Ա. Լոպուխին
Այսուհետև, քանի դեռ կա երկիրը, թող չդադարեն ցանքն ու հունձքը, ցուրտն ու տոթը, ամառն ու ձմեռը, ցերեկն ու գիշերը։ (Սինոդական թարգ․)[22]
Այսուհետև, քանի դեռ կա երկիրը... Այսինքն՝ մինչև այն ժամանակ քանի դեռ երկիրը գոյություն ունի և երբ «երկրի օրերը» իրենց տեղը կզիջեն «երկնքի օրերին» (Սաղմ. 88:30):
Թող չդադարեն ցանքն ու հունձքը, ցուրտն ու տոթը, ամառն ու ձմեռը, ցերեկն ու գիշերը... Տարվա երկու եղանակներն այստեղ նշվում են անուններով՝ ամառ և ձմեռ, իսկ առաջինն ու երրորդը նկարագրական ձևով «ցանք» և «հունձք»՝ իբրև հացահատիկային բույսերի սերմանման և բերքի հավաքման ժամանակ: Իմիջիայլոց, պետք է ասել, որ բնօրինակը և որոշ թարգմանված տեքստեր չունեն գարուն անվանումը, այլ տալիս են միայն կրկնվող երկու հիմնական եղանակների կամ ամբողջ կիսամյակների նշումը՝ «ցուրտն ու տոթը» կամ, որ նույնն է՝ «ամառն ու ձմեռը», որին համապատասխան դրվում է նաև երրորդ զույգի հակադրությունը՝ «ցերեկն ու գիշերը»: Վերջին ընթերցումը նախընտրելի է, քանի որ այդ տեսքով այն հանդիպում է Աստվածաշնչի մյուս տեղերում ևս (Սաղմ. 73:17): Ինչ վերաբերում է այստեղ պարփակված մտքին, ապա այն ներկայացնում է քիչ առաջ վերևում նշվածի ավելի մանրամասն բացատրությունն ու զարգացումը՝ ջրհեղեղի նման սարսափելի տարերային աղետի չկրկնվելու մասին, որը կապված է բնության հիմնական օրենքների անխուսափելի խախտման հետ (հմմտ. Երեմ. 33:20–25, Եզեկ. 34:25–29, 37:26, Զաք. 9:11): «Բարեսեր Աստված սովորաբար ուշադրություն է դարձնում ոչ այնքան մեր զոհաբերություններին, որքան ներքին տրամադրվածությանը՝ ինչպես ենք մենք դրանք կատարում, և դրանից դատելով՝ մեր զոհաբերությունները կա՛մ կընդունի, կա՛մ կմերժի» (սբ. Հովհան Ոսկեբերան, Զրույցներ 27):
Եզրափակելով ջրհեղեղի պատմությունը՝ իմ պարտքն եմ համարում հակիրճ մատնացույց անել նաև այն ուսուցողական նշանակությունը, որը նկատում են եկեղեցու հայրերը: Այդպիսի հայեցակարգի հիմքը դրվել է դեռևս մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի և Նրա առաքյալների կողմից: Այսպես, Տերը ջրհեղեղի անցյալ պատմության մեջ տեսնում է Իր երկրորդ ահարկու գալստյան ապագա պատմության մարգարեացումը: Ինչպես այն ժամանակ մարդիկ ծայրահեղ սանձարձակ էին և անհոգ իրենց փրկության նկատմամբ, ճիշտ այդպես էլ կլինի երկրորդ գալուստից առաջ: Ինչպես այն ժամանակ ողջ մեղավոր աշխարհի վրա ի կատար ածվեց աստվածային դատաստանի ահավոր որոշումը, ճիշտ նույն կերպ կկրկնվի նաև Վերջին դատաստանի պահին (Մատթ. 24:37–39, Ղուկ. 17:25–27):
Պետրոս առաքյալն իր նամակներից մեկում մկրտության ավազանը համեմատում է Նոյյան տապանի հետ (Ա Պետ. 3:20–21)՝ նշելով, որ ինչպես առաջինը, այնպես էլ երկրորդը հավասարապես փրկում են մեզ մեղավոր մահից: Նրա միտքը զարգացնում է նաև Պողոս առաքյալը՝ ասելով, որ մենք մկրտությամբ Նրա հետ թաղվեցինք մահվան մեջ և դրանով իսկ մտնում ենք Նրա Եկեղեցին և սկսում քայլել նոր կյանքով (Հռոմ. 6:4–6):
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Այսուհետեւ, քանի դեռ կայ երկիրը, թող չդադարեն սերմն ու հունձը, ցուրտն ու տօթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը»:
(Արարատ թարգ․) Այսուհետև որքան կլինի երկիրը, չեն դադարի ցանքն ու հունձը, սառն ու տաքը, ամառն ու ձմեռը և գիշերն ու ցերեկը»:
(Գրաբար) Այսուհետև զամենայն աւուրս երկրի՝ սե՛րմն և հունձք, ցո՛ւրտ և տօթ, ամա՛ռն և գարուն, զտիւ և զգիշեր մի՛ դադարեսցեն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: