Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 9:2

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ ահա, Նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր մահճի մեջ։ Եվ Հիսուս, նրանց հավատը տեսնելով, անդամալույծին ասաց. «Քաջալերվի՛ր, որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»»։
   
    Այն անդամալույծը, որի մասին այստեղ խոսվում է, նույն մարդը չէ, ինչ Հովհաննեսի Ավետարանում հիշատակվածը: Այն մեկը (որը հիշատակված է Հովհաննեսի Ավետարանում) պառկած էր ավազանի մոտ, իսկ սա՝ Կափառնայումում: Հովհաննեսի հիշատակած անդամալույծը տառապում էր երեսունութ տարի, իսկ այս մեկի մասին նման բան չի ասվում: Այն մեկի մասին ոչ ոք չէր հոգում, իսկ ահա Մատթեոսի կողմից հիշատակվող այս անդամալույծն իր կողքին ուներ այնպիսի մարդիկ, որոնք հոգ էին տանում իր մասին և իրեն տարան Քրիստոսի մոտ: Այս անդամալույծին Փրկիչն ասաց. «Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են», իսկ նրան՝ «Կամենո՞ւմ ես առողջ լինել» (Հովհ. 5:6):

    Նրան բուժեց շաբաթ օրը, իսկ սրան՝ ոչ շաբաթ օրը, հակառակ դեպքում հրեաները բաց չէին թողնի առիթը՝ Նրան (Հիսուսին) մեղադրելու համար: Այս անդամալույծի բժշկման ժամանակ նրանք (հրեաները) ոչինչ չասացին, իսկ ահա առաջինին բուժելու «պատճառով» անդադար հալածում էին Նրան: Ես իզուր չնշեցի այս տարբերությունները, այլ որպեսզի որևէ մեկը, երկու անդամալույծներին մեկ անձ համարելով, չմտածի, թե ավետարանիչները հակասում են միմյանց:

    Բայց ուշադրություն դարձրու Տիրոջ խոնարհությանն ու հեզությանը: Նա նախկինում էլ ժողովրդին հեռացնում էր Իրենից, և երբ Գադարացիների երկրի բնակիչները չցանկացան ընդունել Նրան, Նա չդիմադրեց նրանց, այլ հեռացավ, թեև ոչ շատ հեռու: Եվ կրկին, նավակ բարձրանալով, անցավ մյուս կողմը, թեև կարող էր դա անել նաև առանց նավակի օգնության: Նա (Հիսուս)  միշտ չէ, որ ցանկանում էր հրաշքներ գործել, որպեսզի չխախտի Իր տնօրինության կարգը: Մատթեոսը միայն ասում է, որ անդամալույծին բերեցին, իսկ մյուս ավետարանիչներն ավելացնում են, որ բերողները բացեցին տանիքը և, հիվանդին իջեցնելով, դրեցին Քրիստոսի առջև՝ ոչինչ չասելով, այլ ամենը թողնելով Փրկչի կամքին: Նախկինում Տերն Ինքն էր շրջում երկրի տարբեր բնակավայրերով և այդպիսի հավատ չէր իսկ պահանջում Իրեն մոտ եկողներից, բայց այժմ նրանք իրենք եկան Հիսուսի մոտ և ցույց տվեցին իրենց հավատը։ Ավետարանիչը մասնավորապես ասում է. «Հիսուս, նրանց հավատը տեսնելով», այսինքն՝ նրանց, ովքեր իջեցրին անդամալույծին: Փրկիչը միշտ չէ, որ հավատ էր պահանջում հենց տառապողներից, օրինակ՝ երբ նրանք խելագարությամբ էին ախտացած կամ էլ առողջ մտքից զրկվել էին որևէ այլ հիվանդության պատճառով: Բայց այստեղ նաև հիվանդն ինքն է ցույց տալիս իր հավատը: Հակառակ դեպքում, եթե հավատ չունենար, նա թույլ չէր տա իրեն տանիքից ներքև իջեցնել: Ուստի, քանի որ և՛ անդամալույծը, և՛ նրան բերողները մեծ հավատ ցույց տվեցին, Տերն էլ ցույց տվեց Իր զորությունը՝ ներելով հիվանդի մեղքերը՝ գործելով որպես Մեկը, Ով լիակատար իշխանություն ունի մեղքի վրա:

    Քրիստոս ամեն ինչում ցույց էր տալիս Իր հավասարապատվությունը Հայր Աստծու հետ: Նախկինում Հիսուս դա ցույց տվեց Իր ուսուցման մեջ, երբ ժողովրդին սովորեցնում էր որպես իշխանություն ունեցող Մեկը, այլև՝ բորոտին առնչվող դրվագում, երբ ասաց նրան. «Կամենում եմ, մաքրվի՛ր» (Մատթ. 8:3), հարյուրապետի հետ կապված պատումում, երբ լսելով նրա՝ «այլ խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի» (Մատթ. 8:8) խոսքերը, զարմացավ և այս հարյուրապետին բարձր գնահատանքի արժանացրեց բոլորի առջև։ Դարձյալ, ծովում եղած ժամանակ, երբ մեկ խոսքով հանդարտեցրեց փոթորիկը, դևերին հալածելու դրվագում, երբ նրանք Հիսուսին խոստովանեցին որպես Դատավոր, և երբ Նա Իր մեծ իշխանությամբ հալածեց նրանց:

    Այժմ էլ կրկին, մեկ այլ, ավելի վսեմ եղանակով ստիպում է Իր թշնամիներին ճանաչելու Հայր Աստծու հետ Իր հավասարապատվությունը և հայտարարում է դա նրանց (թշնամիների) իսկ բերանով: Փրկիչը զերծ էր փառասիրությունից, չնայած Նրա առջև կանգնած էր ժողովրդի մի մեծ բազմություն, որը նույնիսկ փակել էր դեպի Իր մոտ տանող մուտքը, ինչի պատճառով էլ անդամալույծին վերևից (տանիքից) վար իջեցրին: Այստեղ ևս Հիսուս անմիջապես չի անցնում Իր առջև հայտնված հիվանդի մարմնի բժշկմանը, այլ առիթի է սպասում հենց Իր թշնամիներից և նախ բուժում է անտեսանելին, այսինքն՝ հոգին, մեղքերը ներելով, ինչը ինքնին հանգեցնում է նաև անդամալույծի բժշկությանը, իսկ ահա Իրեն՝ Բժշկողին, բնավ էլ մեծ փառք չի բերում:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ նաւակ մտնելով՝ Յիսուս անցաւ ծովի միւս կողմը. եւ եկաւ իր քաղաքը:
   

    Ահա Նրա մոտ բերեցին մահճին դրված մի անդամալույծ:

    Այս անդամալույծն ուրիշ է, նա չէ, ում մասին Հովհաննեսն է պատմում. որովհետև նա Երուսաղեմում՝ ավազանի մոտ էր ընկած (Հովհ. 5։2-15), իսկ սա Կափառնաումում էր. նա երեսունութ տարի էր հիվանդ, իսկ սրա մասին նման բան չի ասվում. նա ոչ մի օգնական չուներ, իսկ սա խնամակալներ ուներ, որովհետև մահճով կրելով բերեցին, և, ինչպես Մարկոսն է ասում  (Մարկ. 2։4), քանդեցին առաստաղը և [անդամալույծին] իջեցրին [Հիսուսի] առաջ: Քանի որ շատ մարդիկ էին [տունը] շրջապատել, ուստի [անդամալույծին] վերևից ներքև կախեցին, բայց ոչինչ չխոսեցին [Հիսուսի] հետ, որովհետև ամեն ինչ Նրա կամքին հանձնեցին:

    Հիսուսը, տեսնելով նրանց հավատը, ասաց անդամալույծին. «Թող ներվեն մեղքերդ»:

    Տե՛ս այստեղ, թե մեկի հավատը մի ուրիշի հետ ի՛նչ է գործում: [Տերն անդամալույծից] հավատ չպահանջեց, քանի որ վերջինս խախուտ շինվածք էր, ինչպես որ այն միամոր [զավակից] էլ չպահանջեց, այլ նրա հորից  (Մատթ. 17։14-21, Մարկ. 9։14-29, Ղուկ. 9։37-43), ոչ էլ այն աղջկանից, այլ նրա մորից, ով ասաց. «Շները հագենում են [իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով]» (հմմտ. Մատթ. 15։27): Այդպես [եղավ] և այստեղ: Սակայն այս դեպքում [անդամալույծը] ևս հավատ ուներ, այլապես ինչպե՞ս հանձն կառներ կախվել ձեղունից. ուստի [Տերն] ասում է. «Թող ներվեն մեղքերդ»: Նախ՝ Իր աստվածային զորությունն է հայտնում, թե նաև անհայտ բաները գիտի, ինչպես որ հաջորդ [խոսքով] է սա հաստատում: Երկրորդ՝ [հայտնում է], որ ցավերը մեղքերի պատճառով են բռնել նրա մարմինը, ուստի նախ մեղքերն է ներում, որպեսզի նաև մարմինն առողջանա: Երրորդ՝ մեղքեր ներելով՝ Իրեն Իր Ծնողին համապատիվ է ցույց տալիս: Չորրորդ՝ քանի որ քավեց ու բժշկեց նրան՝ քավեց [անդամալույծի] ծածուկ մեղքերը և բժշկեց նրա երևացող մարմինը, նրա մեղքերը ծածկելու պատճառով հավաստի դարձավ, որ Ինքը ծածուկ Աստված է, իսկ նրա արտաքին մարմինն առողջացնելու պատճառով՝ որ հայտնապես մարդ է: Եվ հինգերորդ՝ [մեղքերը ներեց], որպեսզի ցույց տար, որ Ինքն օտար չէ Օրենքին, որովհետև [անդամալույծն] ի՞նչ պարտք ուներ, կամ [Տերը] նրա ո՞ր մեղքն էր ներում, եթե ոչ Օրենքի [հանդեպ գործված], որովհետև սրա՛ հանդեպ [անդամալույծը] պարտավորություններ ուներ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

2-8․ Եւ ահա նրա մօտ բերեցին մի անդամալոյծ, որ պառկած էր մահճի մէջ: Յիսուս նրանց հաւատը տեսնելով՝ ասաց անդամալոյծին. «Քո մեղքերը քեզ ներուած են»: Եւ ահա օրէնսգէտներից ոմանք իրենց մտքում ասացին՝ դա հայհոյում է: Եւ Յիսուս իմանալով նրանց մտածումները՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ դուք ձեր սրտերում չար բան էք խորհում. ի՞նչն է դիւրին. ասել՝ քեզ ներուա՞ծ են քո մեղքերը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր: Արդ, որպէսզի իմանաք, որ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու, - ասաց նա այդ ժամանակ անդամալոյծին, - վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»: Եւ նա վեր կենալով՝ իր տունը գնաց: Երբ ժողովուրդը այս տեսաւ, զարմացաւ եւ փառաւորում էր Աստծուն՝ մարդկանց այսպիսի իշխանութիւն տուողին:
   
    Հիսուս մի պտույտ ևս կատարելով՝ վերադառնում է Կափառնայում։ Մի քանի օր հետո են միայն կափառնայումցիք լսում, թե Հիսուս քաղաք է վերադարձել։ Եվ ահա քաղաքում սկսվում է իրարանցում, ոմանք հետևում են Նրան լրտեսելու, ոմանք էլ՝ բժշկվելու ակնկալությամբ։ Տեղ հասնելուց մի քանի օր հետո, Հիսուս արդեն խոսում և վարդապետում էր համախմբված մարդկանց և շատ փարիսեցիներ և օրենսգետներ, շուրջը հավաքված՝ ունկնդրում էին։ Ժողովուրդը ևս լեփ-լեցուն էր և մինչև դուռը՝ խռնված։ Մուտքն ու ելքը փակված էր։ Այնպես որ անհնար էր ներս մտնելը։ Նրանք, ովքեր բժշկվելու էին եկել, մնացել էին հուսահատված։ Փարիսեցիների և օրենսգետների մեջ կային Գալիլիայից ու մինչև իսկ Հրեաստանի քաղաքներից եկողներ։ Անգամ Երուսաղեմից եկողներ կային։ Հիվանդների մեջ էլ քիչ չէին դրսից եկողները։ Բոլորն այն համոզմանն էին, թե Հիսուսով հայտնված աստվածային զորության համար անհնար բան չկար։
    Բժշկվելու եկած հիվանդների մեջ կար մի անդամալույծ, որին չորս մարդ բերել և, անշուշտ, ուզում էին Հիսուսի առջևը դնել, բայց ներս մտնելու հնարավորություն չկար։ Ինչպես երևում է, անդամալույծը մեծ կամքի տեր մեկն էր, և իրեն բերողներն ևս դժվարությունից ընկրկող չէին։ Դռնից մտնելու դժվարության դեպքում, տանիքից մտնելու առակը նրանք իրականություն դարձրեցին։ Ավետարանչի բացատրությունը, թե Հիսուս ի տան է , հարմար է հասկանալ այն իմաստով, ինչպես որ առ այսօր գործածվում է տուն բառը ժողովրդական առումով, մանավանդ՝ գավառներում։ Բնակության ընդարձակ, կենտրոնական մասն է, որ հատկապես տուն է կոչվում, որի շուրջը կան սենյակներ։ Տունը չորս կողմի պատերին պատուհաններ չունի։ Առաստաղը բարձրանում է գմբեթաձև փայտերով, մեջտեղն ազատ է։ Այդտեղից են ներս թափանցում օդն ու լույսը։ Սա է երդիկ, լուսամուտ կամ լուսանցույց երդ կոչվածը։ Հիսուս, Իր բնակարանի կամ մեկ ուրիշ մեծ բնակարանի տանը նստած, վարդապետում էր, երբ անդամալույծին բերող չորս երիտասարդները, համոզվելով դռնից ներս մտնելու անկարելիության մեջ, անդամալույծին Հիսուսի առջևը հանելու մտքից չհրաժարվեցին։ Վերջինս էլ, որ իր տրամադրության տակ չորս մարդ ուներ, անշուշտ ունևոր կամ նշանավոր մի անձնավորություն էր։ Դռնից մտնելու մտքից հուսահատ, երդիկից մտցնելու մասին են մտածում և պատգարակը սանդուղքներով կամ պարաններով վեր են բարձրացնում, ու երբ տեսնում են, որ երդիկն էլ փոքր է, չորս կողմից մի երկու փայտ են հանում, անցքն ընդարձակում և, անդամալույծին պարաններով կապելով, ընդարձակված անցքից կամաց-կամաց իջեցնում են ուղիղ Հիսուսի առջև։
    Նորօրինակ միջադեպը ամեքի մոտ հիացմունք է առաջացնում։ Հիսուս ևս ազդվում է հիվանդի անհողդողդ և աննկուն կամքից, համոզվում նրա հավատքի անսասանության մեջ և քանի որ գիտեր, թե ինչպես և ինչու է անդամալուծության ախտը հասել նրան, այսինքն՝ որպես իր մեղքի պատիժ, նախ կամենում է վերացնել հիվանդության սկզբնապատճառը, ուստի շրջվում և անդամալույծին քաղցրորեն ասում է «Որդեակ, թողեալ լիցին քեզ մեղք քո»։ Նույն տեղում գտնվող փարիսեցիները, դպիրները և օրենսգետները սպասում էին, որ Հիսուս այս անդամալույծին էլ խոսքով ոտքի կանգնեցնի։ Բժշկության հրաշքները շատ էին տեսել, բայց մեղքերին թողություն տալու նմանատիպ օրինակի չէին հանդիպել։ Ուստի այլայլվեցին ու գայթակղվեցին և սկսեցին մտովի խորհել․ «Մեղքերի թողություն տալը որտեղի՞ց լույս ընկավ։ Միայն Աստված կարող է այդ բանն անել․ ոչ ոք չի կարող այդ իշխանությունն անձնական սեփականություն դարձնել, այդ բանին հավակնելը հայհոյություն է․ Հիսուս ո՞վ է, որ այս հայհոյական խոսքերը ասի»։ Այդպես էին մտածում նրանք, սակայն խոսել չէին համարձակվում։ Հիսուս կանխեց և իրենց մտածածները բացահայտեց։ «Երևում է -ասաց,- խոսքերիցս շփոթվեցիք և այնպես կարծեցիք, թե ես այնպիսի մի բան ասացի, որ չե՞մ կարող կատարել և կարծում եք, թե ես մեղքերի թողություն տալու կարողություն չունե՞մ։ Արդ, ո՞ր կարողությունն է ավելի մեծ ըստ էության, ո՞րն է ավելի դյուրին՝ մեղքերը ներե՞լը․ թե անդամալույծին ոտքի հանելը․ որովհետև մեղքերը ներելը զգացմունքների հետևից ընկնելով չի լինում և ասելն էլ հեշտ է, մինչդեռ անդամալույծին ոտքի հանելն ավելի մեծ բան է, որովհետև տեսանելի և շոշափելի արդյունքը պետք է լինլ։ Արդ, եթե միայն խոսքով այդ տեսանելի արդյունքը ցույց տամ և անդամալույծին ոտքի հանեմ, պետք է ընդունեք, որ մեղքերը ներելու խոսքս էլ իրական և գործնական արդյունք ունի» ։ Այս խոսքերն ասելուց հետո Հիսուս շրջվում է անդամալույծի կողմը և հրամայական շեշտով ասում․ «Վե՛ր կաց, մահիճդ վերցրու, տու՛նդ գնա»։ Հիսուսի հրամայելը և անդամալույծի վեր կենալը մեկ է լինում։ Պառկած տեղից վեր է կենում, որպես սրունքներում և մյուս անդամներում ստացած ուժի դրսևորում, վերցնում է մահիճը։ Երկու մասի բաժանված բազմությունը ճանապարհ է տալիս, իսկ նա ուրախ, զվարթ, հոգով մաքրված և մարմնով բժշկված, դուրս է գալիս դռնից և տուն գնում։ Թե՛ ներսում եղող բազմությունը և թե՛ դրսում խռնված ժողովուրդն առհասարակ, զարմանքով է սկսում պատմել այդ բժշկության միջադեպը։ Ամենքը վկայում են, թե շատ բժշկություններ են տեսել, որ բոլորովին նման չեն եղել այս մեկին։ Մեղքերին թողություն տալն էլ բոլորովին նորություն էր, նորահրաշ մի նշան։