Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը, որով ասում է»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:12
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
14-16. որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. «Երկի՛ր Զաբուղոնի եւ երկի՛ր Նեփթաղիմի, ճանապա՛րհ ծովի, միւս ա՛փը Յորդանանի, Գալիլիա՛ հեթանոսների, խաւարի մէջ նստած ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. եւ լոյս ծագեց նրանց վրայ, որ նստում էին մահուան երկրի եւ ստուերների մէջ»:
Որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը . «Երկիր Զաբուղոնի և երկիր Նեփթաղիմի, ծովի ճանապարհ՝ Հորդանանից այն կողմ, հեթանոսների Գալիլեա: Խավարում նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ, և երկրում ու մահվան ստվերներում նստածների համար լույս ծա գեց» 177:
«Զաբուղոն»–ը թարգմանվում է «բնակության զորություն» 178, քանի որ այնտեղ բնակվեց Հայր Աստծո զորություն Որդին: Իսկ «Նեփթաղիմ»–ը [թարգմանվում է] «ընդարձակություն» 179, քանի որ այնտեղից սկսեց տարածվել Քրիստոսի վարդապետությունը: «Ծովի ճանապարհ» ասելով՝ փրկության ավետիսն է տալիս ծովեզերքում ու կղզիներում գտնվողներին, իսկ խորհրդանշաբար՝ աշխարհի ծովում կյանքով ճանապարհորդողներին [հրավիրում է] բարձրանալ վերին աշխարհը: «Հորդանանից այն կողմ՝ հեթանոսների Գալիլեա». այս մեկ վայրով ցույց է տալիս բոլոր հեթանոսներին: Իսկ «ժողովուրդ» բառով նկատի է առնում այս ամբողջ աշխարհը: Ասում է. «Խավարում և մահվան ստվերներում նստած ժողովրդի համար լույս ծագեց»: Այստեղ տեսանելի խավարը նկատի չունի, այլ մոլորությունն ու անգիտությունը, որոնք նաև «մահվան ստվեր» է կոչում, այսինքն՝ հավիտենական մահվան պատճառ: «Լույս» էլ [կոչում է] ոչ թե այս [նյութական լույսը], որը միշտ տեսնում էին մարմնավոր աչքերով, այլ ճշմարիտ գիտությունը, որը միայն մտքին է տեսանելի: Այն կոչում է «մեծ լույս», և դա Հոր Իմաստությունն է, ինչպես և Ինքն է Իրեն «աշխարհի լույս» կոչում 180:
Նաև անպատշաճ չի լինի, եթե մեկը [համարի], որ մարգարեի խոսքի մի մասը վերաբերում է հրեաներին, մյուսը՝ հեթանոսներին: Որովհետև «խավարում նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ» խոսքը հրեաներին է պատշաճում. թեպետ ունեին Օրենքի ճրագը, սակայն միշտ չէին լուսավորվում՝ օրինազանց լինելով: Իսկ նրանով, որ ասում է «երկրում ու մահվան ստվերներում նստածներ», նկատի ունի հեթանոսներին, ովքեր այս աշխարհի տարերքների ծառայության ներքո էին գտնվում և նստած էին կռապաշտության մեջ՝ ասես մահվան ստվերների տակ: Ուստի հրեաների համար [մարգարեն] մահվան ստվերի մասին չի խոսում, քանի որ ճանաչում էին [ճշմարիտ] Աստծուն, և նրանք էլ, ասում է, «մեծ լույսը տեսան», այսինքն՝ մարմնավոր աչքերով [տեսան] Քրիստոսին, իսկ հեթանոսների համար չի ասում, թե «տեսան», այլ թե՝ «նրանց համար լույս ծագեց», այսինքն՝ [ծագեց] խոսքը՝ առաքյալների միջոցով, որոնց նույնպես [Տերն] «աշխարհի լույս» անվանեց 181: Բայց խավարում նստելը [մարգարեն] ասում է երկուսի համար էլ, որովհետև բոլորն էլ մեծ չարիքների մեջ էին գտնվում՝ ասես բանտում շղթայված, ինչ պատճառով ասես գիշերվա աղջամուղջում նաև քայլել չէին կարողանում, որ խավարի միջից դուրս գային, այլ դրա մեջ նստած էին [մնում], ինչն անհուսության նշան է:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:13

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: