Սրբ. Եփրեմ Ասորի
8-10․ Նոյը, սակայն, արժանացել էր Տէր Աստծու սիրուն: Այս է Նոյի պատմութիւնը: Նոյը կատարեալ եւ արդար մարդ էր իր ազգի մէջ: Նոյը սիրելի եղաւ Աստծուն: Նոյը ծնեց երեք որդի. Սէմին, Քամին, Յաբէթին:
[Սրբազան] մատյանը որոշեց Նոյի բարի գործերն ըստ նրա ծնունդների. «Եվ Նոյը, - ասում է, - կատարյալ և արդար մարդ էր իր ազգի մեջ։ Նոյը սիրելի եղավ Աստծուն» (Ծննդ. 6:8): Ասում է. «Նոյը ծնեց երեք որդի՝ Սեմին, Քամին, Հաբեթին» (Ծննդ. 6:10), թվարկեց նախ հոգու ծնունդները և ապա հաշվեց մարմնի ծնունդները: Տե՛ս, թե ինչքան մեծ է Նոյը, որ այն ժամանակ հինգ հարյուր տարի արգելեց և զսպեց իր անձի ցանկությունները, և իր ժամանակի մարդիկ, քանի որ իրենց մարմնում ողջախոհությանը տեղ և բնակություն չտվեցին, նրանց տեղ չտվեց տապանում, ինչը լի էր ողջախոհներով, կույսերով: Նոյի համար էլ տապանում տեղ գտնվեց, քանի որ նա իր մարմնով չափավոր և ժուժկալ էր: Բնակեցրեց նրան Աստված տապանի հարկի տակ, քանի որ նա զգաստացրեց իր մարմնի անդամները. զգաստություն, որ խեղդեց ողջ մարմինը, այն հանգչեց Նոյի մարմնում, հանգչեց նա տապանի գրկում: Եվ քանի որ մարմնի անդամների կողմից չպարտվեց, հաղթահարեց նա փայտեղեն հարկը, մինչ իր մարմնի պահպանության համար տապանն էր ստեղծում, ստեղծեց նաև իր մտքերի պահպանության ապահովությունը: Նրան Աստված ստուգությամբ և արդարությամբ պահեց, սակայն Աստծու պահելուց առաջ նախ ինքն իր անձի համար պահապան եղավ, քանի որ նա մտապահեց, որպեսզի ցանկությունից չխեղդվի, այդ իսկ պատճառով էլ նրա մարմինը պահվեց, որպեսզի նա հեղեղի ջրից չխեղդվի:
Աստված կորստյան մատնեց բոլոր նրանց մարմինները, ովքեր արդեն կորստյան էին մատնել իրենց անձերը: Աստված չխնայեց նրանց, ովքեր իրենց անձերը չէին խնայել, սակայն խնայեց և կարճացրեց նրանց կյանքը, քանի որ պարանի նման երկարեցնում էին իրենց մեղքերը: Բացեց վերևի և ներքևի հոսանքները, որպեսզի մարի այն հուրը, որը նրանց միջով վառվում բորբոքվում էր նրանցում: Քանի որ բորբոքվելով շատացավ ցանկասիրությունը, շատացան ջրերը՝ այն մարողները, լեռները ջրով ծածկվեցին, քանի որ յուրաքանչյուր մարմին ցանկասիրությամբ ծածկվեց: Ծածկվեցին լեռները, որպեսզի ոչ ոք իր հանգիստը չգտնի երկրի վրա, քանի որ տեղի բնակչության մեջ սրբություն չգտնվեց: Նոյյան տապանն իր նեքևում հանդարտացրեց ալիքները, քանի որ Նոյի համբերությունը տկարացրեց պես-պես ցանկությունների ալիքները: Վեր խոյացավ, բարձրացավ Նոյան տապանը բոլոր վնասակար բաների վրա, քանի որ նրա մտքերը չհնազանդվեցին ավելի ներքևում գտնվել, քան մարմնի մարմաջներն էին: Աստված Նոյին բնակեցրեց փայտեղեն ապարանքում, քանի որ նա Աստծուն բնակեցրեց իր մարմնի տաճարում:
Նա Աստծուն պաշտամունք մատուցեց որպես քահանա, ինչպես որ նրանում Աստված էր բնակվում: Պաշտամունք մատուցեց նա աղավնու կտուցի ձիթենու պտղով՝ որպես քահանայության խորհուրդ, այսինքն՝ նրա դեմ մեղք չգործեցին գազանները, որ բնակվում էին նրա հետ միասին փայտեղեն հարկի տակ, քանի որ նրան չվնասեցին այն ցանկությունները, որոնք բնակվում էին նրա մարմնի անդամներում: Մի՛ զարմացիր դու առյուծների վրա, որ բնակվում էին նրա հետ և չէին հոշոտում նրան, այլ դու հույժ զարմացիր այն մարմաջի վրա, որ բնակվում էր նրա անդամներում և նրան չվնասեց: Եվ մի՛ զարմացիր դու, որ առյուծի կորյունը մերձեցավ նրա մարմնին և չվնասեց նրան, այլ զարմացիր դու նրա մարմնի ցանկության վրա, որ նրա մարմնին չմոտեցավ: Մի՛ զարմացիր դու, որ նրա դեմ մեղք չգործեցին ապականիչ գազանները, որ ամեն կողմերից շրջապատել էին նրան, այլ այն բանի վրա զարմացիր, որ չգայթակղեցրեցին նրան պղծալից գայթակղեցուցիչք կանայք, որ ամեն կողմից շրջապատել էին նրան:
Աստվածությունը հնազանդեցրեց գազաններին և ազատությունը՝ ցանկություններին, ստեղծեց Աստված այն, ինչն աստվածային էր, և ստեղծեց մարդն այն, ինչը որ մարդկային էր, նրան հնազանդ դարձրեց այն գազաններին, որոնց հնազանդեցնել չէր կարող, և ինքը հնազանդեցրեց ցանկությունները, քանի որ կարող էր հնազանդվել դրանց: Նմանապես և Անանյանները՝ կրակի մեջ, և քանի որ ասում է. «Նրանց հանդերձները չայրվեցին» (Դան. 4:94), որովհետև նրանք ցանկասիրության համար չէին զարդարվում, և որովհետև թագավորի խորտիկների հոտը նրանց ախորժակը չգրգռեց, կրակի հոտը չմերձեցավ նրանց հանդերձներին, նրանց վրա չտիրեց պատկերի կռապաշտությունը, այդ պատճառով նաև ոչ էլ հնոցի հուրը մոտեցավ: Եվ Նոյին չվնասեցին այն աղբյուրները, որ բխեցին, քանի որ փակեց նա ցանկասիրության աղբյուրը, և ոչ էլ այն խորը փոսի մեջ Դանիելին առյուծները վնասեցին, քանի որ նրան պահպանեցին այն պատշգամբում ասված իր աղոթքները: Քանի որ եթե կանայք բռնադատվում էին հարկադրաբար, այդ դեպքում Նոյի տան կանայք ինչպե՞ս փրկվեցին: Եվ եթե Աստծո որդիները ցանկացան մարդկանց դուստրերին, ի՞նչ անեին տկար կանայք, քանի որ [բնության] հարկը խիստ ստիպեց նրանց: Ահա ասում է, թե գրված է. «Յուրաքանչյուր ոք, ով զուգավորվի անասունի հետ, պիտի մահանա, և անասունն էլ ինքը պիտի քարկոծվի», ի՞նչ մեղք գործեց անասունը, այլ որպեսզի նրանց մեջ չհիշվեն այն բաները: Սակայն այնտեղ, որպեսզի ցույց տա, թե նրանք մարդիկ են, ասում է. «Ամեն էակ ապականել էր իր ճանապարհը» (Ծննդ. 6:12): Ապա եթե այն ժամանակ նրանց մեջ ցանկասիրություն կար՝ այսօր ո՞չ: Եթե դա այդպես է, ուրեմն կատարյալները թերի էին և հիմա էլ են թերի: Ո՞ր պատճառները նրանց կատարյալ դարձրեցին, որ այլևս կանանց չցանկացան: Եվ եթե մենք, արժանի չլինենք՝ նրանց կնմանվենք մեռելներից հարություն առնելով, ապա նրանք՝ որչա՞փ ևս առավել: Եվ եթե դրանից հսկաները ծնվեցին, ահավասիկ ջրհեղեղից հետո բազմաթիվ հսկաներ գտնվեցին. [դրանցից] մեկը [նա էր], որի մասին Մովսեսն ասում է. «Ովգը, ում երկաթյա մահճակալը, հսկաների կանգունով չափած, ինը կանգուն էր» (Բ Օր. 3:11), և ևս երեքը, որոնց Հեսուն՝ Նավեի որդին սպանեց, և ևս երկուսը, մեկին՝ Գողիաթին, սպանեց Դավիթը, իսկ մյուսը, որ վեց վեց մատ էր:
Ա. Լոպուխին
Նոյը, սակայն, շնորհ գտավ Տեր Աստծո առաջ։ (Սինոդական թարգ․)[8]
Նոյը, սակայն, շնորհ գտավ Տեր Աստծո առաջ... Արտահայտություն, որը կատարելապես նման է նախօրոք Ենոքի մասին ասվածին՝ «եւ Ենոքը սիրելի եղավ Աստծուն» (սլավոնական թարգմանություն, LXX), և որն ունի համապատասխան զուգահեռներ Աստվածաշնչի այլ մասերում (Ղուկ. 1:30, Գործ. 7:46 և այլն):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Նոյը, սակայն, արժանացել էր Տէր Աստծու սիրուն:
(Արարատ թարգ․) Բայց Նոյը շնորհ գտավ Տիրոջ առջև:
(Գրաբար) Բայց Նոյ եգիտ շնորհս առաջի Տեառն Աստուծոյ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: