Ա. Լոպուխին
3-5. Որոշ ժամանակ անց Կայենը հողի բարիքներից ընծա բերեց Աստծուն, [3] իսկ Աբելը ևս բերեց իր հոտի առաջնեկներից ու պարարտներից։ Եվ Աստված բարի աչքով նայեց Աբելին ու նրա ընծաներին, իսկ Կայենի ու նրա ընծաների վրա ուշադրություն չդարձրեց։ Կայենը խիստ տրտմեց և նրա դեմքը մռայլվեց։ (Սինոդական թարգ․)
Որոշ ժամանակ անց... Այսպես է թարգմանում ռուսերեն տեքստը բնագրի «օրերի վերջում» ժամանակագրական նշումը: Թափանցելով աստվածաշնչյան հեղինակի մտքի մեջ՝ մեկնիչները տարբեր կերպ են սահմանում այն ժամանակաշրջանը, որի վերջում տեղի է ունեցել նկարագրվող իրադարձությունը: Ոմանք կարծում են, որ այստեղ նկատի է առնվում «տարին» (ավելի ճիշտ՝ «տարեմուտի ժամանակը»), ուրիշները՝ ամսվա վերջը կամ շաբաթվա ավարտը, և հատկապես «շաբաթ» օրը՝ զոհաբերություններով սրբագործված «աստվածապաշտության ժամանակների» հաստատումը:
Կայենը հողի բարիքներից ընծա բերեց Աստծուն, իսկ Աբելը ևս բերեց իր հոտի առաջնեկներից ու պարարտներից: Ըստ Պողոս առաքյալի մեկնության, թեև այդ զոհերի արժանիքը որոշվում էր, ոչ թե ընծայի արժանավորությամբ, այլ ընծայողի ներքին վիճակով-տրամադրվածությամբ (Եբր. 11։4), և քանի որ ողջ ներքինը համապատասխան արտահայտություն է գտնում նաև արտաքնում, բնականաբար, ընծաներն էլ չէին մնում առանց կարևորման: Սբ. Հովհան Ոսկեբերանն այդ առիթով նկատում է. «Առավել խորաթափանց միտք ունեցողներն արդեն իսկ ընթերցումից հասկանում են ասվածը... Տե՛ս, թե ինչպես է Սուրբ Գիրքը ցույց տալիս մեզ Աբելի աստվածասեր մտադրությունը և այն, որ նա բերեց ոչ թե սովորական ոչխարներից, այլ «առաջնեկներից», այսինքն՝ թանկը, ընտիրը, այնուհետև՝ այդ ընտիրներից ամենաթանկագինը: Նույնը «պարարտների» մասին է ասվում, այսինքն՝ ամենահաճելին, լավագույնը: Կայենի վերաբերյալ Աստվածաշունչը նման բան չի նշում, այլ միայն ասում է, որ նա երկրի բարիքներից է ընծա բերել, որ, այսպես ասած, ինչ պատահել է՝ առանց ջանքի և ընտրության»:
Եվ Աստված բարի աչքով նայեց Աբելին… իսկ Կայենի ու նրա ընծաների վրա ուշադրություն չդարձրեց... Երկու եղբայրների բերած զանազան ընծաները՝ իրենց արժանիքներով, բնույթով և, հատկապես, ընծայաբերողների ներքին տրամադրվածությամբ, տարբեր ընդունելության արժանացան: Աստված բարի աչքով նայեց Աբելի ընծաներին, այսինքն՝ ինչպես դա մեկնում է Ոսկեբերանը, «ընդունեց, համակրեց, գովեց մտադրությունը, այսպես ասած, գոհ էր նրանով, ինչ արվել էր...»: Մեկ ուրիշ տեղում նույն անվանի մեկնիչն ասում է. «Քանի որ Աբելը պատշաճ տրամադրվածությամբ և մաքուր սրտով մատուցեց, ապա ասվում է՝ Աստված բարի աչքով նայեց, այսինքն՝ ընդունեց, հավանեց, գովեց... Իսկ Կայենի անխոհեմությունը մերժեց»: Այդ փաստը նույն ձևով լուսաբանում է նաև Պողոս առաքյալը (Եբր. 11։4)՝ ասելով, որ Աբելի ընծան ավելի լիարժեք է Կայենի ընծայից, առավել կատարյալ, այսինքն՝ ավելի էր համապատասխանում զոհաբերության հիմնական գաղափարին, որովհետև շաղախված էր կենդանի և գործուն հավատքով, որը, առաջին հերթին, ներառում է խոստացված Մեսիայի հանդեպ հավատը: Իսկ Կայենի ընծան, ընդհակառակը, իր մեջ հպարտության, փառասիրության, գոռոզամտության և արտաքին ծեսի ոգի էր կրում՝ դրա ընդունելիության համար ստեղծելով լիովին հասկանալի խոչընդոտներ: Դատելով ենթատեքստից, այդ ընծաների՝ տարբեր ընդունելության արժանանալու փաստը հայտնի դարձավ նաև դրանք մատուցողներին, ուրեմն, անկասկած, դրանց նկատմամբ վերոնշյալ աստվածային վերաբերմունքը արտահայտվել էր արտաքին ակնհայտ նշանով: Հիմնվելով այս հատվածին համահունչ աստվածաշնչային համադրումների վրա՝ կարծում են, թե այդպիսի նշաններ են եղել կա՛մ երկնային կրակը, որը մղվում էր դեպի ընդունելի դարձած զոհը, կա՛մ նրանից դեպի երկինք ելնող բարձր սյունը (Ղևտ. 9։24, Դատ. 6։21, Ա Մնաց. 21։26, Գ Թագ. 18։38 և այլն):
Կայենը խիստ տրտմեց, և նրա դեմքը մռայլվեց... Բնագրի միտքն ավելի ճշգրիտ է հաղորդում լատիներեն թարգմանությունը, որտեղ «տրտմելու» փոխարեն դրվել է iratus - «բարկացավ» բառը. հատկապես «բարկացավ և իր կրտսեր եղբոր վրա, ում նախապատվություն էր տվել Աստված, և Աստծո վրա, ասես Նա անարգել էր իրեն՝ բարեհաճության նշանը հայտնելով ոչ թե իրեն, այլ եղբորը» (Վեսարիոն):
Եվ նրա դեմքը մռայլվեց, այսինքն՝ նրա դիմագծերը նախանձի և չարության ազդեցության տակ խոժոռ և մռայլ արտահայտություն ստացան: Կայենի դեմքը մթագնել էին ո՛չ մեղքի հետ կապված տխրությունը, ո՛չ զղջման զգացումները կամ սրտի կսկիծը, այլ նախընտրված եղբոր հանդեպ անհանգիստ նախանձն ու խորը թաքնված թշնամանքի ոգին:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Որոշ ժամանակ անց Կայէնը երկրի բարիքներից ընծայ բերեց Աստծուն,
(Արարատ թարգ․) Եվ եղավ, որ օրեր անց Կայենը երկրի պտուղներից Տիրոջն ընծա մատուցեց:
(Գրաբար) Եւ եղև յետ աւուրց՝ եբեր Կային ՚ի պտղոյ երկրի պատարա՛գ Աստուծոյ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: