Ծննդոց գրքի մեկնություն 9:6

Սրբ. Եփրեմ Ասորի

Ով թափի մարդու արիւնը, նրա արեան փոխարէն թող թափուի իր արիւնը, որովհետեւ Աստծու պատկերով եմ ստեղծել ես մարդուն:

 

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 9:4
   

Ա. Լոպուխին

6-7․ Ով թափի մարդու արյունը, նրա արյան փոխարեն թող թափվի իր արյունը. քանի որ մարդը ստեղծված է Աստծո պատկերով: [6] Իսկ դուք աճեցեք և բազմացեք և տարածվեցեք երկրով մեկ և բազմացեք դրա վրա. (Սինոդական թարգ․)

   

   Ով թափի մարդու արյունը, նրա արյան փոխարեն թող թափվի իր արյունը….Շեղումը մարդասպանությունն արգելող օրենքից հնարավոր էր, սակայն դա ավելի էր ամրապնդում օրենքի իսկ ուժը, զսպելով այդ խախտումը (ճիշտ նույնպիսի) համարժեք հաշվեհարդարի վախով: Սա ինքնին հրաշալիորեն արտահայտում է ամբողջ հինկտակարանային բարոյականության ոգին ու էությունը, որով պահանջվում է` աչքի դիմաց` աչք (ակն ընդ ական), ատամի դիմաց` ատամ (ատամ ընդ ատաման), կյանքի դիմաց` կյանք (Ել.21:24, Ղևտ. 24:20, 2 Թագ. 1:16, Մթ. 5:38): Հենց սա էլ հանդիսանում է արյան վրեժի հնագույն ավանդության հիմքը, որի ինչ որ չափով քաղաքակիրթ մնացուկն են համարվում մեր ժամանակակից դուելները (Ա. Լոպուխինը սույն աշխատությունը գրել է 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբին): Քրիստոնեությունը, սակայն, աշխարհ բերելով հումանիստական նոր սկզբունքներ, վաղուց է դատապարտել այսօրինակ պրակտիկան` պատվիրելով չսպանել թե’ ակամա և թե նույնիսկ’ դիտավորությամբ մարդասպանություն գործածին, այլ նրան ամեն կերպ ուղղել և վերադարձնել մարդկային ճշմարիտ կյանքին:

     Քանի որ մարդը ստեղծված է Աստծո պատկերով…Ահա ներքին, խորախորունկ հիմքն այն բանի, թե ինչու մարդուն սպանելն առանձնապես հանցավոր է: Աստծո պատկերի նմանությամբ մարդու արարումն ասես նրան ինչ-որ չափով հոգևոր ազգակցության մեջ է դնում Աստծո հետ, մարդու անձը դարձնում սրբազան և անձեռնմխելի, ուստի որևէ մեկը, չբացառելով նաև հենց մարդուն, կտրականապես իրավունք չունի խլելու նրա կյանքը, որի միակ տնօրինողը հենց այդ կյանքը շնորհողն է`Աստված: Վերը բերված նախադասության մեջ կարևոր է ընդգծել առաջին հերթին և այն, որ անուղղակիորեն հաստատվում է պատկերի և նմանության տարբերությունը, և երկրորդ` այն, որ Աստծո պատկերի առկայությունը չի ժխտվում նաև մեր (մերօրյա) մարդու մեջ:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ով թափի մարդու արիւնը, նրա արեան փոխարէն թող թափուի իր արիւնը, որովհետեւ Աստծու պատկերով եմ ստեղծել ես մարդուն:
(Արարատ թարգ․) Ով մարդու արյուն թափի, թող նրա արյունը մարդու ձեռքով թափվի, որովհետև Աստծո պատկերով ստեղծեց մարդուն:
(Գրաբար) Որ հեղու զարիւն մարդոյ, փոխանակ արեան նորա հեղցի՛ արիւն նորա։ Զի ի պատկե՛ր Աստուծոյ արարի ես զմարդն։