Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
36-38. «Ժողովրդի բազմությունը տեսնելով՝ Նա գթաց նրանց, որովհետև հոգնել և ցիրուցան էին եղել, ինչպես հովիվ չունեցող ոչխարներ»։ «Այդ ժամանակ Նա Իր աշակերտներին ասաց. «Հունձքը շատ է, բայց մշակները՝ քիչ»»։ «Արդ աղաչե՛ք հունձքի Տիրոջը, որ մշակներ ուղարկի Իր հունձքի համար»։
Դարձյալ նայի՛ր, թե Հիսուս որքան հեռու է փառասիրությունից: Որպեսզի բոլորին Իր հետևից չտանի, Նա ժողովրդի մոտ է ուղարկում Իր աշակերտներին: Այնուամենայնիվ, Քրիստոս ուղարկում է ոչ միայն այդ նպատակով, այլև աշակերտների սեփական ինքնակրթության համար, որպեսզի, Պաղեստինում՝ ասես մի մարտական դպրոցում կրթվելով, նրանք պատրաստվեին ամբողջ աշխարհում գործվելիք սխրանքներին:
Այս իսկ պատճառով էլ, ասես ճտերին թռչել սովորեցնելով՝ Հիսուս նրանց գործունեության համար առավել ընդարձակ մի դաշտ է բացում՝ այն չափով, որ չափով դա համապատասխանում էր աշակերտների կարողություններին, որպեսզի նրանք առավելի դյուրությամբ կարողանային լծվել գալիք սխրանքներին: Եվ սկզբում Փրկիչը նրանց դարձնում է միայն մարմինների բժիշկներ, որպեսզի հետո նրանց վստահի ավելի կարևորը՝ հոգիների բժշկությունը: Եվ նայի՛ր, թե Քրիստոս ինչպես է ցույց տալիս այս առաքելության դյուրությունն ու անհրաժեշտությունը: «Հունձքը, — ասում է Նա, — շատ է, բայց մշակները՝ քիչ»: Ուստի, ասում է՝ «Ես ձեզ ուղարկում եմ ոչ թե սերմանելու, այլ հնձելու»: Հիսուս նմանապես արտահայտվել է նաև Հովհաննեսի կողքին եղած ժամանակ. «Ուրիշներ աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք» (Հովհ. 4:38): Այս խոսքերով Հիսուս Իր աշակերտներին հեռու էր պահում ինքնահավանությունից, խրախուսում էր արիությամբ գործելու և ցույց էր տալիս, որ նախորդիվ գործադրված ջանքերն ավելի մեծ էին:
Նայի՛ր, Քրիստոս այստեղ նույնպես սկսում է ողորմությամբ, այլ ոչ թե դատաստանով: «Գթաց նրանց, - ասվում է, - որովհետև հոգնել և ցիրուցան էին եղել, ինչպես հովիվ չունեցող ոչխարներ»: Դրանով Հիսուս հանդիմանում էր հրեա առաջնորդներին ա՛յն բանի համար, որ նրանք, հովիվներ լինելով, գայլերին բնորոշ հատկություններ էին ցուցաբերում, քանի որ ոչ միայն չէին ուղղում ժողովրդին, այլև խոչընդոտում էին, որ մարդիկ ավելի լավը դառնային:
Ժողովուրդը զարմանում էր և ասում. «Իսրայելում այդպիսի բան երբեք տեղի չի ունեցել» (Մատթ. 9:33): Մինչդեռ հրեա ժողովրդի առաջնորդները (փարիսեցիները), ընդհակառակը, ասում էին. «Նա դևերի իշխանի միջոցով է դևերին հանում» (Մատթ. 9:34): Բայց ի՞նչ մշակների մասին է խոսում այստեղ Տերը: Տասներկու աշակերտների՛ մասին: Իսկ ի՞նչ է դա նշանակում: Ասելով՝ «մշակները քիչ են», ավելացնո՞ւմ է նրանց թիվը: Ո՛չ, այլ միայն տասներկուսի՛ն ուղարկեց: Ուրեմն, Հիսուս ինչո՞ւ է ասում. «Աղաչե՛ք հունձքի Տիրոջը, որ մշակներ ուղարկի Իր հունձքի համար», բայց, ի վերջո, ոչ ոքի չի միացնում նրանց թվին: Որովհետև հետագայում Քրիստոս տասներկուսով փոխարինեց շատերին՝ ո՛չ թե նրանց թիվն ավելացնելով, այլ նրանց զորություն տալով:
Ավելին, ցանկանալով ցույց տալ, թե որքան մեծ է պարգևը, Հիսուս Իր առաքյալներին ասում է. «Աղաչե՛ք հունձքի Տիրոջը», և թեև ոչ ուղղակիորեն, սակայն հասկացնում է, որ Ինքն իսկ է այդ Տերը: Ասելով՝ «աղաչե՛ք հունձքի Տիրոջը»՝ առանց սպասելու նրանց խնդրանքին և աղերսին, Քրիստոս Ինքն անմիջապես ձեռնադրում է նրանց այդ կոչմանը և հիշեցնում է նրանց այն, ինչ Հովհաննեսն էր ասել կալի, քամհարի, որոմի և ցորենի օրինակներով: Այստեղից երևում է, որ Հիսուս Ի՛նքն է Մշակը, Նա՛ է հունձքի Տերը, Նա՛ է մարգարեների Վարդապետը: Եթե Քրիստոս ուղարկեց հնձելու, ապա, իհարկե, ո՛չ թե օտարի սերմանածը, այլ այն, ինչ Նա Ինքն էր սերմանել մարգարեների միջոցով: Եվ դարձյալ, Փրկիչն Իր աշակերտներին խրախուսեց ոչ միայն այն քաջալերանքով, որ նրանց առաքելությունը կոչեց «հունձք», այլև հատկապես նրանո՛վ, որ աշակերտներին զորություն շնորհեց այդ առաքելությունն իրականացնելու համար:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն:
Եվ տեսնելով ժողովրդին՝ գթաց նրան, քանի որ հոգնած և ցրված էին, ինչպես հովիվ չունեցող ոչխարներ:
Այստեղ [ավետարանիչը] հատկապես ամբաստանում է հրեաների գլխավորներին՝ օրենսգետներին ու փարիսեցիներին, քանի որ հովիվ էին, բայց գայլի գործ էին անում. ոչ միայն ուղղություն ցույց չէին տալիս, այլև ուրիշների առաջադիմությանը խանգարում: Որովհետև երբ նրանք զարմանում էին [Հիսուսի] հրաշքի վրա, սրանք հակառակելով չարախոսում էին թե՝ «Դևերի իշխանի միջոցով է Դա դևեր հանում» (Մատթ. 9։34), և ժողովրդի կորստյան վրա չէին ցավում: Նրանց նաև Ամովսն է պախարակում 1: Ուստի լավ Հովիվը, տեսնելով Իր հոտին՝ ոչ այժմ, այլ աստվածային զորությամբ՝ նախքան հավիտյանները, գթաց արարչական կամքով և հենց նրանց համար մարմին առավ, ինչպես ասաց. «Ուրիշ տեղ չուղարկվեցի, քան Իսրայելի տան կորսված ոչխարների մոտ» (Մատթ. 15։24): «Որովհետև,- ասում է [ավետարանիչը],- հոգնած ու ցրված էին»: Այս խոսքի իմաստը երկակի է. կամ հովիվների անուղղա վարքի պատճառով մտքով վշտանում էին (ինչպես Ղովտը, որ նրանց անօրեն ընթացքի պատճառով իր մաքուր հոգին տանջում էր) և այսպես նրանցից հեռանալով՝ անտերունչ շրջում էին. կամ էլ՝ մեղքերից՝ ասես ծանր բեռից «հոգնած»՝ դատվում էին խղճի կողմից և «ցրվել» էին՝ աստվածպաշտական գործեր չկատարելով: Եթե արդարությունը ժողովում և միավորում է Աստծո հետ, ապա մեղքը՝ ցրում ու բաժանում [Նրանից]՝ ըստ այսմ. «Ձեր մեղքերն են բաժանում մտցնում Իմ և ձեր միջև» (Ես. 59։2): Ուստիև [ավետարանիչն] ասում է, թե «ցրված» էին՝ քարայրներում ու լեռների ծերպերում՝ տառապելով և գայլերի ու աղվեսների բաժին դառնալով (Սաղմ. 42։11): «Իբրև հովիվ չունեցող ոչխարներ». նշանակում է, որ բնությամբ անմեղ էին և այդ ամենն առաջնորդներից սովորած լինելով էին կրում, ուստի նրանց գթալով՝ [Տերը նրանց համար] առաջնորդներ է կարգում:
Ստեփանոս Սյունեցի (†735)
36-37․ Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն: Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ:
«Եվ տեսնելով ժողովրդի բազմությունը՝ Հիսուս գթաց նրանց, որովհետև հոգնած էին և ցրված, ինչպես ոչխարներ, որոնք հովիվ չունեն: Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձքը առատ է, իսկ մշակները՝ սակավ»:
[Տերը] իշխանի հավատքից հորդոր ստանալով՝ [աշակերտների] հետ գնում է նրա դստերը մեռելներից հարություն տալու (Մատթ. 9։18): [Ճանապարհին Նրան] մոտենում է [մի կին], ով տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ և համաձայն մովսիսական օրենքի անսուրբ էր, ինչպես և գրված է՝ «Արյունահոսություն և սերմի ծորում ունեցողը թող չմտնի Աստծու տաճար» (Ղևտ. 15։33), քանի որ նա օրինակն է աղտեղի և գարշելի ցանկությունները անդադար դուրս հանող անձանց: Իսկ արյունահոսություն ունեցող կինը հանդիպելով Քրիստոսին [մաքրվեց], որովհետև իր հոգու նախկին հավատով սրբվեց գարշելի հոսումից, որի համար Քրիստոսից արժանավորվեց նաև մարմնի հոսման դադարելուն և բժշկություն գտնելուն:
Սրա բժշկությունից հետո եկավ իշխանի տուն՝ նրա դստերը մեռելներից հարություն տալու: Բժշկում է նաև կույրերի աչքերը՝ նախապես բժշկելով նրանց հոգիների լուսատուները, ինչպես նաև համրերին ու խուլերին:
Իսկ այժմ էլ, ժողովրդին հոգնած տեսնելով, Իր աշակերտներին ասում է. «Հունձքը առատ է, իսկ հնձողները՝ սակավ»: «Հունձք» անվանեց [նրանց], որոնց մեջ ընկնում է վարդապետության սերմը, իբրև բարեբեր հողում, և քանի որ նաև հեթանոսներից շատերը պիտի ընդունեին այնպիսի սերմանողի սերմը, դրա համար էլ ասաց. հնձողները սակավ են, որովհետև [այդպիսիք] տակավին միայն առաքյալներն էին:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:35

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: