Ծննդոց գրքի մեկնություն 43:11

Ա․ Լոպուխին

Իրենց հայր Իսրայելն ասաց նրանց. «Եթե այդպես է, ուրեմն ահա թե ինչ արեք։ Ձեզ հետ վերցրե՛ք այս երկրի բարիքները և իբրև նվեր այդ մարդուն տարե՛ք կնդրուկ, մեղր, խունկ, խեժ, բևեկն և ընկույզ։ [11] (Սինոդական թարգ․)

   

   Հակոբի այն միտքը, որ իր որդիները Քանանի օտարերկրյա աննշան բարիքներով կարող են վաստակել Եգիպտոսի առաջին նախարարի բարեհաճությունը, կարող է քոչվոր ցեղապետի միամտություն համարվել, քանզի նա տեսել էր միայն Քանանի աննշան իշխաններին և պատկերացում անգամ չուներ եգիպտական պալատների հրաշագեղության և ճոխության մասին։ Այս հատկանիշը, սակայն, շատ բնորոշ է հին և նույնիսկ ժամանակակից Արևելքին, որտեղ առանց նվերների ենթակայի` տիրակալի, կամ ստորադասի վերադասի մոտ գնալն անհարգալից և անքաղաքավարի վերաբերմունք է համարվում (ենթակա իշխանների կողմից Սողոմոնին տրված նվերների մասին ընթերցի՛ր Գ Թագ․ 10:25 համարը, Մատթ. 2:11):

   Որպես քանանական հողի հայտնի արտադրանք (եբրայերեն. «զիմրատ−գաարեց»−«երկրի բարիք».  այն ամենը, ինչով երկիրը հայտնի էր հարևան ժողովուրդների շրջանում)՝ Հակոբը, բացի Ծննդ. 37:25 համարում նշվածներից, հիշատակում է բալասանը, համեմունքները, խունկը, մեղրը  (եբր. «դեշավ»), պիստակը («բոտնիմ») և նուշը («շոկեդիմ»)։ Ամենայն հավանականությամբ մեղրը ոչ թե մեղուների մեղրն էր, որը Եգիպտոսում մշտապես առատ է եղել, այլ այժմ էլ արաբների մեջ «դիբս» անունով հայտնի խաղողի խտացրած հյութը (թերևս «ռահաթ−լոխում»), որը հիմա էլ է մեծ քանակով Եգիպտոս արտահանվում։ Եբրայերենում «բոնտիմ»` «պիստակ» է, իսկ Յոթանասնից և սլավոներեն թարգմանություններում՝ ընկույզ: Պաղեստինը նուշով միշտ էլ հարուստ է եղել։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Իրենց հայր Իսրայէլն ասաց նրանց. «Ճիշտ էք ասում: Այդպէս էլ արէք: Մեր երկրի բարիքներով լցրէ՛ք ձեր ամանները, այդ մարդուն իբրեւ նուէր տարէ՛ք կնդրուկ, մեղր, խունկ, խէժ, բեւեկն եւ ընկոյզ:
(Արարատ թարգ․) Եվ նրանց հայրը՝ Իսրայելը, ասաց. «Եթե այդպես է, հիմա այսպես արեք. լցրեք ձեր անոթները մեր երկրի ընտիր բարիքներով և այն մարդու համար ընծա տարեք, մի քիչ բալասան, մի քիչ մեղր, համեմներ, զմուռս, պիստակ և նուշ:
(Գրաբար) Ասէ ցնոսա Իսրայէլ հայրն իւրեանց. Եթէ այդպէս իցէ, արարէք զայդ: Առէք ի պտղոյ երկրիս յամանս ձեր, եւ տարայք առնն պատարագս. ռետին, եւ մեղր, եւ խունկ, եւ ստաշխն, եւ բեւեկն, եւ ընկոյզ: