլ բան հասկանալն անհնար է, քանի որ սովորական ջրից բացի ուրիշ ոչ մի հեղուկ որպես լվացման ու մաքրության նյութ չի գործածվում, թեկուզ և գործածվի բժշկության կամ շպարման համար: Վերջապես Հիսուսի օրենսդրությամբ որևէ նյութական մկրտում կամ լվացում` Ավետարանի աշակերտության պահանջված մկրտությունը չէ, այլ միայն այն, որ խորհրդավոր ձևով կատարվում է` Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ: Այդ ձևը որպես բանաձև հաստատվել է ընդհանուր եկեղեցու մեջ, և այդ օրվանից մինչև հիմա քրիստոնեական կրոնի հիմքը այդ բանաձևի վրա է հաստատված և առանց դրա կատարած մկրտությունը երբեք որպես խորհրդական մկրտություն չի ընդունվում: Իսկ բանաձևն էլ իր մեջ Սուրբ Երրորդության խորհրդի արտահայտությունն է,որը քրիստոնեական հավատքի հիմնաքարն է, և Երրորդության խորհրդի իսկությունն էլ հենց երեք անձինք եւ մի բնութիւուն դավանությունն է, որ պարունակում է երեքը` Հայր և Որդի և Հոգի անձերի մեկ անուն կամ բնություն վերագրվելու մեջ, քանի որ ասված չէ յանունս Հօր եւ Որդոյ եւ Հոգու: Աստվածաբանական և դավանաբանական կետերի վրա ավելի ևս ընդարձակվելը մեզ մեր նպատակից շեղում է:
    Ուսուցանէ՛ք նոցա պահել զամենայնս, զոր ինչ պատուիրեցի ձեզ: Հավատացյալների պարտավորություների ամփոփումն է Հիսուսի այս հրամանը, որպեսզի ինչը որ իր վարդապետումն ու պատվիրածն է, բոլորն էլ լիովին գործադրվի: Հիսուսի պատվիրանները բանավոր խոսվեցին և մասամբ ավանդության մեջ պահվեցին, բայց գլխավորներն Ավետարանի մեջ են. Ավետարանն է ուրեմն հավատացյալի գլխավոր օրենսգիրքը և քարոզչի մեծ ուղեցույցը: Առաքյալներին հաջորդող հովիվներն ու վարդապետները պետք է Ավետարանը քարոզեն և հավատացյալներին հանձնարարեն Ավետարանին կատարելապես ու հավատարմորեն հետևելու, և ամեն քրիստոնյա Ավետարանում փնտրի իր հաստատուն ուղղությունը:
Որ հաւատայ եւ մկրտիցի՝ կեցցէ, եւ որ ոչն հաւատայ՝ դատապարտեսցի: Քրիստոնեության հիմնական պայմաններն են` ներքնապես հավատք և արտաքնապես մկրտություն, և Հիսուսի խոսքերը եղծած ու աղավաղած կլինի նա, ով հավատքն էլ արտաքին պայմանի պես է ընդունում և լոկ Ավետարանին հավատացող և ուղիղ վարդապետություն ընդունողին եկեղեցու անդամ հռչակում: Հավատքը, որ պիտի ապրեցնի և առանց որի մարդուն ամբողջությամբ տիրում է, նրա մտքին իշխում, գրավում է նրա սիրտն ու նրա բոլոր գործերն ուղղում: Դրա համար` առանց գործի կենդանի և կատարյալ հավատք չկա և առանց գործի հավատքը մեռած է Հակ. 2:26, ինքը կյանք չունի, որ մարդուն էլ տա:
    Հավատի զորության արդյունք է համարվում բոլոր դժվարությունները հաղթահարելն ու ոչ մի արտաքին պատահարից չընկճվելը ու ոչ մի դեպքից տիրապես և իսկապես վնասվելը: Այս իմաստով ասվում է, որ եթե օձերից խայթվեն չեն վնասվի, և եթե թույն խմեն` չեն մեռնի: Հրաշալիքներ կատարելու կարողությունն իսկ հավատքի զորության արդյունք է և ճշմարիտ ու իսկապես հավտացողները պիտի կարողանան մինչև իսկ դիվահարներ բժշկել, հիվանդներ առողջացնել ու զանազան լեզուներ խոսել` առանց մարդկային միջնորդների: Հիսուս նախապես էլ ասել էր, մանանեխի հատիկի չափ փոքր հավատքն անգամ լեռան չափ մեծ մի զանգված էլ կարող է տեղից շարժել Մատթ. 17:19:
    Հիսուս այդ հանձնարարություններից հետո, եզրափակելով տալիս է իր մշտատև հովանավորության և պաշտպանության խոստումը: Ավետարանի դեմ հակառակությունների ու ավետարան քարոզողների դեմ հալածանքների կանխատեսումը Հիսուս երբեք չհեռացրեց իրենների աչքերից: Հետևաբար, նրանց քաջալերելու և վստահություն ներշնչելու համար ասում է, որ եթե նրանց աչքից էլ հեռանա, սակայն իրականում հեռացած պիտի չլինի, այլ միշտ և հարաժամ նրանց հետ պիտի լինի, նրանց օգնելու և պաշտպանելու պատրաստ: Հիսուսի խոստումը միայն ներկա եղող առաքյալների համար չէ, այլ նրանցից հետո եկողների համար էլ` մինչու ի կատարած աշխահի, ինչը որ տարածվում է դարեդար հարատևող քրիստոնյա եկեղեցու վրա: Քանի որ Հիսուսի երկնային հովանավորությունը երբեք չպիտի պակասի, ուրեմն եկեղեցին էլ երբեք պիտի չպակասի,և Հիսուսի հիմնած Սուրբ և Ուղղափառ և ընդհանրական Եկեղեցին անսասան և հաստատուն պիտի շարունակվի մինչև աշխարհի վերջը` հետևելով միշտ Ավետարանի ուղղությանը և գործադրելով այն, ինչ Հիսուս պատվիրել է Ավետարանով: