Հովհաննես Ծործորեցի (†1338)
Հրեշտակը խօսեց ու կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցէք, գիտեմ, որ փնտռում էք Յիսուսին, որ խաչուեց.
 Հրեշտակն ասաց կանանց. «Մի՛ երկնչեք դուք:
 Նախ նրանց վախն է փարատում, որպեսզի նրանց միտքը, ապուշանալով, չմոռանար այդ հրաշալի տեսիլքները: Իսկ «դուք» ասելը նրանց հանդեպ մեծ պատվի նշան է. [կարծեք ասում է]. «Հանդգնածներին ահավոր բաներ են պատահելու, եթե չապաշխարեն. դուք չէ՛, որ պիտի երկնչեք, այլ խաչողներն ու զինվորները»:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
5-7. Հրեշտակը խօսեց ու կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցէք, գիտեմ, որ փնտռում էք Յիսուսին, որ խաչուեց. այստեղ չէ նա, քանի որ յարութիւն առաւ, ինչպէս ինքն ասել էր. եկէ՛ք, տեսէ՛ք այն տեղը, ուր պառկած էր: Եւ իսկոյն գնացէ՛ք, ասացէ՛ք նրա աշակերտներին, թէ յարութիւն առաւ. եւ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կը տեսնէք: Ահա ասացի ձեզ»:
Մագդաղենացու մեկնելուց հետո, գերեզմանի մոտ մնացած յուղաբերները մի պահ էլ սպասում են՝ Յիսուսի համար պատրաստած ու բերած խունկը ձեռքներին, առանց հետագա անելիքները որոշել կարողանալու: Մագդաղենացու բերելիք լուրին սպասելու ժամանակ, հետաքրքրությունից մղված, գերեզմանին ավելի են մոտենում և, տեսնելով, որ ամենուր լռություն է, վերջապես համարձակվում են գերեզմանի արտաքին սենյակն էլ մտնել: Այնտեղ գլորված կափարիչի վրա նստած պահապան հրեշտակը, որը զինվորներին սարսափի էր մատնել, հեզ ու գրավիչ կերպարանքով է երևում յուղաբերներին: Հրեշտակը լուսավոր կերպարանք և սպիտակ զգեստներ ուներ, նստել էր նույն վեմին, ներքին գերեզմանի դռան աջ կողմում: Յուղաբերները հանկարծական տեսիլքից այլայլվեցին «եւ զարհուրեցան»: Բայց հրեշտակը՝ յպտուն դեմքով և անուշ խոսքերով, նրանց քաջալերեց. «Մի՛ վախեցեք, մի՛ շփոթվեք. Գիտեմ, որ խաչյալ Հիսուսի ետևից եք եկել և նրա մարմինն եք փնտրում՝ պատշաճ հարգանքն ընծայելու: Բայց նա այլևս այստեղ չէ, նա յարեաւ, չէ աստ Նա մեռյալ չէ, նա ողջ է, մարմինն էլ չկա. Ներս մտեք, տեսե՛ք, որ մարմնի դրված տեղն էլ դատարկ է:
Հրեշտակային տեսիլքը, որ նախ շփոթություն էր պատճառել, հետզհետե մեղմվեց յուղաբերների աչքին, անուշ խոսքերը, քաջալերիչ ձայնը, գրավիչ տեսքը իրենց հանդարտեցրեց, և համարձակվեցին անսալու հրեշտակի առաջարկին՝ ներքին գերեզմանը մտնելու և տեսնելու. «Եւ մտեալ ի ներքս ոչ գտին զմարմինն Տեառն Յիսուսի»: Սակայն մի նոր երևույթ նորից իրենց շփոթեցրեց: Երկու լուսավոր զգեստով անձեր, անշուշտ, երկու հրեշտակներ կային Հիսուսի մարմնի գտնված տեղի երկու կողմերում՝ մեկը հլխի, մյուսը՝ ոտքերի կողմում: Նրանց լուսավոր կերպարանքն էլ սաստիկ տպավորություն գործեց գերեզմանի ներսը մտնողների վրա, շփոթվեցին «եւ զահի հարան», աչքները, նրանց լուսավոր տեսիլքին չդիմանալով՝ «խոնարհեցուցին զերեսս իւրեանց յերկիր»: Երկու հրեշտակներն էլ նույն ավետիսը կրկնեցին յուղաբերներին. «Ի՞նչ եք եկել այստեղ, մեռելների գերեզմանում ողջ մեկին որոնելու. չէ աստ, այլ յարեաւ»:
Յուղաբերները նորից արտաքին սենյակում են, ուր էր վեմին նստող և գերեզմանը պահպանող հրեշտակը: Սա նորից է ասում յուղաբերներին. «Ահա տեսաք և համոզվեցիք, որ այլևս Հիսուս այստեղ չէ, այլ հարություն է առել: Պետք է հիշեք, Գալիլիայում քարոզելիս խոսել էր խաչվելու, մեռնելու և նորից հարություն առնելու մասին: Ահա խոսքը կատարվել է: Գնացե՛ք, այդ ավետիսը բոլոր առաքյալներին տվեք: Պետրոսին էլ մի մոռացեք, թեպետ նա մի պահ իր առաքելությունը ուրացած լինի: Նրանց ասեք, որ հարուցյալ Հիսուս նորից Գալիլիա պիտի գնա և այնտեղ նորից պիտի տեսակցի առաքյալների հետ: Երբ Հիսուս առաջուց գնա Գալիլիա, նրանք էլ թող հետևից գնան, որ տեսնվեն նրա հետ: Ինչ որ ասացի, մի՛ մոռացեք. Ահա ասացի ձեզ»:
Յուղաբերները մնացին իրար հակառակ տպավորությունների ներքո: Մի կողմից սարսափ, մյուս կողմից՝ ուրախություն, մի կողմից պատկառանք, մյուս կողմից՝ քաջալերություն, մի կողմից վարանում, մյուս կողմից՝ հորդորանք և այդ տպավորությունների ներքո սկսեցին հեռանալ գերեզմանից: Հրեշտակի խոսքի համաձայն, պիտի առաքյալների մոտ գնային, բայց երևակայական տեսարանի առջև չէի՞ն գտնվել արդյոք: Հիսուսի կանխավ ասածներն էին հիշում, բայց իսկական եղելությունը արդյո՞ք կատարվել էր: Այդպիսին էր յուղաբերների վիճակը, երբ կամաց - կամաց Արեմաթացու պարտեզից դուրս գալով, բռնեցին Երուսաղեմի ճանապարհը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: