Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Այդ ժամանակ Հիսուս ասում է նրան. «Հեռո՛ւ գնա Ինձանից, սատանա՛, որովհետև գրված է. «Քո Տեր Աստծուն պիտի երկրպագես ու միայն Նրան պիտի պաշտես»» (Բ Օր. 6:13)»։
Քանի որ սատանան այժմ մեղանչել էր արդեն Հայր Աստծու դեմ՝ Նրան պատկանող տիեզերքն իրենը համարելով, ու քանի որ համարձակվել էր ներկայանալ որպես Աստված` կարծես թե ինքն իսկ էր աշխարհի արարիչը, ուստի Քրիստոս, վերջապես, պապանձեցրեց նրան, սակայն այստեղ նույնպես` առանց զայրույթի, այլ պարզապես ասելով. «Հեռո´ւ գնա, սատանա՛»։ Եվ դեռ սա էլ ավելի շատ հրաման էր, քան թե արգելք, քանի որ այնժամ, երբ Քրիստոս նրան ասաց` «հեռո´ւ գնա, սատանա՛», նա (սատանան) անմիջապես իսկ փախավ և այլևս չէր համարձակվում փորձել Հիսուսին։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետեւ գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես»:
Հետև՛ս գնա, սատանա՛:
«Սատանա» բառը, եբրայերենից մեր [լեզվին] թարգմանվելով, նշանակում է «հակառակորդ», ով և հենց սկզբից հակառակ գտնվեց Աստծուն և մարդկանց:
Բայց ինչո՞ւ է [Տերն] ա՛յժմ սաստում նրան և ո՛չ նախորդ [դեպքերում]: Որովհետև [սատանան այս անգամ] մեղանչեց Հո՛ր հանդեպ՝ Նրա արարածներին իրենը համարելով: Սրանով [Տերը] սովորեցնում է մեզ մեր անձի հանդեպ թշնամանքի դեպքում ներող լինել, իսկ ընկերների [հանդեպ թշնամանքի դեպքում]՝ վրեժխնդիր, ինչն Ինքը գործեց հրեաների առնչությամբ: Երբ [Իրեն] դիվահար էին կոչում, չէր զայրանում, բայց երբ թշնամանք էին ցուցաբերում Հոր հանդեպ, նրանց կոչում էր սատանա հորից եղածներ 166: Այդպես էլ ասաց, որ Հոգու հանդեպ հայհոյությունն աններելի է, բայց Իր հանդեպ եղածն արժանի է ներման 167 :
Սակայն [Տերը] ոչ թե ըստ արժանվույն սաստում է [սատանային], այլ միայն հրամայում է: Որովհետև «Հետևս գնա» ասելը հրամայական [նախադասություն] է, որով հրամայում է [չարին] Իրենից հեռանալ, այն էլ՝ ժամանակավորապես՝ ըստ Ղուկասի գրածի 168 , քանի որ թեպետ դրանից հետո [սատանան] անձամբ չէր պատերազմում, ինչպես այժմ, սակայն, մտնելով օրենսգետների և փարիսեցիների մեջ, վիճում էր Նրա հետ, մինչև որ Նրան նաև խաչել տվեց: Այս սաստը նաև այն է ցույց տալիս, որ նա, ով երկրպագություն էր պահանջում, [Հիսուսի] մի փոքր սաստից (երբ կամեցավ [սաստել]) չկարողացավ մնալ տեղում, ինչից հասկացվում է, որ [Հիսուսը] կամովին էր Իրեն փորձության հանձնել և ո՛չ թե ակամա մատնվել, ինչպես մենք: Եվ երբ սաստելով հայտնեց Իր աստված լինելը, Օրենքից վկայություն բերելով դարձյալ իջավ մեր մարդկության խոնարհությանը:
Գրված է, – ասաց, – Քո Տեր Աստծուն կերկրպագես և միայն Նրա՛ն կպաշտես:
Պետք է Աստծուն երկրպագել իբրև Արարչի և Տիրոջ, իսկ պաշտել՝ պատվիրանների կատարմամբ, որովհետև դրանցով է Աստված պաշտվում մեր կողմից: Այս [խոսքով Հիսուսը] ցույց տվեց, որ ըստ Իր մարդկության Ինքն էլ է մեկ Աստվածության երկրպագող ու ծառա, որովհետև Նույնն է թե՛ մարմնով երկրպագողը, թե՛ Իր այդ մարմնին, ըստ Իր աստվածության, երկրպագություն ընդունողը բոլոր արարածներից: [Եվ Նույնը] ծառա դարձավ, ինչպես Ինքն ասաց. «Չեկա ծառայություն ընդունելու, այլ ծառայելու» (Մատթ. 20։28):
Այս երեք փորձություններն են հանվանե հիշատակվում, սակայն հավանաբար ուրիշներն էլ են եղել՝ ըստ Ղուկասի, ով ասում է. «Երբ սատանան վերջացրեց բոլոր փորձությունները….» (Ղուկ. 4։13): Որովհետև «բոլոր» ասելը բազմաթիվ լինելն է ցույց տալիս, բայց [միայն] գլխավորների մասին գրելով՝ մնացածը սրանց ներքո ամփոփեցին՝ հուշելով, որ ով հաղթում է այս երեքին՝ որկրամոլությանը, փառասիրությանն ու ագահությանը, հաղթում է նաև [մնացած] բոլոր ախտերին: Իսկ ով հաղթվում է սրանցից, ընկնում է սրանց ստորադասվող մնացած [ախտերի] ծառայության տակ ևս: Ինքը փորձիչն էլ, սկսելով փոքրից՝ որկրամոլությունից, հասավ մեծին՝ ագահությանը (քանի որ [վերջինս] բոլոր ախտերից առավել զորավոր է, երբ տիրում է), ինչպես որ Հոբի վրա էլ ամենասաստիկ հարվածը վերջում բերեց: Սա նաև պատերազմողներն են անում. ավելի սաստիկ մարտը հետո են վարում:
Ուստի, ինչպես որ նախահորը [սատանան] այս երեքով փորձեց ու պատրեց՝ որկրամոլությամբ, քանի որ պտուղը ցանկալի ցույց տվեց, փառասիրությամբ, քանի որ ուտելուց հետո աստվածանալու հույս ներշնչեց, և ագահությամբ, քանի որ մղեց նրան բոլոր ծառերից վայելումը բավական չհամարելու և ստիպեց ուտել նաև այն մեկից, որի վրա Աստված արգելք դրեց: Եվ ինչպես որ հին Ադամի հետ մարտնչեց սրանցով, այդպես էլ՝ Նոր Ադամի հետ. որկրամոլությամբ, թե՝ «Ասա՛, որ այս քարերը հաց դառնան», փառասիրությամբ՝ «Քեզ այստեղից վա՛յր գցիր՝ աստվածությունդ ցույց տալու համար», և ագահությամբ՝ «Քեզ կտամ, – ասաց, – այս աշխարհի փառքը, եթե երկրպագես ինձ»: Եվ [Հիսուսը] նրա հետ պատերազմեց մեր այս բնությամբ և հաղթեց աստվածային զորությամբ՝ սովորեցնելով մարդկանց [սատանայի դեմ] պատերազմելու կերպը: Որովհետև մեր մեջ էլ նույնն է [սատանայի] մարտի սկիզբը. որկրամոլությամբ պահանջում է նաև մեզնից, ինչպես Տիրոջից, որ քարերը հաց դառնան, այսինքն՝ ստիպում է մոտենալ ավելորդ կերակուրներին ու շատ ըմպելիքների, որոնք ժուժկալների համար անուտելի են, ինչպես քարերը: Երբ [մարդը] դրանք ընդունում է, [չարը] սրանով չի սահմանափակվում, այլ նաև գրգռում է դեպի անասնական ցանկությունը, ինչպես Ադամին՝ պտղի [ճաշակումից] հետո: Բայց երբընդդիմանում ենք [Աստծո] կենդանարար խոսքով, որն աշխարհին կյանք է տալիս, նրանով բարձրանում ենք տաճարի աշտարակը: Այստեղից էլ [չարը] ստիպում է մեզ 169 վայր գցվել, [այսինքն]՝ կամ հպարտությամբ կործանվել, կամ էլ փառքի կամ ինչքի համար, խոսքի վաճառական դառնալով, գործերը մարդկանց հաճոյանալու համար կատարել: Բայց եթե սրան էլ ենք ընդդիմանում՝ խոսքն ըստ Տվողի կամքի ունենալով կամ խոսելով և Աստծուն հաճոյանալու համար գործելով, այնուհետև [սատանան] առաքինության բարձր լեռից նայել է տալիս նյութական բաների հանդեպ սիրուն և ագահության ախտի միջոցով, որով խոստանում է [նյութականը պարգևել], պահանջում է երկրպագել իրեն: Եթե արհամարհում ենք սա ևս՝ կա՛մ ինչք չընդունելով, կա՛մ էլ անհրաժեշտն ու ընդունածը Աստծուն տալով, [սատանան] ամաչելով փախչում է մեզնից, և մեզ սպասավորում են հրեշտակները, ինչպես Տիրոջը՝ հաղթանակից հետո՝ ըստ ավետարանչի, ով ասում է.
Ստեփանոս Սյունեցի (†735)
Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետեւ գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես»:
«Ետև՛ս գնա, սատանա՛»:
Սատանա [բառը], ըստ եբրայերենի՝ հակառակորդ է հասկացվում: Ցասմամբ ասված «Ետև՛ս գնա, սատանա՛» սաստումից երկնչելով՝ Նրանից փախավ:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետեւ գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: