Ծննդոց գրքի մեկնություն 49:3

Ա. Լոպուխին

3-4․ Ռուբե՛ն, իմ անդրանի՛կ որդի, իմ ուժն ես ու իմ զորության սկիզբ, վեհության կատարելությունը և զորության կատարելությունը: [3]  Ջրի պես եռացի՛ր. առաջին չպիտի լինես, քանզի մտար քո հոր անկողինը ու պղծեցիր իմ մահիճը, որի մեջ մտար: (Սինոդական թարգ․)
   
   Երրորդ համարում խոսվում է բնական և հին եբրայական սովորութային իրավունքի կողմից ընդունելի այն առավելությունների մասին, որոնք ծնունդով պատկանում էին Ռուբենին: Այդ մասին այն նպատակով է խոսվում, որպեսզի ցույց տրվի, որ «չկա ոչ մի օգուտ բնության առավելությունից, եթե դրանք չենք ուղեկցվում կամքի կատարելագործմամբ (սուրբ Հովհան Ոսկեբերան, Ճառ 67): Իբրև Հակոբի անդրանիկ որդի՝ նա տարիների ընթացքում չթուլացած (երկրի անսպառ զորության նման՝ Ծննդ. 4։12) հայրական անխառն, կուսական ուժի մարմնացումն է (եբրայերեն՝ «koach», Յոթանասնից և Ակյուղաս՝ «ισχύς μου», Վուլգաթա՝ «fortitudo mea»): Այնուհետև այս գաղափարը լրացվում է հոմանիշային «իմ զորության սկիզբ» (եբրայերեն՝ «reschit oni») արտահայտությամբ, ինչը ճշգրիտ կերպով փոխանցվում է ռուսերեն Սուրբ Գրքում և նույն իմաստով բազմիցս կիրառվում է Աստվածաշնչում (Բ Օր. 21։17, Սաղմոս. 77։51, 104։36): Յոթանասնիցը նույն միտքն է փոխանցում, բայց ավելի որոշակի. «αρχή τέκνων» (սլավոներեն՝ «անդրանիկ ծնունդ»): Ակյուղասը (κεφάλαιον λύπης), Սյումաքոսն (ἀρχὴ ὀδύνης) ու Վուլգաթան (principium doloris) դա հասկանում են հիվանդության, չարչարանքի իմաստով (ինչպես Ծննդ. 35։18−ում է) և արտահայտում են այն միտքը, որ իր հոր անկողինը պղծելով՝ Ռուբենը իր եղբայրներից առաջինը դառը վիրավորանք և վիշտ պատճառեց իր հորը: Բայց Սյուքեմում արյունալի կոտորածով հորն առաջինը վիշտ էին պատճառել Շմավոնն ու Ղևին (Ծննդ. 34։25-30): Սույն համատեքստում Սուրբ Գրքի այլ հատվածների նմանողությամբ (Բ Օր. 21։17, Սաղմոս. 77։51, 104։36) խոսվում է անդրանկության առավելությունների մասին:

   Շարունակելով խոսքը՝ Հակոբը Ռուբենին անվանում է «վեհության կատարելություն և զորության կատարելություն» (Վուլգաթա՝ «prior in donis, major in imperiis», Ակյուղաս՝ «praestans dignitate, praestans fortitudine», Յոթանասնիցում, հավանաբար, ներկայումս փոխանցված «σκληρὸς φέρεσθαι καὶ σκληρὸς αὐθάδης» տարբերակից այլ կերպ են ընթերցել բնագիրը): Օնկելոսի և Հովնաթանի թարգումների, Միթրաշի ու երանելի Հերոնիմոսի բացատրությամբ (Ա Մնաց. 5։1, 2) նման կերպ նշվում են անդրանկության օրենքով Ռուբենին պատկանող.
   1․ կրկնակի ժառանգությունը
   2․ քահանայական իշխանությունը կամ քահանայապետի պատիվը,
   3․ թագավորական իշխանությունը:

   Նրա փոխարեն առաջինը բաժին ընկավ Հովսեփին, երկրորդը՝ Ղևիին, երրորդը՝ Հուդային:

   4−րդ համարում նշվում է Ռուբենի անդրանկությունից և դրա առավելություններից զրկվելու պատճառները՝ ընդհանուր թեթևամտություն, անխոհեմություն ու անձնապաստանություն (Յոթանասնից` «ἐξύβρισας», եբրայերեն՝ «pachaz» բառի իմաստի համար ընթերցի՛ր Դատա. 9։4, Երեմ. 23։32)։ Վերոնշյալ պատճառների հետևանքով Ռուբենը նմանեցվում է եռացող ջրի (Հոբ․ 24։13−18)։ Սակայն հատկապես կարևոր է հոր մահիճը պղծելով՝ նրա կողմից վերջինիս անվանը պատճառած խոր անարգանքը (Ծննդ. 35։22): Հակոբին շատ խորն էր վիրավորել Ռուբենի անժուժկալության գարշելի փաստը, որին հետագայում հետևեց նույնքան անխոհեմ Աբեսաղոմը (Բ Թագ. 16։22):

   Անդրանկության իրավունքից այս զրկումը՝ «առաջին չպիտի լինես...», Ռուբենի ցեղի հետագա ողջ պատմության ընթացքում հիշեցնում էր իր մասին, ինչի արդյունքում այն Իսրայելի ժողովրդի պատմության մեջ որևէ կարևոր դեր երբեք չունեցավ: Արդեն Մովսեսը Ռուբենի ցեղին ուղղված իր օրհնության մեջ (Բ Օր. 33։6) աղոթքով մաղթում է լոկ այն, որ նրանք չոչնչանան: Դեբորան դատապարտում է Ռուբենի հետնորդների համաժողովրդական պատուհասի՝ ստրկության և ազատագրական պատերազմի նկատմամբ անտարբերությունը (Դատ. 5։15, 16): Հետագայում Ռուբենի ցեղն առաջիններից մեկն է, որն անհետացավ պատմության թատերաբեմից:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ռուբէ՛ն, իմ անդրանիկ որդի, իմ զօրութիւն ու իմ որդիների սկիզբ. դու ինձ հետ խիստ վարուեցիր եւ մեծ յանդգնութեամբ կշտամբեցիր ինձ:
(Արարատ թարգ․) Ո՛վ Ռուբեն, ի՛մ անդրանիկ, Դու իմ ուժն ես ու իմ զորության սկիզբը, Գերազանց պատվով և գերազանց կարողությամբ:
(Գրաբար) Ռոբէն անդրանիկ իմ. դու զաւրութիւն իմ եւ սկիզբն որդւոց իմոց: Խստութեամբ գնացեր. եւ խստութեամբ յանդիմանութեամբ թշնամանեցեր: