Ծննդոց գրքի մեկնություն 43:23

Ա․ Լոպուխին

  23-25. Եվ նա պատասխանեց. «Հանգի՛ստ եղեք և մի՛ վախեցեք: Ձեր Աստվածը և ձեր հոր Աստվածը ձեզ գանձ է տվել ձեր պարկերում: Ես ստացել եմ ձեր դրամը»: Եւ նա բանտից հանեց ու նրանց մօտ բերեց Շմավոնին: [23] Մարդը նրանց տարավ ներս՝ Հովսեփի տուն, ջուր տվեց, ու նրանք լվացին իրենց ոտքերը, նաև նրանց գրաստներին կեր տվեց։ Նրանք պատրաստեցին ընծաները, երբ Հովսեփը դեռ չէր եկել կեսօրին, որովհետև լսել էին, որ այնտեղ է ճաշելու։ (Սինոդական թարգ․)
   
   Հովսեփի տան կառավարիչը, միգուցե տիրոջ կրոնասիրությամբ և բարեպաշտությամբ տոգորված, հանգստացնում է Հակոբի որդիներին` մատնանշելով, որ պարկերում գտնված արծաթն Աստծուց նրանց շնորհված աննախադեպ պարգև է, և որ նրանց վճարած գումարն ինքը ստացել է։ Հովսեփի եղբայրների վրա հատկապես հանգստացնող ազդեցություն է ունենում Սիմոնին նրանց մոտ բերելը։ Միայն այդ ժամանակ են նրանք հանգիստ տուն մտնում, որտեղ նրանց արևելյան հյուրընկալության նշաններ են ցույց տրվում,  և նրանք Հովսեփի հետ սպասվող հանդիպման համար պատրաստվում ու պատրաստում են իրենց նվերները։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Նա ասաց նրանց. «Խաղաղութիւն ընդ ձեզ, մի՛ վախեցէք: Ձեր եւ ձեր հայրերի Աստուածն է դրել գանձերը ձեր պարկերի մէջ, իսկ ես արդէն ստացել եմ ձեր արծաթը եւ գոհացել եմ»: Եւ նա բանտից հանեց ու նրանց մօտ բերեց Շմաւոնին:
(Արարատ թարգ․) Եվ նա պատասխանեց. «Հանգի՛ստ եղեք և մի՛ վախեցեք: Ձեր Աստվածը և ձեր հոր Աստվածը ձեզ գանձ է տվել ձեր պարկերում: Ես ստացել եմ ձեր դրամը»: Եվ Շմավոնին դուրս հանեց ու բերեց նրանց մոտ:
(Գրաբար) Ասէ ցնոսա. Խաղաղութիւն ընդ ձեզ` մի երկնչիք: Աստուածն ձեր եւ հարցն ձերոց` եդ ձեզ զգանձս յամանս ձեր. այլ իմ զձեր արծաթն առեալ, եւ հաճեալ եմ: Եւ եհան առ նոսա զՇմաւոն: