Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Ուրեմն մի՛ մտահոգվեք ասելով՝ ի՛նչ ենք ուտելու կամ ի՛նչ ենք խմելու կամ ի՛նչ ենք հագնելու»:
Տեսնո՞ւմ ես, թե Քրիստոս ինչպե՛ս է կրկին, ընդ որում՝ շատ ավելի ուժգնորեն, քան առաջ էր, հանդիմանում Իր ունկնդիրներին և միաժամանակ ցույց տալիս, որ Ինքը դժվարիրագործելի կամ անկատարելի ոչինչ չի պատվիրում: Ինչպես այն ժամանակ, երբ Նա ասում էր` «Եթե դուք սիրում եք ձեզ սիրողներին, ոչ մի մեծ բան չեք անում, քանի որ հեթանոսներն էլ են նույնն անում» (հմմտ. Մատթ. 5:46-47), Իր այդ խոսքերում հեթանոսների մասին հիշատակելով` Նա Իր ունկնդիրներին մղում էր ավելի մեծ սխրանքների, այդպես էլ այժմ Հիսուս հիշատակում է հեթանոսներին, որպեսզի հանդիմանի մեզ և ցույց տա, որ Ինքը մեզնից պահանջում է միայն ամենաանհրաժեշտը: Մենք ի՞նչ արժանիք կարող ենք ունենալ, եթե, պարտավոր լինելով գերազանցել օրենսգետներին և փարիսեցիներին, ոչ միայն չենք գերազանցում նրանց, այլև մնում ենք հեթանոսների տկարության մեջ և նախանձում ենք նրանց փոքրոգությանը:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
31-32. Այսուհետեւ հոգ մի՛ արէք ու մի՛ ասէք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք,որովհետեւ հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է:
Այսուհետև մի՛ մտահոգվեք և մի՛ ասեք. «Ի՞նչ ենք ուտելու կամ ի՞նչ խմելու, կամ ի՞նչ հագնելու». որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում:
Քանի որ բնական օրենքից դաս առաք, ասում է, և ճանաչեցիք Աստծո տեսչության զորությունը թռչունների ու ծաղիկների հանդեպ, այլևս մտահոգվելով մի՛ տառապեք: Նաև սրանով ամաչեցնում է նրանց՝ [հասկացնելով], որ այս հրա-մանը խիստ ու ծանր չէ: «Որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում». ինչպես որ սիրողներին սիրելով հավասարեցրեց հեթանոսներին, այդպես էլ այստեղ է հույժ մորմոքեցնում նրանց, քանի որ [այդ ամենը] փնտրում են նրանք, «որոնց աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ ամոթը» (հմմտ. Փիլպ. 3։19), ովքեր փարվել են այս աշխարհի սիրուն՝ սերմանվելով վեմից ու կաղնուց՝ ըստ առակի (Աղբյուրը չգտանք: Իմաստի համար հմմտ. Սիրաք 40։15), և արմատանալով երկրի մեջ և նայելով ստորին բաներին՝ կուրացել են վերին տեսության և հարության հույսի հանդեպ: Իսկ դուք ոչ միայն պետք է նրանցից առավել լինեք, այլև օրենսգետներին ու փարիսեցիներին գերազանցեք:
«Ինչ»-ն ասելով՝ [Տերն] ըմբերանում է նրանց, ովքեր ոչ միայն կերակրի և ըմպելիքի մասին են հոգում, այլև թե ինչ ձևով համեղացնելով կերակուրները պատրաստեն կամ ինչպես ըմպելիքն անուշացնեն, կամ ինչ միջոցներով ու ներկերով և բարակաման կերպասներով զգեստները պաճուճեն: Եթե նրանք, ովքեր այսպիսի բաների մասին են հոգում, հեթանոսներին հավասարվեցին, ապա նրանք, ովքեր բազում ինչքեր են կուտակել և անհագ տենչով տոկոսով գումարներ ժողովել, ի՞նչ դասում են կարգվելու. ինձ թվում է՝ չարություն կուտակելով՝ սատանայի հետ են համեմատվելու:
Որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը ձեզ պետք է:
Ոչ թե Իր, այլ նրա՛նց Հայրն է կոչում, որպեսզի այդ պատվական անվամբ արթնացնի նրանց, և թեպետ Ինքն ամեն ինչի արարիչն ու տվիչը, սակայն դեռ Իր մասին չի խոսում: Նրանց Հայրն է կոչում նաև, որպեսզի երբ կոչի Իրենը, չբարկանան: Եվ տես, որ ոչ թե Աստված է կոչում, այլ Հայր և երկնավո՛ր Հայր, որպեսզի ցույց տա, որ չի հանդուրժի Իր որդիների անտեսումը, քանի որ ո՞ր հայրն է, որ իր որդուն քաղցած տեսնելով՝ չի կերակրում: Ուստի դուք ևս չպիտի տատամսեք, որովհետև նրանք, ովքեր թագավորի ճաշին են հրավիրվում, չպիտի տարակուսեն, թե ինչ են ուտելու, կամ աղբյուրին մոտեցողները չպիտի կասկածեն, թե ինչ են խմելու, քանի որ [Աստված] «բացում է Իր ձեռքը և լցնում ամենքին» (հմմտ. Սաղմ. 144։16) նախքան մեր խնդրելը. ըստ առաքյալի՝ «գիտի մեր պետքերն ու կարիքները առավել, քան մեր խնդրածն ու գիտեցածը» (հմմտ. Եփես. 3։20): Պետքե՛րն է ասում և ոչ թե ավելորդը, և եթե անգամ թույլ է տալիս ավելորդը ձեռք բերել, այն փորձության նպատակով է և ոչ թե կարիքի, ուստի մերժելի է:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Այսուհետեւ հոգ մի՛ արէք ու մի՛ ասէք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:19
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: