Ծննդոց գրքի մեկնություն 45:24

Ա․ Լոպուխին

Եվ ուղարկեց իր եղբայրներին, ու սրանք գնացին: Նա նրանց ասաց. «Ճանապարհի՛ն չվիճեք»: [24] (Սինոդական թարգ․)
   
   Եղբայրներին ճանապարհելով՝ Հովսեփը նրանց խորհուրդ է տալիս ճանապարհին չվիճել, միմյանց չմեղադրել: Եբրայրեն «ռագազ» արտահայտությունը հաճախ է «վախենալ, սարսափել» նշանակում (Ելք 15:14, Բ Օր. 2:4, 25), ինչի պատճառով էլ որոշ մեկնիչներ Հովսեփի այս խոսքերը փոխանցում են «ճանապարհին չվախենա՛ք» տարբերակով (իսկ սուրբ Ֆիլարետը փոխանցում է «ճանապարհին չանհանգստանա՛ք» ձևով): Սակայն Հովսեփի խոսքի և զրույցի ընդհանուր իմաստի (որի ընթացքում Նա ձգտում էր հանգստացնել և հաշտեցնել եղբայրներին, Ծննդ․ 45:5-8) ունեցած կապից ելնելով, ինչպես նաև Յոթանասնիցին (orgizesqe), Վուլգաթային (irascamini) և մյուսներին հետևելով՝ այս պարագայում կարելի է գերադասել այս բայի մյուս՝ «կռվել, վիճաբանել, բարկանալ» իմաստը (այսպես է նաև ռուսերեն ու սլավոներեն թարգմանություններում): «Վախենալ» եղբայրներն այլևս չէին կարող, քանզի արդեն չորրորդ անգամ էին նույն ճանապարհով գնում, սակայն Հովսեփի, իրենց հոր և իրենց դժբախտության պատճառի համար  նրանց մեջ հեշտությամբ կարող էր վեճեր և տարաձայնություններ ծագել. Հովսեփը հենց այս մասին է նրանց զգուշացնում:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Նա ճանապարհեց իր եղբայրներին, եւ սրանք գնացին: Նա նրանց ասաց. «Ճանապարհին չվիճէք»:
(Արարատ թարգ․) Եվ ուղարկեց իր եղբայրներին, ու նրանք գնացին: Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Ճանապարհին չվիճե՛ք»:
(Գրաբար) Եւ արձակեաց զեղբարս իւր` եւ գնացին: Եւ ասէ ցնոսա. Մի զայրանայցէք ինչ ի ճանապարհի: