Ա․ Լոպուխին
16-17. Հուդան ասաց. «Ի՞նչ պատասխան տանք մեր տիրոջը, ի՞նչ ասենք կամ ինչպե՞ս արդարանանք: Աստված բռնեց քո ծառաների գործած հանցանքը: Արդ, ահա մեր տիրոջ ստրուկներն ենք և՛ մենք, և՛ նա, ում մոտ գտնվեց սկիհը»: [16] Բայց (Հովսեփը) ասաց. «Ո՛չ, ես այդ բանը չեմ անի: Նա, ում ձեռքերում գտնվեց սկիհը, իմ ստրուկը կլինի, իսկ դուք խաղաղությա՛մբ գնացեք ձեր հոր մոտ»: (Սինոդական թարգ․)
Իր և եղբայրների անմեղությունը հասկանալով հանդերձ` Հուդան ցույց է տալիս, որ իրենց մոտ գտնվել է գողության իրեղեն ապացույցը («corpus delicti»), և հետևաբար միայն Աստծո դատաստանի ուղղակի միջամտությունը կարող է բացատրել իրենց մեղավորության առկայությունը: Այս կերպ Հուդան արդեն դիմում է ոչ թե արդարությանը, այլ Աստծո որորմածությանն ու Եգիպտոսի կառավարչի գթասրտությանը: Սակայն Հովսեփը, կրկնելով իր տան կառավարչի ասածը (Ծննդ. 44:10 ), պնդում է, որ միայն Բենիամինը մնա որպես ստրուկ, իսկ մյուս եղբայրներին թույլ է տալիս ազատ և անվնաս գնալ իրենց հոր մոտ։ Այստեղ է նրանց փորձության ամենավճռական կետը․ սիրելիից ազատվելու համար հարմար առիթ է ընձեռնվում: Սակայն այս լարված պահին Հուդան նոր եռանդով է հանդես գալիս ի պաշտպանություն Բենիամինի:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Յուդան ասաց. «Ի՞նչ պատասխան տանք մեր տիրոջը, ի՞նչ ասենք կամ ինչպէ՞ս արդարանանք: Աստուած բռնեց քո ծառաների գործած յանցանքը: Արդ, ահա մեր տիրոջ ստրուկներն ենք ե՛ւ մենք, ե՛ւ նա, ում մօտ գտնուեց սկիհը»:
(Արարատ թարգ․) Եվ Հուդան ասաց. «Ի՞նչ ասենք իմ տիրոջը, ի՞նչ խոսենք, կամ ինչպես մեզ արդարացնենք: Աստված բռնել է քո ծառաների գործած հանցանքը: Ահա մենք մեր տիրոջ ծառաներն ենք, թե՛ մենք և թե՛ նա, ում մոտ գտնվել է սկիհը»:
(Գրաբար) Ասէ Յուդա. Զի՞նչ տացուք պատասխանի տեառն` կամ զի՞նչ խաւսիցիմք, կամ զոր իրաւունս ցուցանիցեմք: Եգիտ Աստուած զյանցանս ծառայից քոց. արդ` աւասիկ կամք ծառայք տեառն մերոյ. եւ մեք, եւ առ որում եւ սկիհն գտաւ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: