Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ, քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո, ի վերջո, քաղց զգաց»»։
Տե´ս, թե ինչպիսի խորամանկությամբ, ինչպիսի խաբեությամբ է սատանան մոտենում Հիսուսին և ինչպես է սպասում այս «պատեհ» ժամանակին։ Նա մոտենում է ոչ թե այն ժամանակ, երբ Հիսուս ծոմ էր պահում, այլ երբ Նա քաղց զգաց։ Սրանից կարող ես իմանալ, թե պահքն ինչպիսի մեծ օրհնություն և ինչպիսի հզոր զենք է սատանայի դեմ։ Իմացի՛ր և սովորի՛ր, որ, մկրտության ջրով լվացված (մաքրված) լինելով, հատկապես չպետք է տրվել հաճույքներին, հարբեցողությանը և որկրամոլությանը, այլ պետք է պահք պահել։ Ահա թե ինչու Քրիստոս Ինքն էլ ծոմ պահեց. ոչ թե որովհետև ծոմ պահելու կարիք ուներ, այլ որպեսզի մեզ ուսուցաներ պահեցողությունը։ Չէ՞ որ նախքան Մկրտությունը հենց որովայնին ծառայելն էր պատճառ դառնում մյուս մեղքերի համար։ Այս իսկ պատճառով էլ, ինչպես բժիշկը, հիվանդին բուժելով, արգելում է նրան անել այն, ինչը պատճառ էր դարձել հիվանդություն «ձեռք բերելու» համար, այդպես էլ այստեղ Քրիստոս մկրտությունից հետո հաստատում է պահեցողությունը։
Ադամը նույնպես դրախտից վտարվեց հենց որկրամոլությա´ն պատճառով։ Այս նույն ախտը նաև Նոյի ժամանակներում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառը եղավ։ Դարձյալ, որկրամոլությո´ւնը կրակ իջեցրեց սոդոմացիների վրա։ Չնայած սոդոմացիների հանցանքը նաև պագշոտությունն էր, սակայն թե´ այս և թե´ այն պատիժների արմատը գալիս էր որկրամոլությունն էր, որի մասին է նշում նաև Եզեկիելը, երբ ասում է. «Սա էր սոդոմացիների անօրինությունը», որ նրանք ամբարտավանության, հացով լիացածության և հղփացածության մեջ էին» (հմմտ. Եզեկ. 16։49): Այդպես էլ հրեաները, սկսելով հարբեցողությամբ և որկրամոլությամբ, այնուհետև անձնատուր եղան անօրինությանն ու մեծամեծ հանցագործություններ կատարեցին։
Ահա թե ինչու Քրիստոս քառասուն օր ծոմ պահեց՝ այդպիսով մեզ ցույց տալով, թե որն է փրկարար դեղամիջոցը։ Այսուհանդերձ, Քրիստոս սրանից այն կողմ չի անցնում, որպեսզի չլինի թե` հրաշքի չափազանց մեծությունը կասկածի տակ դներ ճշմարտապես մարմնավորման իսկությունը։ Այժմ այդ «գայթակղությունը» վերացվում է, քանի որ Հիսուսից առաջ ևս Մովսեսն ու Եղիան, զորացած լինելով աստվածային զորությամբ, կարողացան դիմանալ այդքան երկար ծոմապահությանը։ Մինչդեռ եթե Քրիստոս ավելի երկար ժամանակ ձգվող ծոմ պահեր, ապա դա շատերի համար կարող էր պատճառ դառնալ` կասկածելու մարմնավորման ճշմարտացիությանը։
Եվ այսպես, քառասուն օր ու գիշեր ծոմ պահելուց հետո Հիսուս «ի վերջո, քաղց զգաց»` այդպիսով հնարավորություն տալով սատանային մոտենալ Իրեն, որպեսզի նրա (սատանայի) դեմ Իր պայքարի միջոցով մեզ ցույց տար, թե ինչպես պետք է հաղթահարել սատանայի փորձություններն ու հաղթել նրան։ Այդպես են վարվում նաև ըմբշամարտի վարպետները՝ ցանկանալով իրենց աշակերտներին սովորեցնել հաղթահարել ու պարտության մատնել իրենց դեմ ըմբշամարտողներին։ Ահա թե ինչ են անում ըմբշամարտի այս վարպետները. նրանք հատուկ իրենց աշակերտներին ուսուցանելու նպատակով ըմբշամարտում են մրցագորգերում, որպեսզի աշակերտները, ականատես լինելով իրենց ուսուցիչ-ըմբիշների շարժումներին, իրենք էլ տիրապետեն հաղթանակի հասնելու արվեստին։ Նույնը տեղի ունեցավ նաև այստեղ։ Ցանկանալով սատանային ներգրավել մարտի մեջ՝ Քրիստոս նրա առջև «բացահայտեց» Իր քաղցած լինելու հանգամանքը և, երբ նա (սատանան) մոտեցավ, Հիսուս բռնեց նրան ու այնուհետև մեկ անգամ, ապա` երկրորդ և երրորդ անգամ սատանային գետնին տապալեց Իրեն բնորոշ դյուրաշարժությամբ։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց:
Եվ քառասուն օր ու քառասուն գիշեր պահք պահելուց հետո քաղցեց:
Պահքով ժուժկալություն ցուցաբերեց մինչև Մովսես և Եղիա մարգարեների սահմանը և ո՛չ ավելի, Նա, Ով կարող էր առանց բնավ ճաշակելու էլ ապրել: Սակայն որպեսզի չկարծեին, թե Նրա մարդկու թյունն առաչոք է 154, մարմնի բնությանը թույլ է տալիս կրել իրեն պատշաճը, հատկապես, որ [Մովսեսի և Եղիայի] մասին չի գրված, թե քաղցեցին, թեև պահքի սկզբում քաղց զգում էին՝ մարդ լինելով, իսկ Քրիստոսի մասին ավետարանիչը գրում է, թե քաղցեց: Ո՛չ ակամա, ինչպես մենք, այլ երբ կամեցա՛վ, ինչպես վայել է Աստծո՛ւն՝ չմտնելով [մարդկային] բնության հարկադրանքի տակ: Սա՛ է նշանակում ասելը՝ «հետո քաղցեց», այսինքն՝ քառասուն [օրվա] լրումից հետո: Ուրեմն՝ քաղցելը հաստատում է Նրա մարդկությունը, իսկ այն, որ [քաղցեց] կամովին և ոչ թե հարկադրաբար, հավաստում է [մարդկությանը] միացած Նրա Աստվածությունը:
Ստեփանոս Սյունեցի (†735)
«Եվ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց»
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:1
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: