Սրբ. Եփրեմ Ասորի
զղջաց Աստուած, որ մարդ է ստեղծել երկրի վրայ, եւ տրտմեց իր հոգու խորքում:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 6:3
Ա. Լոպուխին
Եվ զղջաց Աստված, որ մարդ է ստեղծել երկրի վրա, և տրտմեց իր հոգու խորքում։ (Սինոդական թարգ․)[6]
Զղջաց Աստված ... և տրտմեց իր հոգու խորքում... Աստծուն վերագրվող զղջալու հատկության գաղափարին հանդիպում ենք նաև Սավուղի պատմության մեջ, որտեղ երկու անգամ Աստծուն վերագրվում է զղջման իրողություն (Ա Թագ. 15:11, 35) և որտեղ, իմիջիայլոց, Աստծո վերաբերյալ Սամուելն ասում է, թե Նա մարդ չէ, որ զղջա (Ա Թագ. 15:29): Այսպիսով երբ խոսվում է Նրա՝ իբրև մարդու մասին, ապա սրա պատճառն այն է, որ, ըստ Էբեն Եզրի արտահայտության, օրենքը խոսում է մարդու որդիների լեզվով, այսինքն՝ պարզ, ժողովրդական լեզվով (Սբ. Ֆիլարետ): Մասնավորապես, Աստվածային «զղջումը», որպես անփոփոխելին փոփոխելու յուրահատուկ միջոց, հանդիսանալով Աստծո ծայրահեղ ափսոսանքի մասին գաղափարի բարձրագույն արտահայտություն, հասնում է այն աստիճանի, որ անփոփոխ Էությունն ինքը, թվում է թե, պատրաստ էր փոփոխվելու:
Եվ տրտմեց իր հոգու խորքում... Նախորդի պես սա դարձյալ մարդուն բնորոշ արտահայտություն է: «Աստվածային տրտմությունը, ազատ կամքով ստեղծված և այն գիտակցաբար ու համառորեն չարաշահող մարդու, բարության ճանապարհին վերադառնալու անկարողության կանխատեսումն է: Հետևաբար այնտեղ, ուր խոսվում է աստվածային տրտմության մասին, ինչպես օրինակ՝ աստվածային զայրույթն իրենց վրա հարուցած քաղաքների պարագային (Մատթ. 11:20–26, Ղուկ. 10:13), պետք է հասկանալ, որ Աստծո հավիտենական արդարության դատավճիռն իրագործվել է, որ այս սերունդը կամ մարդը պիտի մեռնի, որպեսզի չարը չհավերժացվի» (Գ.Կ. Վլաստով):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) զղջաց Աստուած, որ մարդ է ստեղծել երկրի վրայ, եւ տրտմեց իր հոգու խորքում:
(Արարատ թարգ․) Այնժամ Տերը զղջաց, որ երկրի վրա ստեղծեց մարդուն և տրտմեց Իր սրտում:
(Գրաբար) Եւ ստրջացա՛ւ Աստուած զի արար զմարդն ի վերայ երկրի. և մտախո՛հ եղև ի սրտի իւրում։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: