Ա. Լոպուխին
Աստծո որդիները, տեսնելով որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, կին առան նրանց, ում ընտրեցին։ (Սինոդական թարգ․)[2]
Աստծո որդիները, տեսնելով որ մարդկանց դուստրերը... Սա Աստվածաշնչի ամենադժվար մեկնաբանելի տեղերից մեկն է. հիմնական դժվարությունն այն է, թե այստեղ «Աստծո որդիներ» ասելով ու՞մ պետք է հասկանալ: Ոմանք, գերազանցապես հրեական ռաբբիները, հիմք ընդունելով «էլ» (աստվածային) արմատի բանասիրական նշանակությունը, ենթադրել են որ նրանք եղել են մեծատոհմիկների և իշխանների որդիներն ու ընդհանրապես բարձր և ազնվական դասի ներկայացուցիչները, որոնք իբր թե ամուսնացել են հասարակության ցածր խավի աղջիկների հետ: Այստեղից «Աստծո որդիներ» տերմինը լատիներեն տեքստում թարգմանվել է filii illustrium, Օնկելոսի թարգումի (Հին Ուխտի թարգմանության) մեջ filii principium, Սիմաքոսի մոտ՝ υίοί τών δυναστευόντων: Սակայն այս բացատրությունը ոչ մի դրական քննադատության չի դիմանում, լինելով կատարելապես ինքնակամ և չբացատրելով նշված փաստի հետագա զարգացումները:
Հնադարի հրեական և քրիստոնեկան այլ մեկնիչների մեծ մասը ժամանակակից ռացիոնալիստների հետ միասին «Աստծո որդիներ» անվան ներքո հասկանում է հրեշտակներին: Այս կարծիքը, հանգամանորեն զարգացած լինելով Ենոքի և Հոբելյանների պարականոն գրքերում ու Փիլոնի ստեղծագործություններում, քրիստոնեական ժամանակաշրջանի առաջին դարերում վայելում էր այնպիսի մեծ հեղինակություն, որին նույնիսկ համակարծիք էին Եկեղեցու շատ հայրեր ու վարդապետներ (Հուստինոս Փիլիսոփա, Իրենեոս, Աթենագորաս, Կղեմես Ալեքսանդրացի, Տերտուղիանոս, Ամբրոսիոս և ուրիշներ): Թեպետև ճիշտ է, որ «Աստծո որդիներ» եզրույթի ներքո Աստվածաշունչը երբեմն, առավելապես բանաստեղծական հատվածներում, հասկանում է «հրեշտակներին» (Հոբ. 1:6, 2:1, 38:7 և այլն), այնուամենայնիվ, ինչպես տվյալ պատմության կոնտեքստը և դրա դրական-պատմական բնույթը, այնպես էլ բանասիրական, դոգմատիկ պահանջները թույլ չեն տալիս հակվել դեպի այդ կարծիքը: Վերոնշյալ երկու կարծիքների թերություններից խուսափող և բանասիրական, տեքստային, պատմական-դոգմատիկ բոլոր պահանջներին բավարարող, միակն ու ճշմարիտը համարում ենք երրորդ կարծիքը, ըստ որի, «Աստծո որդիներ» անվամբ պետք է ընկալել բարեպաշտ «սեթականներին»: Այդ մոտեցմանը կողմնակից են իրենց մեկնողական ստեղծագործություններով հայտնի Եկեղեցու հայրերի մեծամասնությունը (Հովհան Ոսկեբերանը, Եփրեմ Ասորին, երանելի Թեոդորիտը, Կյուրեղ Երուսաղեմացին, Հերոնիմոսը, Օգոստինոսը և ուրիշներ) և մի շարք ժամանակակից մեկնիչներ (Քեյլի գլխավորությամբ): Այս կարծիքը լիովին հիմնավորված է բանասիրության տեսանկյունից, քանի որ «Աստծո որդիներ» անվանումը Սուրբ Գրքի երկու կտակարաններում (Բ Օր.14:1, Սղ. 72:15, Իմաստ. 16:26, Ղուկ. 3:38, Հռոմ. 8:19, Գաղատ. 3:26 և այլն) հաճախ վերագրվում է բարեպաշտ մարդկանց: Այս իրողությանը նպաստում է նաև նախորդ պատմությունը, որտեղ Սեթի սերնդի թվարկման ժամանակ որպես սկիզբ նշված է Աստծո անունը, որով, կարծես թե, բոլոր սեթականները ներկայացվում են իբր Նրա զավակները: Նույն բանն ավելի հստակորեն մատնանշվում է 4-րդ գլխի վերջին համարում (Ծննդ. 4:26), ուր ասվում է, որ Ենոսի օրերին սեթականները սկսեցին հանդիսավորապես կանչել Աստծո անունը և ի պատիվ Նրա իրենք իրենց անվանել «Աստծո հետևորդներ», ինչն իր իմաստով բացարձակապես նույնական է «Աստծո որդիներ»-ի հետ: Ի վերջո, սրա օգտին է խոսում Աստծո որդիների և մարդկանց դուստրերի միջև կայացած ամուսնությունների հենց բնույթը. ըստ այստեղ օգտագործված աստվածաշնչյան արտահատության իմաստի, դրանք չեն եղել ժամանակավոր և անբնական (ինչպիսին կարող էր լինել հրեշտակների հարաբերությունները կանանց հետ), այլ սովորական, կայուն ամուսնություններ՝ իրավաբանորեն ճիշտ, թեև բարոյական առումով հանցավոր:
Տեսնելով որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են... Եթե մենք վերհիշենք, որ կայենուհիներին բնութագրելիս մարմնական գեղեցկությունն ու զգայական գրավչությունը առաջին տեղում էին (Ադդա, Սելլա, Նոյեմա), ապա պարզ կդառնա, որ Ծննդոցի հեղինակն այստեղ խոսում է հենց կայենուհիների մասին: «Աստծո որդիներ»-ի և «մարդկանց դուստրեր»-ի այսպիսի ընկալման դեպքում, մեզ համար լիովին հասկանալի են դառնում նաև նրանց հակադրումը. և՛ մեկը, և՛ մյուսը միևնույն նախնադարյան մարդկության ներկայացուցիչներն են: Սակայն, բնույթով լինելով նման, նրանք հակադիր են իրենց հոգևոր-բարոյական կերտվածքով: «Աստծո որդիներն» եղել են ամենայն բարու, վսեմի ու լավի արտահայտողները, իսկ «մարդկանց դուստրեր»-ը մարմնավորել են երկրային զգացական հակումներ, այս աշխարհի մեղավոր հոգին: Բայց այդ հակադրությունն անհետանում է՝ Աստծո որդիները խառնվում են մարդկանց դուստրերի հետ, որով ջնջվում է բարու և չարի միջև եղած սահմանը, և տրվում է լիարժեք իշխանություն մարմնի նսեմ, զգացական մղումներին, ի վնաս հոգու վեհ ձգտումների:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Աստծու որդիները, տեսնելով որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, կին առան նրանց, ում ընտրեցին:
(Արարատ թարգ․) Աստծո որդիները, տեսնելով, որ գեղեցիկ էին մարդկանց դուստրերը, նրանցից ընտրում և իրենց համար կին էին առնում:
(Գրաբար) Տեսեալ որդւոցն Աստուծոյ զդստերսն մարդկան զի գեղեցի՛կ էին, առին իւրեանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: