Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Բայց երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե քո աջն ի՛նչ է անում»:
Դիմակազերծելով կեղծավորներին և ունկնդիրների առջև խայտառակելով նրանց` Քրիստոս կրկին բժշկում է սնափառության ախտով տառապողների հոգիները և, ասելով, թե ինչպես չպետք է ողորմություն անել, ցույց է տալիս, թե ինչպե´ս պետք է ողորմություն տալ։ Եվ ինչպե՞ս պետք է անել։ «Թող քո ձախ ձեռքը չիմանա, - ասում է Նա, - թե քո աջն ի՛նչ է անում»։ Այստեղ Նա կրկին նկատի չունի հենց ձեռքերը` ուղիղ իմաստով, այլ այս խոսքով առավել է ընդգծում Իր միտքը. եթե հնարավոր է, - ասում է Նա, - որ նույնիսկ դու ինքդ էլ չիմանաս, և եթե հնարավոր է ողորմությունդ «թաքցնել» նույնիսկ քեզ ծառայող ձեռքերից, ապա փորձի´ր դա այդպես անել։ Ուստի այս խոսքերին բավարար բացատրություն չեն տալիս նրանք, ովքեր կարծում են, թե Փրկիչն այսպիսով հրամայում է ողորմությունը թաքցնել վատ մարդկանցից։ Այստեղ Նա հրամայում է առհասարակ բոլորից թաքցնել ողորմությունը։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Այլ երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը,
Բայց երբ դու ողորմություն ես գործում, թող ձախդ չիմանա, թե աջդ ինչ է անում:
Նախ՝ չափազանցությամբ է խոսում և ոչ թե [իսկապես] ձեռքերի մասին ակնարկում՝ [ասես ասելով], թե, եթե հնարավոր է, ջանա անգամ ձեռքերդ չիմանալ, որոնք օգնում են ողորմություն գործելուն: Ճիշտ չեն ոմանք, որ ասել են, թե [սա ասվում է ողորմությունը] որոշ չար [մարդկանցից] թաքցնելու համար, որովհետև [Տերը] հրամայեց բոլորի՛ց գաղտնի գործել: Երկրորդ՝ աջիդ գործը ձախին մի՛ հանձնիր, ասում է, այսինքն՝ ձախ ձեռքով մի՛ տուր ողորմությունը, որը պիտի աջով անես, որովհետև վերցնողները կկարծեն, թե ստիպված ես օգնում և ոչ թե հոժարությամբ: Երրորդ՝ որպես աջ ենք ճանաչում ողորմությունը և ձախ՝ փառասիրությունը. ուստի [Տերը] խրատում է՝ թող փառասիրության ախտը չիմանա ողորմության շնորհը, որովհետև «իմանալն» [այստեղ փառասիրության] ախտով բռնված լինելն է: Չորրորդ՝ աջ է կոչում հոգևորը և ձախ՝ մարմնավորը՝ ըստ այսմ. «Իմաստունի սիրտը նրա աջ կողմում է, իսկ անմիտինը՝ ձախ» (Ժող. 10:2): Ուստի երբ միտքը նկրտում է միշտ Աստծո սիրո փափագով տոգորվելու՝ օրենքով մատուցված Նրա կամքը կատարելով, այդ ժամանակ ձախ մարմինը չի հակառակում մտքի օրենքին, այլ հոգու կամքը [նրան] նվաճելով հնազանդեցնում է իրեն, և հոգին, տիրելով մարմնի վրա, որպես ղեկավար՝ մարմնի անդամները շարժում է պիտանի գործի համար, ուստի մարմինը, նսեմ կյանքի պատճառով, չի իմանում հոգու գործը, ինչպես քնարը՝ երաժշտի մատների շարժումը՝ ըստ այսմ. «Ծառան չգիտի, թե իր տերն ինչ է անում» (Հովհ. 15:15): Բայց սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ հոգին ողորմում է մարմնի խավարային կյանքին:
Իսկ ի՞նչ է այն, թե՝ «երբ ողորմություն ես գործում»: Այսինքն՝ քեզ ստիպելով չեմ բռնադատում ողորմություն գործելու, որովհետև անձնիշխան ես. հարկադրաբար արվածը երկար չի մնում, այլ երբ էլ որ լինի, թող հոժարությո՛ւնդ քեզ ողորմության շարժի. սա՛ է ձևը, ինչպես ասացինք: Նաև սովորեցնում է, որ ողորմության համար հարմար են բոլոր ժամանակները և ոչ թե մի ժամանակ:
Ստեփանոս Սյունեցի (†735)
3-4. Այլ երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը,որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս»:
«Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես»:
«Թող չիմանա, -ասում է, -քո ձախը, [թե] ինչ է գործում քո աջը»: «Աջ ձեռք» ասելով՝ ոչ տեսանելիներն է [ակնարկում, ինչը] ամենքին հայտնի է, քանզի ինչպես կարող է ձախը իմանալի լինել՝ չիմանալով, թե ինչ է անում աջը և կամ ինչպես է արդյոք աջը գործում: Ապա, ուրեմն, պետք է իմանալ, որ աջը հոգու հաջողակ զորությունն է և բոլոր հորդահոս բխած առաքինություններն ու ողորմությունները: Իսկ ձախը հոգու առաքինության ընդդիմակա զորություն է, որը հորդորում և հոժարեցնում է գործել ամեն ինչ, որ դեմ է առաքինությանը և ողորմությանը:
Արդ, հրամայում է ոչ միայն մարդկանց առջև ողորմություն չանել, այսինքն՝ ի ցուցադրություն մարդկանց, սնափառության համար, այլև իր ձախ զորություններին [ցույց չտալ ողորմությունը], այսինքն՝ հաջողակ զորության բարությամբ առաջխաղացումը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Այլ երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: