Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Ժողովրդին տեսնելով՝ Նա բարձրացավ լեռը, և երբ նստեց, Նրա մոտ եկան Իր աշակերտները»։
Տե´ս, թե Քրիստոս որքան հեռու էր պատվասիրությունից և հպարտությունից։ Նա ժողովրդին Իր հետևից քարշ չէր տալիս, այլ երբ անհրաժեշտ էր բժշկել, Նա Ինքն էր գնում ամենուր՝ այցելելով քաղաքներ և գյուղեր։ Իսկ երբ մեծ բազմություն էր հավաքվում, Նա նստում էր մի վայրում` ո´չ քաղաքում, ոչ էլ հրապարակի կենտրոնում, այլ լեռան վրա կամ անապատում՝ այդպիսով մեզ սովորեցնելով, որ ոչինչ չպետք է անել ցուցադրաբար, այլ հարկ է խուսափել աղմուկից, հատկապես երբ պետք է մտասուզվել և խորհել կարևոր հարցերի մասին։
Երբ Նա բարձրացավ և նստեց, աշակերտները մոտեցան Նրան։ Տեսնո՞ւմ ես, թե ինչպես են նրանք առաջադիմում առաքինության մեջ և որքան արագ են ավելի լավը դառնում։ Ժողովուրդը նայում էր հրաշքներին, իսկ ահա աշակերտներն արդեն ցանկանում էին վսեմ և զորավոր խոսքեր լսել։ Հենց դա էլ Քրիստոսին դրդեց նախաձեռնել Իր ուսուցումը և սկսել քարոզչությունը։
Հիսուս ոչ միայն բժշկում էր մարմինները, այլ նաև բժշկում էր հոգիները, և հոգիների մասին հոգատարությունից դարձյալ անցում էր կատարում մարմինների մասին խնամք տածելուն՝ տարանջատելով թե´ մեկի և թե´ մյուսի անհրաժեշտությունը (օգուտը) և միաժամանակ Իր բանավոր ուսուցմանը միաձուլելով հրաշքների իրագործումը։ Ինչպես հոգու, այնպես էլ մարմնի մասին Իր այս հոգատարությամբ Քրիստոս ըմբերանում է հերետիկոսների անամոթ շուրթերը՝ այդպիսով ցույց տալով, որ Նա է կատարյալ (իրական և հավիտենական) կյանքի պատճառը։ Ահա թե ինչու էր Քրիստոս այսօրինակ խորին հոգատարություն ցուցաբերում մարդկանց թե´ մարմնի և թե´ հոգու նկատմամբ՝ բժշկելով երբեմն մարմինները, երբեմն էլ` հոգիները։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
1-2. Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լերան վրայ: Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել.
Եվ տեսնելով ժողովրդին՝ [Հիսուսը] բարձրացավ լեռը:
Տե՛ս Նրա անփառասիրությունը: Ո՛չ թե քաղաքներում ու գյուղերում էր նրանց հետ շրջում, այլ անապատում ու լեռներում, որպեսզի մեզ խրատի փախչել մարդկային բոլոր վայրաքարշ կրքերից և Նրա հետ հոգով բարձրանալ իմաստության իմանալի լեռը, ինչպես աշակերտները՝ այնժամ, և այդ բարձրությունից նայել ներքև, տեսնել ստորին աշխարհում մեղքերով բռնվածներին և փախչել նրանցից: Նայել նաև իբրև դիտանոցից և այնտեղից տեսնել երկնքի արքայությունն ու դրախտի վայելչությունը և ցանկալ դրանք, որոնք Տերն ասես մատնացույց է անում [այս լեռան վրա Իր նշած] երանությունների մասերով: Այլև այն նպատակով է նրանց տանում անապատ, որ բոլոր կողմերից ապահով լինելով՝ խոսքն ուշադրությամբ ունկնդրեն, ինչպես որ ովքեր երեխաներին դաս են տալիս, անաղմուկ տեղեր են տանում, որպեսզի [աշակերտներն] իրենց միտքն այլ բաներով չզբաղեցնեն և հեշտությամբ սովորեն: Այդպես էլ [Աստված] Իսրայելի ժողովրդին ոչ թե Եգիպտոսում տվեց կյանքի պատգամները, այլ անապատում. այնտեղ՝ խավարի և մեգի միջից, այստեղ՝ Իր մարմնի, որն իբրև մեգ ծածկել էր Նրա աստվածությունը. այնտեղ՝ սաստկությամբ՝ ըստ նրանց սրտի խստության, այստեղ՝ քաղցրությամբ ու վճիտ լույսով:
Եվ երբնստեց, Նրա աշակերտները մոտեցան Նրան: Եվ բերանը բացելով՝ սովորեցնում էր նրանց ու ասում:
Բազմեց Կյանքը՝ բաշխելու կյանքի կերակուրն ընդդեմ այն մահաբեր ճաշակման, որն առաջին մարդն ընդունեց օձի բերանից (Ծննդ. 3:1–19): Եվ բացելով բերանը՝ բխեցրեց կենդանի ջուրը՝ հանգցնելու այն կրակը, որը վառվեց Եվայից: Երբ լուռ էր, նրանց մարմինն էր բժշկում, իսկ երբ խոսում էր, առողջացնում էր նրանց հոգին, որպեսզի ցույց տար, որ Ինքն է հոգիների և մարմինների արարիչը, ով խնամք է տանում երկուսին էլ:
Բայց ինչո՞ւ է ընդհանուրի [համար նախատեսված] օրենքները աշակերտներին ուղղելով ասում: Քանի որ պատրաստվում էր երկնային օրենքներ սահմանել՝ մարմնով աղքատանալ և միշտ սգալ, հալածվել և այլն, ուստիև խոսքի սկիզբն ուղղում է ամեն ինչից հրաժարված աշակերտներին, որպեսզի այդ օրենքներն աշխարհասերների համար ծանրատաղտուկ չթվան, այլ [աշակերտներին] նախանձելով՝ [աշխարհասերները] ևս ցանկանան նրանց երանություններին հասնել: Ղուկասը պարզորոշաբար ասում է. «Աչքերը բարձրացրեց դեպի Իր աշակերտները» (Ղուկ. 6:20), իսկ [Մատթեոսն ասում է]. «Երբ նստեց, աշակերտները մոտեցան Նրան»: Քանի որ նրանք կատարյալ էին, նրանց չէր պատվիրում, ինչպես ապերախտ Իսրայելին, միայն հեռանալ չարիքներից, այլ երանություններով հորդորում էր դեպի բարի գործերը: Ինչպես Դավիթ [թագավորը] երանությունից է սկսում սաղմոսագիրքը(2)՝ լսողներին հորդորելով հետևել երանական գործերին, այդպես էլ Դավթի՝ ըստ մարմնի Որդին Իր վարդապետության սկզբում երանությունն է դնում, որպեսզի այս երանությունների ինը աստիճաններով, որոնք նախապատկերել էր Հակոբի [տեսիլքի] սանդուղքը (Ծննդ. 28:10–16), մարդկանց բարձրացնի երկինք: Ուստի ասում է.
Ստեփանոս Սյունեցի (†735)
1-11․ «Եվ Հիսուս, տեսնելով ժողովրդի բազմությունը, բարձրացավ լեռան վրա: Եվ երբ այնտեղ նստեց, Նրա մոտ եկան Իր աշակերտները, և Նա, բացելով իր բերանը, ուսուցանում էր նրանց և ասում. Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն: Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն: Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան: Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն: Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն: Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն: Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն: Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն և հալածեն և իմ պատճառով ձեզ ամեն տեսակ չար խոսքեր սուտ ասեն»:
Փրկիչը ելնում էր լեռան վրա՝ Իրենից [հեռու] թողնելով ժողովրդի աղմուկը, Իր հետ վերցնելով աշակերտներին, որոնց արժանացրեց լինելու Իր խորհրդակիցները: Եվ թվում է, թե ոչ միայն տեսանելի լեռ բարձրացավ, այլև մանավանդ անտեսանելին: Նրան նմանվեց նաև Մովսես, որ [լեռ բարձրանալով] խոսեց նախապես խոստացված Ավետյաց երկրի մասին, որ [Աստված] խոստացավ պարգևել Աբրահամին և նրա ճշմարիտ որդիներին, ոչ նրանց, ովքեր ըստ մարմնի են ծնված, այլ ըստ արդար գործերի, թեկուզև քարերից ծնված և առաջացած լինեն:
Առաջին երանիում ասված է. «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»: Մեկը կհարցնի՝ ո՞րն է հոգով աղքատների և հեզերի տարբերությունը, և ինչո՞ւ ասվեց՝ հոգով աղքատներինն է երկնքի Արքայությունը, իսկ հեզերին՝ Ավետյաց երկիր ժառանգելը, և դարձյալ, կա՞ արդյոք զանազանություն երկնքի արքայության և Ավետյաց երկրի [միջև]:
Արդ, վերևում ասված աղքատ և հոգով տառապյալը նա՛ է, ով բարձրությունից իրեն խոնարհեցրեց, ինչպես և Քրիստոս, Իրեն ունայնացնելով, ծառայի կերպարանք առավ, որը հակառակ է ապստամբ վիշապին, ով ստեղծվելով որպես ծառա` իր անձը չնչին վիճակից բարձրացրեց և կամեցավ տիրոջ և արարչի կերպարանք առնել:
Իսկ հոգով հեզ ասվեց նա, ով բնությամբ իսկ [այդպիսին է] և ոչ [թե] բարձրությունից խոնարհվելով ունեցավ հոգու հեզությունը, ինչպես որ Մովսեսի մասին ասվեց. «Մովսեսը ավելի հեզ էր, քան երկրի վրա ապրող մյուս մարդիկ» (Թվ․ 12։3): Նույնպես և երանելի Դավիթը, ով առավել հեզությունից ողբում էր նաև իր թշնամիների կործանումը: Եվ այսպես են միմյանցից զատորոշվում հեզերն ու հոգով տառապածները:
Ինձ թվում է՝ աղքատն ու հոգով տառապածը [ավելի] վեհագույն են, քան հեզը, քանի որ մեկը բարձրությունից խոնարհվեց և կամավոր հոժարությամբ աղքատացրեց [իր] անձը, իսկ մյուսը ըստ բնության է [այդպիսին]: Իսկ ավելի [վեհագույն է], եթե երկուսն էլ կամավոր հոժարությամբ են լինում: Քրիստոս աղքատությունը [ձեռք բերեց] կամավոր հոժարությամբ, իսկ հեզությունը [ուներ] բնությամբ, քանի որ հոգով աղքատությունը ավելի մեծ է, քան հեզությունը:
«Երանի՜ նրանց, որ քաղցը և ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան»: Կենդանի մարմիններում քաղց և ծարավ է զգացվում [այն ժամանակ], երբ պինդ կերակրի կամ հեղուկ ըմպելիքի պակաս է լինում: Եվ երբ այսպիսի պակասություն է լինում, կենդանիները ցանկանում են կերակրով և ըմպելիքով լրացնել առաջացած պակասությունը: Սակայն Աստծու Միածին Որդին այս քաղցածներին չէ, որ երանի տվեց, այլ նրանց, ովքեր տենչում են արդարության հասնել և այդ կերակրով են ցանկանում փութապես կերակրվել: Այսպիսիները իրավամբ երանելի են, քանի որ թողած մարմնական կերակուրների ցանկությունը՝ բաղձում են արդարության՝ ճշմարիտ կերակուրին, ուստի և պիտի կերակրվեն բոլորին Կերակրողից, [քանի որ] գիտեն Ումից անմիջապես խնդրել կերակուր: Սրանք չեն լսի այն խոսքը, թե խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարաչար եք խնդրում (Հակ. 4:3): Սակայն այս խոսքը լսելու են նրանք, ովքեր խնդրում են մարդկային կերակուր և նույնպիսի երկրային փառք:
«Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն»: Որովհետև ողորմությունն ավելի մեծ է, քան բազում բարի գործերը: Նաև Ղուկաս ավետարանիչը մեզ ուսուցանեց Կոռնելիոսի մասին՝ ասելով, թե [Կոռնելիոս] քո աղոթքներն ու քո ողորմությունները հիշատակվելով՝ Աստծու առաջ ելան (Գործ. 10:4): Նաև [Հակոբոս առաքյալի] ընդհանրական [թղթում է ասվում]. «Ողորմությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակ. 2:13): Այս մասին ասվեց նաև Եսայի մարգարեի միջոցով, և ողորմության մեծությունը զեկուցվեց. «Քաղցածների՛ն բաժանիր քո հացը, անօթևան աղքատների՛ն տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր: Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ. մինչև դու խոսես, (դեռ խնդրանքներդ չավարտված քո շուրթերի վրա), [Նա] պիտի ասի, թե՝ ահա հասել եմ» (Ես․ 58:7-9):
«Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն»: Ովքեր մաքուր են հոգեղեն սրտով և ամեն աղտից մեկուսացած, այսպիսիները մարգարեությունից հեռու չեն: Իսկ մարգարեները հոգու աչքերով տեսնում են Աստծուն [այնպես], ինչպես ստեղծվածը կարող է տեսնել Ստեղծողին: Եվ այս հայտնապես ցույց տրվեց մարգարեների կողմից, ինչպես Եզեկիելն է ասում, թե տեսա Աստծուն, որ նստած էր Քերովբեների վրա (տե՛ս Եզեկ. Ա): Իսկ Եսային բարձրաձայն գոչում է. «Տեսա Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերացած աթոռին, ... և Սերովբեներ Նրա շուրջը» (Ես․ 6:1-2): Նաև Փրկիչն ասաց Փիլիպոսին. «Այսքան ժամանակ Ինձ հետ եղար, Փիլիպո՛ս, և չտեսար Իմ Հորը. ով տեսավ Ինձ, ինչպես պարտ է տեսնել Աստծու Միածին Որդուն, տեսավ նաև Իմ Հորը»: Նույնպես և Միքիան «Թագավորություններ» գրքում թագավորներին ասաց. «Տեսա երկինքը բացված և հրեշտակներ Աստծու առջև» (հմմտ. Գ Թագ. 22:19):
Բայց մեկը կհարցնի, թե ինչո՞ւ ասվեց՝ Աստծուն ոչ ոք չի տեսել, իսկ այստեղ ասվում է, թե սրտով մաքուրներն Աստծուն պիտի տեսնեն: Այս մասին պիտի ասենք, թե ըստ բնության գոյացության ստեղծվածին անհնար է տեսնել Արարչին: Բայց ովքեր սուրբ սրտով ճանաչում են, թե [Աստված] տեսանելիների և անտեսանելիների Ստեղծիչն է և նախախնամում է բոլոր արարածներին, և թե Քրիստոս Լույս է, Ճշմարտություն, Կենդանություն, Հարություն, և կատարում են Նրա բոլոր հրամանները, այսպիսինի համար ասաց, թե պիտի տեսնի Աստծուն՝ տեսնելով Նրա զորությունն ու ներգործությունը: Սրտի այս սրբությունը մաղթում է նաև սաղմոսերգուն՝ Աստծուն տեսնելու համար. «Որպեսզի բացվեն նրա աչքերը, և տեսնի Նրա օրենքների հրաշալիքները» (հմմտ. Սաղմ. 118:18):
«Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն»: Աստծու Որդին ասվում է Մեծ, քան բոլոր խաղաղարարները, Ով քանդեց բաժանող պատնեշը և երկնավորների ու երկրավորներիս միջև խաղաղություն հաստատեց: Ուստի և Իր աշակերտներին ասաց. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ» (Հովհ. 14:27):
Նրա մասին գրվեց յոթանասունմեկերորդ սաղմոսում, որտեղ ասվում է. «Աստվա՛ծ, դատաստանդ արքայի՛ն տուր և արդարությունդ՝ թագավորի որդուն» (Սաղմ. 71:2): Ինքն Արքա է, նաև Արքայի Որդի: Դատաստանը խնդրում էր Հորից ստանալ՝ որպես Հոր Որդի, որովհետև ասաց. «Հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է Իր Որդուն» (Հովհ. 5:22): Նաև արդարությունն էր խնդրում Հորից, ինչպես ճշմարիտ մարդ, բայց ոչ ինչպես Որդի, որովհետև Ինքն էր Արդարության Արեգակը: Արդ, այս պատճառով հիշվեց այս սաղմոսը, որովհետև այն Սողոմոնին է վերագրված, սակայն ոչ թե Դավթի այն որդուն, ով Բերսաբեից էր, այլ Մեծն Սողոմոնին, արարածների Արարչին, քանի որ Սողոմոն բառը եբրայերենից թարգմանվում է խաղաղասեր, այս պատճառով Սողոմոնին վերագրվեց:
Ապա ուրեմն նրա՛նք, ովքեր նմանվում են Մեծ Խաղաղարարին և խաղաղություն են տալիս բանսարկուի խորհրդով միմյանցից բաժանված մարդկանց, ևս առավելապես նրանք, ովքեր բարեպաշտությունից հեռացած մարդկանց [Տիրոջ] վարդապետությամբ հաշտեցնում են Աստծու հետ, և առավել ևս [իրենք] իրենց բարի գործերով և իմանալի արտասուքներով և այլ առաքինություններով [հաշտ են Աստծու հետ], ինչո՞ւ պիտի չկոչվեն Աստծու որդիներ:
«Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»: Քրիստոսի՝ արդարության Արեգակի համար շատերը բռնավորների կողմից հալածվեցին՝ այրերում և խորշերում, շատերն էլ սրով ու տանջանքներով և նույնիսկ իրենց մարմիններից հալածվեցին, ինչպես երանելի Պողոսին նմանվողները, որը իսկապես հալածանք է Քրիստոսի սիրո համար, որոնց ո՛չ սուրը, ո՛չ հալածանքը, ո՛չ մահը և ո՛չ էլ երկրային կյանքի [հանդեպ] սերն ու կարիքներով զբաղվածությունը չեն կարող բաժանել Քրիստոսի սիրուց (Հռոմ. 8:35-36): Սրանցն է երկնքի արքայությունը, ինչպես նաև հոգով աղքատներինը, ովքեր Քրիստոսին նմանվելու համար աղքատությամբ ժառանգում են երկնքի արքայությունը:
«Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն իմ պատճառով, ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ, ասեն»:
Երանի է տալիս առաքյալներին այն ժամանակների համար, երբ նրանք պիտի նախատվեն, հալածվեն և ամեն տեսակ չար խոսք լսեն: Սակայն երանելի չէ նա, ով իր անմտության [պատճառով] է հալածվում, քանի որ շատերը կախարդության համար արտաքսվեցին, նախատվեցին և ամեն տեսակի չար խոսք լսեցին, սակայն արդարության և բարեպաշտության համար չէ, որ հալածվեցին, թեպետև լսեցին ամեն տեսակի չար խոսք, սակայն ճշմարտությամբ և ոչ ստությամբ: Սրանք չեն դառնում երանելի, այլ մանավանդ նախատելի են և արժանապես մերժելի: Իսկ ովքեր Քրիստոսի համար են հալածվում, նախատվում և ամեն տեսակ չար խոսք լսում, նրանք են երանելի: Հալածանք և նախատինք էլ կա, որ [պատահում է] հիմար մարդկանցից, սակայն սա ճշմարիտ հալածանք չէ, նույնպես՝ չար և սուտ խոսքերի [դեպքում]:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
1-2․ Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լերան վրայ: Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել.
Առաքյալների ընտրությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հիսուս Իր աշակերտներով գտնվում էր Կափառնայումի լեռան գագաթին: Երբ Հիսուս այդ պաշտոնական գործն ավարտեց, նորընտիր առաքյալների և մյուս աշակերտների հետ միասին իջավ լեռան գագաթից երկու գագաթների մեջ գտնվող տափարակը, ուր արդեն խռնված էր ժողովրդի բազմությունը, որ եկել էին Պաղեստինի բոլոր կողմերից՝ Հրեաստանից, Երուսաղեմից, Բերեայից և Տյուրոսի ու Սիդոնի ծովեզերքից, և ի հարկե, Գալիլիայից էլ շատերն էին եկել: Սա այն բազմությունն էր, որ օր առաջ Տիբերեա ծովակի եզերքին շրջապատել էր Հիսուսին և Հիսուսի լեռ բարձրանալու առիթով փութացել էր լեռն ի վեր հետևել Նրան՝ նպատակ ունենալով Նրա վարդապետությունը լսել, հիվանդություններից բժշկվել և պիղծ դևերից ազատվել: Ամենքի փափագն ու ջանքն էր մոտենալ Հիսուսին՝ «մերձենալ ի նա»: Եվ իրոք էլ, բոլոր մոտեցողները, ովքեր կամ Հիսուսին էին դիպչում կամ Նրա հայացքի առջև հայտնվում, իսկույն բժշկվում էին: Բժշկվողների թիվը ոչ կարելի էր հաշվել և ոչ էլ քանակը որոշել, քանզի Հիսուսի կարողությունը չափ չուներ.«Զօրութիւն բազում ելանէր ի նմանէ»։
Հիսուսն այստեղ Իր գլխավոր քարոզներից մեկը խոսեց, որ Ավետարանի մեկնիչների կողմից ճանաչվում է «Լեռան Քարոզ» անունով, իսկ լեռը, ինչպես արդեն հիշեցինք ( Մարկ․ 3։12-15), Կափառնայումի լեռն է, որը քրիստոնյաները Երանիների Լեռ են կոչում, որովհետև լեռան քարոզը Երանիներով է սկսվում: Սույն քարոզը շատ ընդարձակ կերպով, երեք գլուխների մեջ ներկայացնում է Մատթեոսը, որոնք ընդհանուր առմամբ 107 համարներ են կազմում, իսկ Ղուկասը ավելի համառոտ կերպով ամփոփում է 30 համարների մեջ: Հիսուսի խոսքերը սղագրությամբ բառ առ բառ ներկայացված չեն, այլ ամփոփ ոճով են հիշվում վարդապետությունները, իսկ դրանք էլ դարձյալ տարբեր կերպով ամփոփված են երկու ավետարանիչների կողմից, թեպետ խոսքերի ուղղվածությունն ու հիմքը երկուսի մեջ էլ նույնն է: Մատթեոսն իր Ավետարանի սկզբում վարդապետությունն ընդարձակորեն և հետո հրաշքները շարունակաբար գրած լինելով, անշուշտ, զանազան առիթներով խոսվածներն ի մի հավաքելու նպատակ է ունեցել: Բայց սա ոչնչով չի բաժանում Լեռան Քարոզի ամբողջությունը, որ ավետարանական բարոյականի գերազանց և գերբնական սկզբունքների հրաշալի մի հյուսվածք է:
Հնարավոր չէ մեկ հոդվածով ամբողջ լեռան քարոզի ամփոփումն ու բացատրությունը տալ, հետևաբար, պարտավորվում ենք այն զանազան մասերի բաժանել: Ըստ այսմ, թե՛ եկեղեցու ընթերցվածների մեջ ընդունված բաժանումը, և թե՛ ներքին իմաստի կապակցությունը նկատի առնելով, հարմար ենք գտնում հետևյալ կերպով բաժանել Լեռան Քարոզի մասերը:
Ա. մաս. Աշակերտների կոչման ներքին և արտաքին երեսների հարաբերությունները «Մատթ. 5։3-16»:
Բ.մաս. Նոր օրենքում Հին օրենքի պատվիրանների ստացած նշանակությունը «Մատթ. 5։17-48»:
Գ.մաս. Երեք մեծ բարեպաշտական գործեր կատարելու եղանակը «Մատթ. 6։1-18»:
Դ.մաս. Անհատական կյանքի կատարելության պայմանները «Մատթ. 6։19-31»:
Ե․ մաս. Ընկերային կյանքում նկատվելիք սկզբունքները «Մատթ. 7։1-23» և իր քարոզի վերջաբանը «Մատթ. 7։24-27»:
Անհրաժեշտություն չենք տեսնում մանրամասն հետազոտությունների մեջ մտնել, թե ում ուղղեց Հիսուսն Իր քարոզները՝ մասնավորապես իր աշակերտներին, թե ընդհանրապես ժողովրդին: Ավետարանի պատմության համաձայն բազմությունը հավաքված էր լեռան տափարակի վրա և չի ասվում, թե Նա խոսեց ժողովրդի ցրվելուց հետո: Մյուս կողմից էլ Մատթեոսի Ավետարանում կարդում ենք, թե «Մատեան առ նա աշակերտքն նորա․ եւ բացեալ զբերան իւր ուսուցանէ զնոսա»: Ղուկասն էլ ուշադրության է հրավիրում այն, թե Հիսուս «Ամբարձ զաչս իւր յաշակերտսն իւր»: Ուրեմն, Հիսուս Իր քարոզն ուղղեց թե՛ նորընտիր Տասներկուսին՝ որպես նրանց վարդապետության ծրագիր, թե՛ մյուս աշակերտներին՝ որպես հիմնական վարդապետության ամփոփում, և թե՛ նրանց հետևում խռնված ժողովրդին՝ որպես ընդհանուր խրատաբանություն կամ մեկ խոսքով՝ ուղղակիորեն խոսեց աշակերտների համար, իսկ անուղղակի՝ ժողովրդի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: