Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 9:13

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Գնացեք սովորե՛ք, թե ի՛նչ է նշանակում «Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ» (Ովս. 6.6)։ Որովհետև Ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ մեղավորներին՝ ապաշխարության»։
   
    Որպեսզի մարդիկ չմտածեն, թե Տերը հանդիմանում է կանչվածներին՝ նրանց «հիվանդներ» անվանելով, տե՛ս, թե ինչպես է Նա կրկին մեղմացնում Իր խոսքերը, երբ փարիսեցիներին նախատելու համար ասում է. «Գնացեք սովորե՛ք, թե ի՛նչ է նշանակում «Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ»:

    Քրիստոս սա ասաց, որպեսզի փարիսեցիներին հանդիմանի Սուրբ Գրքին անտեղյակ լինելու համար և խիստ խոսքով հանդես եկավ ո՛չ թե այն պատճառով, որ Ինքն իսկապես բարկացած էր փարիսեցիների վրա, այլ որպեսզի հարկահավաքներին դուրս բերի «հարվածի» տակից: Հիսուս կարող էր ասել. «Մի՞թե դուք չգիտեք, թե ինչպես Ես ներեցի անդամալույծի մեղքերը: Ինչպե՞ս ոտքի կանգնեցրի նրա մարմինը»: Փրկիչը, սակայն, նմանօրինակ ոչինչ չասաց, այլ նախ օգտագործեց ընդհանուր ապացույցը, ապա մեջբերեց Սուրբ Գրքի խոսքերը: Ասելով, թե՝ «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ՝ հիվանդները», և այդպիսով ոչ բացահայտ կերպով Ինքն Իրեն բժիշկ անվանելով՝ Քրիստոս ավելացնում է. «Գնացեք սովորե՛ք, թե ի՛նչ է նշանակում «Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ» (Ովս. 6.6 - «Որովհետև Ես ողորմություն եմ ուզում, և ոչ՝ զոհ»): Այդպես է վարվում նաև Պողոս առաքյալը: Իր միտքը հաստատելու համար նախ ընդհանուր ապացույցներ օգտագործելով և ասելով՝ «Ո՞վ հոտ կարածացնի և հոտի կաթից չի խմի» (Ա Կորնթ. 9:7), այնուհետ էլ նա մեջբերում է Սուրբ Գրքի խոսքերը՝ ասելով. «Կալում աշխատող եզան դունչը չկապես» (Բ Օրին. 25:4)։ Եվ դարձյալ. «Նույնպես և Տերը Ավետարանը քարոզողներին հրամայեց, որ Ավետարանից էլ ապրեն» (Ա Կորնթ. 9:14): Մինչդեռ Իր աշակերտներին Փրկիչը «համոզում» է մեկ այլ կերպ. Նա նրանց հիշեցնում է Իր գործած նշանների մասին՝ ասելով. «Դեռևս չե՞ք իմանում և չե՞ք հիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին. և քանի՞ սակառ (զամբյուղ) վերցրիք» (Մատթ. 16:9):

    Իսկ ահա փարիսեցիների հետ Քրիստոս վարվում է այլ կերպ։ Նա նրանց հիշեցնում է ընդհանուր տկարության մասին, ցույց է տալիս, որ իրենք էլ են տկար, քանի որ չգիտեն Սուրբ Գիրքը և, անտեսելով մյուս առաքինությունները, Աստծուն իրենց ողջ ծառայությունը սահմանափակում են միայն զոհաբերություններ մատուցելով: Հենց դա է գլխավորաբար մատնանշում Փրկիչը՝ հակիրճ խոսքերով ամփոփելով այն, ինչ ասել են բոլոր մարգարեները: «Սովորե՛ք, - ասում է Նա, - թե ի՛նչ է նշանակում «Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ»: Այս խոսքերով Հիսուս նրանց (փարիսեցիներին) խրատում է, որ ոչ թե Ինքն է անարդար վարվում, այլ նրանք՝ կարծես կամենալով ասել. «Ինչո՞ւ եք Ինձ մեղադրում: Ա՞յն բանի համար, որ Ես ուղղում եմ մեղավորներին: Բայց այդ դեպքում դուք նույն «մեղքով» մեղադրում եք նաև Իմ Հորը»: Այսպիսով, «Գնացե՛ք, սովորե՛ք, թե ինչ է նշանակում՝ ողորմություն եմ ուզում, և ոչ՝ զոհ» խոսքերով Քրիստոս արտահայտում է նույն միտքը, որն ամփոփված է Նրա մյուս խոսքերում. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն Ես ևս գործում եմ» (Հովհ. 5:17): Ինչպես որ Հայրն է ցանկանում սա, - ասում է Հիսուս, - այդպես էլ Ե՛ս եմ նույնը կամենում:

    Տե՞սնում ես, թե Փրկիչն ինչպես է մի բանն ավելորդ համարում, իսկ մյուսը՝ անհրաժեշտ: Հիսուս չասաց՝ «ողորմություն եմ ուզում և զոհ, այլ՝ «ողորմություն եմ ուզում, և ոչ՝ զոհ». մեկը գովաբանեց, իսկ մյուսը մերժեց ու դրանով իսկ ցույց տվեց, որ մեղավորների հետ շփումը, որի համար Իրեն մեղադրում էին, ոչ միայն արգելված չէ, այլև օրենքով հաստատված է և նույնիսկ գերադասելի է զոհաբերություններից։ Ու դա ապացուցելու համար Քրիստոս մեջբերում է Հին Կտակարանի հենց այն հատվածը, որը հրամայում է վարվել այնպես, ինչպես վարվում էր Հիսուս: Այսպիսով, և՛ ընդհանուր ապացույցներով, և՛ Սուրբ Գրքի վկայությամբ փարիսեցիներին հերքելով՝ Քրիստոս այնուհետ ավելացնում է. «Ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ մեղավորներին՝ ապաշխարության»։ Այս խոսքերը Փրկիչն ասաց փարիսեցիներին ծաղրելու համար՝ նախկինում ասված հետևյալ խոսքերի նմանողությամբ. «Ահա Ադամը դարձավ մեզ նման մեկը» (Ծննդ. 3:22)։ Եվ մեկ այլ տեղում էլ ասվել էր. «Եթե քաղց զգամ, քեզ բան չեմ ասի» (Սաղմ. 49:12): Իսկ որ երկրի վրա չկար ոչ մի արդար մարդ, դրա մասին հստակ վկայում է Պողոսը՝ ասելով. «Որովհետև բոլորն էլ մեղք գործեցին և զրկվեցին Աստծու փառքից» (Հռոմ. 3:23): Մյուս կողմից էլ, Քրիստոսի խոսքերը մխիթարություն էին նաև Իր կողմից կանչվածների համար. Նա կարծես ասեր. «Ես ոչ միայն չեմ խորշում մեղավորներից, այլ հենց նրա՛նց համար իսկ եմ եկել»: Իսկ որպեսզի Իր «Ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ մեղավորներին» խոսքերով  կանչվածների անփույթ չդարձնի, այս իսկ պատճառով էլ Հիսուս կանգ չառավ այդ խոսքերի վրա, այլ ավելացրեց՝ «ապաշխարության» բառը, այսինքն՝ «Ես եկել եմ ոչ թե նրա համար, որ մեղավորները մնան մեղավորներ, այլ որպեսզի նրանք փոխվեն և դառնան ավելի լավը»:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ. քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղաւորներին:
   
    «Գնացեք սովորեք, թե ի՛նչ է «Ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհ» [խոսքը], որովհետև չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին»:

    Երեք կերպ է հաստատում խոսքը. նախ՝ կարիքով, քանի որ հիվանդները բժշկի կարիք ունեն. երկրորդ՝ մարգարեական խոսքով թե՝ «Ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհ» (Ովս․ 6։6), և երրորդ՝ Իր գալստյամբ, որ Ինքը ոչ թե արդարների, այլ մեղավորների համար է եկել աշխարհ: Բայց ահարկու խոսքով թե՝ «Գնացեք սովորեք, թե ինչ է», ցույց է տալիս, որ նրանք անտեղյակ ու տգետ էին մարգարեական խոսքերին և կարոտ էին ուսման: Նաև՝ որ ոչ թե Ինքն Օրենքին անհամապատասխան գործում, այլ նրանք. «Եթե Ինձ, որ մեղավորներին ուղղության եմ բերում, մեղադրում եք, ապա [մեղադրում եք] նաև Հորը, որովհետև Օսեե մարգարեի միջոցով ասաց. «Ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհ» (Ովս. 6։6), այսինքն՝ Աստծո կամքն այն է, որ որպես զոհ՝ նեղություններով վշտակից լինենք ընկերներին. ուստի ինչ որ Նա է կամենում, նույնն էլ՝ Ես»: [Տերն այս խոսքով] նաև ցույց է տալիս, որ Հին [Օրենքը], որ մեղավորներին անաչառ դատում էր, խափանվել է, և ընդունելի է Նորը, որ ողորմությամբ քավում է հանցավորներին: Եվ սա կնքում է մարգարեական խոսքով: Իսկ այն [խոսքը] թե՝ «Չեկա արդարներին կանչելու», [չի նշանակում], թե նրանք արդար էին, այլ [Տերը] հեգնում է նրանց՝ ըստ այսմ. «Ահա Ադամը ե ղավ ինչպես Մեզնից մեկը» (Ծննդ. 3։22): Իսկ եթե մեկն ասի, թե [ուրեմն Տերն] արդարներին չի կանչել, կասենք, որ

    [Տերն այս խոսքն] ընդդեմ փարիսեցիների ասաց:

    [Կարելի է հասկանալ] նաև այլ կերպ. երկրի վրա չկար արդար մարդ՝ ըստ այսմ. «Ոչ ոք արդար չէ, և ո՛չ մեկը» (Հռոմ. 3։11, հմմտ. Սաղմ. 13։3), և թե՝ «Ամենքը մեղանչեցին և զրկվեցին Աստծո փառքից» (Հռոմ. 3։23): Սրանից պարզ է դառնում, որ [Տիրոջ ժամանակակիցները] նույնպես մեղքի տակ էին ընկած, և որ Նա այնքան չի գարշում մեղավորներից, որ միայն նրանց համար եկավ: Բայց որպեսզի չծուլանան, Ղուկասը նաև ապաշխարության մասին է խոսում  (Ղուկ. 5։32), որպեսզի մեղավորները, միայն շնորհի վրա հույս դնելով, նույն վիճակում չմնան, այլ դեպի լավը փոխվեն:

    [Տիրոջ այս խոսքը] կարելի է հասկանալ նաև այսպես. «Եկա կանչելու ոչ միայն արդարներին, այլև մեղավորներին»: Սրանով նաև ուրախացրեց հրեշտակներին, որոնց մեջ «ուրախություն է լինում երկնքում մի ապաշխարող մեղավորի համար» (Ղուկ. 15։7), և տրտմեցրեց Բանսարկուին, քանի որ ապստամբները նվաճվեցին, հեթանոսները հնազանդության եկան, մեղավորներն արդարացան, և միայն փարիսեցիները խռովվեցին: Սա երևում է [ավետարանական] հաջորդ [խոսքից]:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ. քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղաւորներին:
   
    «Գնացե՛ք, սովորեցե՛ք, թե ի՛նչ է նշանակում ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ»:
Ի՞նչ է [նշանակում] «ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ»: Մատթեոսին մաքսավորությունից կոչելով առաքելության, և այլ մեղավորների և մաքսավորների հետ տանը նստելու [պատճառով] փարիսեցիները [Նրան] արհամարհում էին, թե ինչո՞ւ է ուտում ու խմում մաքսավորների և մեղավորների հետ, որոնց պատասխանեց՝ ասելով. «[Ես] չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության», ուստի և. «Առողջներին բժիշկներ պետք չեն, այլ հիվանդներին» (Ղուկ. 5։31-32), և պետք է ողորմություն անել նրանց, ովքեր կարոտ են ողորմության:
Արդ, քանզի մեղավորներ են, դրա համար սրանց ողորմելով ուտում և խմում եմ իրենց հետ, որպեսզի կոչեմ ապաշխարության, ուսուցանելով նրանց, որ ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհ, ինչպես ասված է Ովսե մարգարեի [կողմից] (Ովսե. 6։6):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ. քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղաւորներին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:9