Ծննդոց գրքի մեկնություն 49:16

Ա. Լոպուխին

16-18․ Դանը պիտի դատի իր ժողովրդին՝ որպես Իսրայելի ցեղերից մեկը, [16] Դանը կլինի մի օձ ճանապարհի վրա, մի իժ՝ շավղի վրա, որ խայթում է ձիու գարշապարը ու ցած գցում հեծյալին: Քո փրկությանն եմ սպասում, Տե՛ր: (Սինոդական թարգ․)
   
   Հակոբի հարճից ծնված Դանի ցեղին նույնպիսի իրավունքներ են տրվում, ինչպիսին ունեին Լիայից ու Ռաքելից ծնված որդիներից սերած ցեղերը (նույնը վերաբերում է նաև Գադի, Ասերի ու Նեփթաղիմի ցեղերին): Այն պետք է դատի («jaden»՝ սա ակնարկ է Դան անվան նշանակության մասին), այսինքն՝ պետք է ինքնուրույնաբար ղեկավարվի և նույնիսկ, ցեղերից յուրաքանչյուրի նման  պետք է ազդի մյուս ցեղերի կյանքի վրա: Օնկելոսի թարգումը, Միթրաշը և շատ հին ու նոր մեկնիչներ այստեղ Դանի ցեղից սերած Սամսոնի մասին հղում են տեսնում: Իր թշնամիներին Դանի ցեղը պետք է հաղթի ոչ այնքան բացահայտ պայքարի ընթացքում (ինչպես առյուծի կերպարով անձնավորված Հուդայի ցեղը), որքան գաղտնի որոգայթներով ու ընդհանրապես խորամանկությամբ՝ հատկություններ, որոնցով կենդանական աշխարհում տարբերակվում են օձերը. «Դանը կլինի մի օձ…  մի իժ» (Ծննդ․ 49։17): Դանի ցեղի բնութագրական այս անհրապույր գծերը, դրանց բացատրության համար պատմական տվյալներ մատնանշելու անհնարինությունը (Թարգումներն ու Միթրաշը այդ հատկանիշները վերագրում էին Սամսոնին, իսկ ուրիշ մեկնաբանները՝ Լաիսը գրաված Դանի ցեղի ներկայացուցիչների․ տե՛ս Դատ. 18։1−29), ինչպես նաև Հայտնության մեջ կնքվածների շարքում Դանի ցեղի մասին չնշվելը (Հայտ. 7։4−8) հիմք ստեղծեցին, որպեսզի Եկեղեցու մի շարք սուրբ հայրեր և ուսուցիչներ կարծեն, որ հակաքրիստոսը սերելու է Դանի ցեղից: Երանելի Թեոդորիտի կարծիքով «Սուրբ Հոգին, որ նահապետի միջոցով կանխասել էր մեր Փրկչի մասին, նույն մարգարեության մեջ խոսում է նաև հակաքրիստոսի մասին» (տե՛ս 112−րդ հարցի պատասխան): 18−րդ համարում տեղ գտած Հակոբի աղոթական կանչը կա՛մ մասնավոր կապ ունի Դանի մասին մարգարեության հետ (ապագայում հավատից և բարեպաշտությունից Դանի ցեղի ներկայացուցիչների հեռանալու համար ողբալով՝ Հակոբը նրանց հանձնում է Աստծո պաշտպանությանը), կա՛մ էլ վերաբերում է բոլոր ցեղերին (դրանով Հակոբը նպատակ ունի Աստծո օրհնությունն իջեցնել նրանց վրա): Այս բացականչությունը անցում է ապահովում առաջին խմբից, որի գլխավոր ու կենտրոնական կերպարը Հուդան ու իր ցեղն է, դեպի երկրորդ խումբ, որտեղ գլխավոր դերակատությունը պատկանում է Հովսեփի ցեղին: Սա իր մեջ Հուդայի ու Հովսեփի ցեղերի փոխադարձ համերաշխություն համար խնդրանք է պարունակում: Հնարավոր է, որ այս բացականչությունը պարզապես մահացող նահապետի վերջին շնչի աղոթքն է:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Դանը կը դատի իր ժողովրդին Իսրայէլի մէջ մէկ մարդու նման.
(Արարատ թարգ․) Դանը կդատի իր ժողովրդին, Որպես Իսրայելի ցեղերից մեկը:
(Գրաբար) Դան` դատեսցէ զժողովուրդ իւր իբրեւ զմի այր ի մէջ Իսրայէլի.