Ծննդոց գրքի մեկնություն 50:19

Ա․ Լոպուխին

19-21. Եվ Հովսեփն ասաց. «Մի՛ վախեցեք, քանզի ես երկյուղ ունեմ Աստծուց. [19] Թեպետ դուք իմ դեմ չարիք խորհեցիք, բայց Աստված այն բարիքի վերածեց, որպեսզի անի այն, ինչ եղավ այսօր. որպեսզի բազում մարդկանց կյանք փրկի: Արդ մի՛ վախեցեք. ես ձեզ ու ձեր մանուկներին պիտի կերակրեմ»: Այսպես մխիթարեց նրանց և խոսեց նրանց սրտերի հետ: (Սինոդական թարգ․)

   

   Հովսեփի պատասխանը կրկնում է ավելի վաղ՝ եղբայրներին բացահայտվելիս արտասանած միտքը (Ծննդ. 45:5, 7), այն է՝ մարդկային գործոնն անկարող է կանգնեցնել Աստվածային նախախնամության բարերար ազդեցությունը, որը նույնիսկ չարակամությունն է փոխակերպում բարիքի: Եբրայերեն տեքստում 19−րդ՝ «մի՞թե ես Աստծո փոխանորդն եմ» համարը իմաստային առումով ամբողջությամբ կապվում է բերվածի հետ: Հովսեփը լոկ նախախնամության գործիք է, ինչպե՞ս կարող է հակառակ կանգնել դրա ներգործությանը և վրեժ լուծել (Բ Օր. 32:35): Ռուսերեն «քանզի ես երկյուղ ունեմ Աստծուց» տարբերակը վերցված է Ծննդ. 42:18 համարից և, հնարավոր է, կապվում է սուրբգրային հնագույն ավանդությունից եկող այն հիմնական մտքի հետ, որը կարմիր թելի պես անցնում է ողջ Աստվածաշնչով և բավական նշանակալից կերպով երևան է գալիս Ծննդոցի գրքի վերջում: Ինչ վերաբերում է Հովսեփի անձին, ապա նրա պատասխանը խիստ բնորոշ է իր մեծահոգությանը, Աստծո կամքին հնազանդվելուն և Աստծո ճանապարհների խորհուրդի յուրահատուկ ըմբռնմանը: «Բոլոր առաքինություններով զարդարված այս հրաշալի այրն այնքան հեռու էր հիշաչարությունից, որ հուզվեց նրանց խոսքերից» (սուրբ Հովհան Ոսկեբերան) և սրտագին խոսքերով մխիթարեց նրանց սրտերը:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Յովսէփը նրանց ասաց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ես էլ Աստծու մարդն եմ:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփն ասաց. «Մի՛ վախեցեք, մի՞թե ես Աստծո փոխանորդն եմ:
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա Յովսէփ. Մի երկնչիք քանզի եւ ես Աստուծոյ եմ: