Ծննդոց գրքի մեկնություն 28:19

Ա. Լոպուխին

Հակոբն այդ վայրը կոչեց Բեթել [Աստծո տուն], իսկ նախկինում այդ քաղաքի անունը Լուզ էր: [19] (Սինոդական թարգ․)
   
   Հակոբի երկրորդ գործողությունը.  ելնելով իր տեսածից՝ անուն է տալիս տեսիլքի վայրին՝ Բեթ–Էլ կամ Բեթել («Աստծո տուն»), մինչդեռ հարևանությամբ գտնվող վայրի նախկին անունը Լուզ էր։ Բեթել անունը Հակոբը երկրորդ անգամ և վերջնականապես հաստատում է Միջագետքից վերադառնալիս (Ծննդ. 35:15)։

   Յոթանասնիցում և սլավոներեն թարգմանություններում առկա է Ουλαμλουζ (Ուլամլուզ) տարբերակը (Գոլմեսի մոտ կան նաև այլ տարբերակներ՝ Ουλαμμαους, Συλλαμμαους), որը ակնհայտորեն առաջացել է եբրայերեն ulam (մինչ, նախկինում) բառը և Luz անունը սխալմամբ միացնելու հետևանքով: Հետագա պատմությունից երևում է, որ քանանական Լուզ անվանումը գոյություն է ունեցել եբրայական Բեթել անվան հետ համատեղ: Առաջինը օգտագործում է հենց Հակոբը (Ծննդ. 48:3), իսկ Հեսուի գրքում Լուզը և Բեթելը, ըստ երևույթին, ներկայացվում են որպես երկու տարբեր բնակավայրերի անուններ (Հես. 16:2, 18:13)։ Բեթել անունը, սակայն, Հակոբից առաջ՝ դեռևս Աբրահամի օրոք  էլ էր հայտնի (Ծննդ. 12:8, 13:3)։

   Այս անվան մասին արձագանքը պահպանվել է փյունիկեցիների և հույների մոտ՝ հայտնի Բայտիլիա (Βαιτυλια) անվան մեջ։ Նրանց մոտ հիմնականում այդպես էին կոչվում երկնաքարերից և օդաքարերից պատրաստված սրբազան քարերը, որոնք օծվում և ընծայվում էին աստվածություններին։ Այսպիսով` կարելի է ենթադրել,  որ այդ «սովորությունը եկել է Հակոբից» (Մետրոպոլիտ Ֆիլարետ, Գրառումներ Ծննդոցի մասին, 2:52)։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Յակոբն այդ վայրը կոչեց Աստծու տուն. նախկինում այդ քաղաքի անունը Ուլմաւուս էր:
(Արարատ թարգ․) Եվ մի տեղ հասավ ու գիշերեց այնտեղ, որովհետև արեգակը մայր էր մտել: Վերցրեց այնտեղի քարերից, դրեց գլխի տակ ու այնտեղ պառկեց:Եվ այդ տեղը Բեթել կոչեց, որը մինչ այդ Լուզ էր կոչվում:
(Գրաբար) Եւ կոչեաց Յակոբ զանուն տեղւոյն այնորիկ Տուն Աստուծոյ. եւ յառաջ անուն էր քաղաքին այնորիկ Ուլմաւուս: