Ա. Լոպուխին
Բայց Իսրայելը Հովսեփին ավելի շատ էր սիրում, քան մյուս բոլոր որդիներին, որովհետև Հովսեփը նրա ծեր տարիքում ծնված որդին էր: Նրա համար կարել էր տվել ծաղկազարդ մի պատմուճան: [3] (Սինոդական թարգ․)
Հովսեփի հանդեպ Հակոբի առանձնահատուկ սիրո պատճառն այն էր, որ վերջինս նրա ծերության օրոք էր ծնվել: Բայց Լիայի որդիները` Իսաքարն ու Զաբուղոնը, ծնվել էին գրեթե Հովսեփի հետ միաժամանակ (Ծննդ. 30:18-23), իսկ Բենիամինը Հովսեփից 15 տարով փոքր էր: Ուստի ըստ Աստվածաշնչի վկայության՝ Հակոբը սիրում էր Հովսեփին նրա համար, որ նա ծնվել էր Ռաքելից (երկար սպասումից հետո), ինչպես նաև նրա համար, որ վերջինս աչքի էր ընկնում արտաքին (εὐγένεια) գեղեցկությամբ և հոգու առաքինությամբ (Ant. 2։2, 1, կարող էր Հովսեփ Փլավիոսի հավելումը լինել): Հակոբի առանձնահատուկ սերը Հովսեփի նկատմամբ արտահայտվեց նրանով, որ նրա համար՝ իբրև առաջնեկի (հմմ. Ծննդ. 27:15, Եսավի թանկարժեք հագուստները), հատուկ հագուստ կարել տվեց՝ ketoneth passim: Եբրայական pas բառի ուղիղ իմաստն է՝ «եզրերով հագուստ», այսինքն՝ երկար թևքերով պատմուճան (ըստ Գեզենի, Անկիլեի և Սյումաքոսի՝ tunica manicata et talaris): Նման ձևով պետք է պատկերացնել նաև Դավիթի դստեր` Թամարի ketoneth passim–ը (Բ Թագ. 13։18): Բայց Յոթանասնիցի (նաև սլավ. ռուս.) մեկնիչները փոխանցում են χιτῶν ποικίλον` գույնզգույն պատմուճան տարբերակը: Ըստ Հին և Նոր Արևելքի՝ հագուստներ կարելու համար օգտագործվում էին հիմնականում գույնզգույն կտորներ (Բ Թագ. 1։24, Առակ. 31։22), և ըստ դրա էլ պայմանավորված է հավանական թարգմանությունը (Վուլգ.՝ «tunicam polymitam»): Բենի Հասանի էջերից մեկում սեմիթները պատկերված են գույնզգույն հագուստներով:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) բայց Իսրայէլը Յովսէփին աւելի շատ էր սիրում, քան մնացած բոլոր որդիներին, որովհետեւ Յովսէփը նրա ծեր տարիքում ծնուած որդին էր: Նա նրա համար կարել էր տուել ծաղկազարդ մի պատմուճան:
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելն իր բոլոր որդիներից ամենից շատ սիրում էր Հովսեփին, որովհետև նա իր ծեր հասակում ունեցած որդին էր: Եվ նրա համար թևքերով պատմուճան էր պատրաստել:
(Գրաբար) Բայց Իսրայէլ սիրէր զՅովսէփ առաւել քան զամենայն որդիսն իւր. քանզի որդի ծերութեան նորա էր: Եւ արար նմա պատմուճան ծաղկեայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: