Ա․ Լոպուխին
1-6. Հովսեփը եկավ և այդ մասին պատմեց փարավոնին: Նա ասաց. «Իմ հայրն ու եղբայրները իրենց ոչխարներով ու արջառներով, իրենց ամբողջ ունեցվածքով եկել են Քանանի երկրից, և ահա նրանք Գեսեմ երկրում են»: [1] Իր եղբայրներից հինգին Նա իր հետ առավ և ներկայացրեց փարավոնին: Փարավոնը հարցրեց Հովսեփի եղբայրներին. «Ինչո՞վ եք զբաղվում»: Նրանք պատասխանեցին փարավոնին. «Թե՛ մենք, թե՛ մեր հայրերը` քո ծառաները, ոչխարների հովիվներ ենք»: Նրանք ասացին փարավոնին. «Մենք եկել ենք այս երկրում բնակվելու, որովհետև քո ծառաների ոչխարների համար կեր չկա, քանզի Քանանի երկրում մեծ սով է տիրում: Արդ, թո՛ւյլ տուր, որ մենք` քո ծառաները, բնակվենք Գեսեմ երկրում»: Փարավոնը, դիմելով Հովսեփին, ասաց. «Քո հայրն ու քո եղբայրները եկել են քեզ մոտ: Ահա եգիպտացիների երկիրը քո առջև է. երկրի լավագույն հատվածում բնակեցրո՛ւ քո հորն ու եղբայրներին: Նրանք թող բնակվեն Գեսեմ երկրում: Իսկ եթե նրանց մեջ կան կարող մարդիկ, իմ ոչխարների հոտերի վրա վերակացու կարգի՛ր»: (Սինոդական թարգ․)
Իր հոր և եղբայրների իր մոտ գալու մասին փարավոնին զեկուցելով՝ Հովսեփն ասում է․
1․ որ նրանք Գեսեմ երկրում են տեղավորվել (համար 1), գուցե ակնարկելով, որ այդ տարածքը առավել հարմար կլինի իր վաչկատուն բարեկամների բնակության համար,
2․ որ վերջիններս եկել են իրենց խոշոր և մանր անասուններից բաղկացած ողջ ունեցվածքով, հետևաբար (ըստ Աբարբանի) բավականաչափ հարուստ են և չեն կարող բեռ լինել երկրի համար։
Փարավոնին ներկայացնելու համար Հովսեփն իր եղբայրներից (եբրայերեն՝ «վերջից»․ ըստ որոշ աղբյուրների՝ երկու կողմերից՝ ավագներից և կրտսերներից ընտրելով) ընտրում է 5 հոգու։ Որպես եղբայրներից ուժեղագույների (ըստ Թալմուդի) կամ էլ հակառակը որպես թույլերի (ըստ Միդրաշի)՝ Հովսեփը ընտրում է Ռուբենին, Շմավոնին, Ղևիին, Իսաքարին և Բենիամինին (Beresch.r. Par. 140, s. 471):
Իր խոսքի և հրահանգների մեջ փարավոնը հատուկ նրբազգացություն և նրբանկատություն է ցուցաբերում։ Այս հանգամանքը զուգորդվում է Հովսեփի նկատմամբ նրա բարի տրամադրվածությամբ, որը նա տարածում է նաև իր կառավարչի եղբայրների վրա: Որպես երիտասարդ և աշխատունակ մարդկանց նա Հովսեփի եղբայրներին հարցնում է նրանց զբաղմունքի (Ծննդ․ 47:3), իսկ զառամյալ ծերունու տպավորություն թողնող Հակոբին՝ նրա տարիքի մասին (Ծննդ․ 47:8): Այնուհետև, երբ Հովսեփի եղբայրները, ճշգրտորեն հետևելով Հովսեփի խորհրդին, փարավոնին հայտնում են իրենց զբաղմունքի մասին և անասնապահության համար հարմար Գեսեմում բնակվելու թույտվություն են խնդրում (եբրայերենից` «որոշ ժամանակ թափառել՝ քոչվորություն անել», ժամանակավոր ապրել, lagur, նրանք ժամանեցին Եգիպտոս), ապա փարավոնը իր համաձայնությունը ոչ թե ուղղակի է նրանց տալիս, այլ Հովսեփի միջոցով, այնպես որ նրանք նախ պետք է շնորհակալություն հայտնեին իրենց եղբորը: Միևնույն ժամանակ Հովսեփին իր ցեղի համար երկրի լավագույն հողերից ընտրելու հնարավորություն տալով՝ փարավոնը, սակայն, չի մոռանում վերջիններիս զբաղվածության և իր սեփական տնտեսության մասին: Հրեաներին Գեսեմում` հյուսիսարևելյան սահմանին բնակեցնելով՝ փարավոնը իր հանդեպ բարեկամաբար տրամադրված ցեղին ասիական քոչվոր և գիշատիչ ցեղերի ճնշմանը հակադրելու հույս ուներ: Բացի այդ, իր տիրույթներում խաշնարածության որակը բարձրացնելու համար փարավոնը մտադրվում է օգտագործել Հովսեփի մի քանի եղբայրների հովվական փորձառությունը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Յովսէփն եկաւ եւ այդ մասին պատմեց փարաւոնին: Նա ասաց. «Իմ հայրն ու եղբայրները իրենց ոչխարներով ու արջառներով, իրենց ամբողջ ունեցուածքով եկել են Քանանացիների երկրից եւ ահա Գեսեմում են»:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփն եկավ ու հայտնեց փարավոնին. «Իմ հայրն ու եղբայրներն իրենց հոտերով, արջառներով ու ամբողջ ունեցվածքով եկել են Քանանի երկրից, և ահա նրանք Գեսեմի երկրում են»:
(Գրաբար) Եւ եկեալ Յովսէփ պատմեաց փարաւոնի, եւ ասէ. Հայր իմ եւ եղբարք, եւ խաշինք եւ արջառ նոցա, եւ ամենայն որ ինչ նոցա, եկին յերկրէն Քանանացւոց. եւ ահա են ի Գեսեմ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: