Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Արդ ապաշխարության արժանի պտո´ւղ տվեք»։
«Այնպիսի պտուղներ տվեք, - ասում է Հովհաննես Մկրտիչը, - որոնք արժանի կլինեն ապաշխարությանը»: Իսկապես, քանի որ բավական չէ միայն հրաժարվել ամբարշտությունից, այլ նաև անհրաժեշտ է առաքինության մեծամեծ գործեր կատարել: Մի´ արեք այն, - ասում է նա հրեաներին, - ինչ ինձ համար զազրելի, սակայն ձեզ համար սովորական է, և, գեթ մի կարճ ժամանակով խոնարհվելով, դարձյալ մի՛ վերադարձեք ձեր նախկին արատներին։
Մենք այլևս այն նույն կացության մեջ չենք, ինչ նախկին մարգարեները: Ներկայիս հանգամանքները տարբերվում են նախորդներից և ավելի վսեմ են, քանի որ այժմ Արքայության Դատավորն ու Տերն Ինքն է գալիս` մեզ առաջնորդելու դեպի ամենավերին իմաստությունը, կանչելու մեզ դեպի երկինք և ուղղորդելու մեր ընթացքը դեպի այդ երկնային օթևանները: Ահա´ թե ինչում եմ ես խոսում գեհենի մասին, քանի որ այժմ հավիտենական են ինչպես պարգևները, այդպես էլ պատիժները։
Տե՛ս նաև Մատթեոսի Ավետարանի 3։3-րդ համարի մեկնությունը:
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Այսուհետեւ ապաշխարութեան արժանի գործեր կատարեցէ՛ք.
Այսուհետև ապաշխարության արժանավայել պտո՛ւղ տվեք: Բավական չէ, ասում է, միայն փախչել չարիքներից, պետք է նաև բարի գործեր կատարել: Այն սովորությունը չեմ պահանջում, որն ունեիք մարգարեների միջոցով, որ սպառնալիքների երեսից հեռանում էիք մեղքերից, բայց վերադառնում դրանց: Այս [պահանջը] նոր է և առավել բարձր: Որովհետև ոչ թե ինչ–որ մարգարե է եկել, այլ մարգարեների Տերը. ոչ թե երկիր է կանչում ամենքին, այլ երկինք, և Նրա պարգևներն ու պատիվներն անմահական են: Թեև նախկին դարերում ծառաների կանչով չդարձաք, սրանից հետո, երբ Տերը եկելհասել է, և Նրա բարկությունը՝ իջել անապաշխարների վրա, ցույց տվեք ո՛չ լոկ ապաշխարություն, ասում է, այլ նաև պտուղնե՛ր:
Իսկ ի՞նչ է ապաշխարությունը, կամ ո՞րն է նրա պտուղը: Ապաշխարությունը միայն ապաշավելն է անցած վատ գործերի համար, իսկ նրա պտուղը չարիքների հակառակը գործելն է, [այսինքն]՝ արդարություն: Օրինակ՝ անմաքուր վարքի փոխարեն սրբություն [ունենալ], որկրամոլության ու հարբեցողության փոխարեն քաղցել ու ծարավել, ծիծաղելու փոխարեն արտասվել, ագահության մեղքը գործողը պիտի սփռի ու տա աղքատներին և այլն: Եվ միայն պտուղ չի ասում, այլ «արժանավայե՛լ» պտուղ, այսինքն՝ պակաս պտուղներ չտալ, այլ [գործված] վատի չափով կշռել նաև լավը: Նաև փառասիրության ախտից զերծ մնալո՛վ գործել առաքինությունները, որով Աստծուն վայել պտուղներ կընծայվեն: Որովհետև ապաշխարության պտուղը բարիքն անկեղծորե՛ն գործելն է, իսկ առերևույթ [բարին] առանց պտղի տերևն է միայն՝ Քրիստոսի անիծած թզենու նման 122:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Այսուհետեւ ապաշխարութեան արժանի գործեր կատարեցէ՛ք.
«Արդ ապաշխարությանը արժանի պտուղ տվեք»:
Եվ մի [տվեք] միայն տերև, ինչպես թզենին, որն անիծում է Քրիստոս (Մատթ. 21:18-20), ինչը ցույց էր տալիս, թե պտուղ է բերում, բայց բերում էր միայն տերև:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Այսուհետեւ ապաշխարութեան արժանի գործեր կատարեցէ՛ք.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:7
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: