Ծննդոց գրքի մեկնություն 31:20

Ա. Լոպուխին

20-23. Հակոբը գողացավ իր աներոջ՝  Լաբան Արամեացու սիրտը, որովհետև  չէր ուզում hայտնել նրան, որ պիտի գնա։ [20] Եվ նա գնաց իր ամբողջ ունեցվածքով։ Նա անցավ գետը և ուղղվեց դեպի Գաղաադ լեռը։ Երրորդ օրը ասորի Լաբանին հայտնեցին, որ Հակոբը գնացել է։ Նա իր հետ վերցրեց իր եղբայրներին, հետապնդեց նրան՝ անցնելով յոթը օրվա ճանապարհ, և նրան հասավ Գաղաադ լեռան մոտ։ (Սինոդական թարգ․)
   
   Ռաքելի` հորից գողացած արձանիկը (հմր. 19) պենատ (պահապան աստված–ծանոթ.` թարգմ.) էր` տնային մարդակերպ աստված (հմմտ. Ծննդ. 31:30), որն ապագան կանխատեսելու համար էր (Ա Թագ. 19:13)։ Միգուցե բնագրային «թերափիմ» անվանումը հիշատակվում է Հեսու Նավեի այն աստվածների մասին խոսքի մեջ, որոնց ծառայում էին եբրայեցիների նախահայրերը (Հեսու Նավե, 24:2)։ Սակայն տվյալ դեպքում սա ավելի լավ է սնահավատություն համարել, իսկ արձանիկները՝ թալիսման։ Միգուցե Ռաքելը դրանք գողանում է՝ նպատակ ունենալով  Լաբանին զրկել  Հակոբի ճանապարհի ուղղությունն իմանալու հնարավորությունից։ Կամ էլ Լաբանի արձանիկները նրան գրավում են թանկարժեք լինելու պատճառով։

   Ըստ Միդրաշի (Bereschit–rabba. Раг. 74. S. 363)` Ռաքելը դա անում է հորը սնահավատությունից ազատելու համար։ Նույն կերպ է մտածում նաև երանելի Թեոդորիտը. «Ոմանք ասում են, որ Ռաքելը գողանում է կուռքերը՝ պարզապես դրանք ցանկանալով։ Իսկ ես հակառակն եմ կարծում։ Նա դրանք գողանում է հորը սնահավատությունից փրկելու համար» (Պատասխաններ հարցերին,  9)։ Սուրբ Հովհան Ոսկեբերանը այլ կերպ է բնորոշում Ռաքելի արարքը. «Աղջիկները դեռ պահում էին հայրենի սովորույթը և մեծ հարգանք ունեին դրանց նկատմամբ» (Խոսք 57):

   «Հակոբը գողացավ Լաբան Արամեացու սիրտը». սա բառախաղ է (հմմտ. հմր. 19), որի իմաստն արտահայտում է տվյալ համարի երկրորդ հատվածը. «հեռացավ գաղտնի՝ իր հետ տանելով նրա հարազատ դուստրերին (հմմտ. հմր. 26): Ըստ Կլերիկի,  այստեղ և ավելի ուշ (Ծննդ. 31:24) Լաբանին «արամեացի» կոչելը (սլավ. «ասորի») շեշտում է ոչ թե Լաբանի ցեղը, այլ այդ մարդու բարքը, քանզի արամեացիները հնուց ի վեր համարվում էին բոլոր ազգերի մեջ ամենախորամանկը և ամենամեղսագործը։ Հակոբն էլ խաբում է ամենախորամանկին (Rosenmüller, р. 487)։ Հակոբն անցնում է գետը, այսինքն` Եփրատը, և շարժվում է հարավ–արևմուտք` դեպի Գաղաադ լեռը։ Կարելի է ասել, որ այս անվանումը «մարգարեաբար» է այստեղ կիրառվում, քանի որ համաձայն 47–րդ համարի՝ միայն Հակոբն է, որ հետագայում այս լեռանը տալիս է հիշյալ անվանումը։ Սա այն վայրն է, որտեղ Հակոբի տասնօրյա փախուստից հետո հասավ Լաբանը. վերջինս երեք օր չգիտեր Հակոբի փախուստի մասին։ Յոթ օր շարունակ նա հետապնդում է նրան մինչև Գաղաադ լեռը (Ծննդ. 31:22-23): Ինչպես հայտնի է, ավելի ուշ ողջ հորդանանյան երկիրը ստանում է Գաղաադ անվանումը և Հակոբի ժառանգների կողմից բաժանվում է հյուսիսային և հարավային մասերի։ Տվյալ դեպքում ամենայն հավանականությամբ ենթադրվում է տարածաշրջանի հյուսիսային մասը` Միջագետքին ամենամոտը և ոչ թե ներկայիս Ջելաադը, քանի որ հաշվի առնելով Հակոբի քարավանի դանդաղ ընթացքը` տասը օրում այստեղ հասնել հնարավոր չէր (հմմտ. Ծննդ. 31:13)։ Նույն լեռան վրա՝  հավանաբար դրա տարբեր բլուրներում, հաստատվում են Հակոբի ընտանիքի անդամները և Լաբանը՝ իր հարազատների և ուղեկիցների հետ (հմր. 25):
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) իսկ Յակոբը շեղեց իր աներոջ Լաբանի ուշադրութիւնը, որովհետեւ չէր ուզում յայտնել նրան, որ պիտի գնայ:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը ծածուկ հեռացավ ասորի Լաբանի մոտից ու չհայտնեց նրան, որ հեռանում է:
(Գրաբար) եւ գողացաւ Յակոբ զսիրտ Լաբանու աներոյ իւրոյ` չպատմել նմա թէ գնայցէ: