Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Հիսուս, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Եվ նա վեր կացավ ու գնաց Նրա հետևից»։
Անդամալույծի նկատմամբ հրաշք գործելուց հետո Քրիստոս չմնաց Կափառնայումում, որպեսզի Իր ներկայությամբ դպիրների մեջ ավելի մեծ նախանձ չբորբոքի, այլ նրանց հաշտեցնելու և այդ չարափառ կիրքը մեղմելու համար Փրկիչը հեռացավ այդ շրջանից: Այդպես նաև մենք չպետք է գրգռենք մեր թշնամիներին` նրանց հետ մնալով, այլ նրանց բարկությունը մեղմելու համար պետք է զիջել և հեռանալ նրանցից:
Բայց ինչո՞ւ Փրկիչը Մատթեոսին չկանչեց Պետրոսի, Հովհաննեսի և մյուսների հետ միաժամանակ: Որովհետև, ինչպես հիշյալ աշակերտների մոտ Հիսուս գնաց միայն այն ժամանակ, երբ նրանք ընդունակ էին լսելու Իրեն, այդպես էլ Մատթեոսին կանչեց այն ժամանակ միայն, երբ վերջինս պատրաստ էր գնալ Փրկչի հետևից: Այդ նույն պատճառով էլ Քրիստոս Պողոս առաքյալին կանչեց միայն Իր Հարությունից հետո: Իմանալով սրտերը և գիտենալով յուրաքանչյուր մարդու գաղտնի մտածումները՝ Հիսուս գիտեր, թե նրանցից ով երբ պատրաստ կլինի հետևելու Իրեն:
Ահա թե ինչու Քրիստոս Մատթեոսին կանչեց ոչ թե սկզբում, երբ վերջինս դեռևս քիչ ընկալունակ էր, այլ այն բանից հետո, երբ կատարեց բազմաթիվ մեծամեծ հրաշքներ և երբ Իր փառքը տարածվեց ամենուր։ Այդժամ Մատթեոսն առավել ընդունակ դարձավ` հնազանդվելու Քրիստոսի կանչին: Հիացմունքի է արժանի նաև Մատթեոս ավետարանչի խոհեմությունը: Նա ոչ միայն չի թաքցնում իր նախկին կյանքը, այլև ինքն իրեն անվանում է անունով` այն դեպքում, և մյուսները թաքցնում էին իրենց անունը՝ օգտագործելով այլ անվանումներ:
Ավետարանիչն ինչո՞ւ է ասում՝ «նստած էր մաքսատանը»։ Որպեսզի այդպիսով ցույց տա Տիրոջ զորությունը, Որն իրեն առաքելության էր կոչել ոչ թե այն բանից հետո, երբ ինքը հրաժարվել էր իր անպատիվ առևտրից ու դադարել զբաղվել դրանով, այլ իրեն վեր էր հանել չարիքի խորխորատից` ճիշտ այնպես, ինչպես երանելի Պողոսին Աստված դարձի բերեց այն ժամանակ, երբ վերջինս մոլեգնում ու կատաղությամբ և չարությամբ մարտնչում էր Եկեղեցու դեմ: Այդ մասին Գաղատացիներին ուղղված նամակում գրում է նաև ինքը՝ Պողոսը, այդպիսով կամենալով ցույց տալ Իրեն կանչողի զորությունը. «Դուք լսած կլինեք հրեության մեջ եղածս ժամանակ երբեմնի իմ ընթացքի մասին, թե ինչքա՜ն էի հալածում Աստծու Եկեղեցին» (Գաղ. 1:13): Տերը ձկնորսներին նույնպես առաքելության կանչեց այն ժամանակ, երբ նրանք զբաղված էին իրենց արհեստով: Բայց ձկնորսության արհեստը ոչ մի անպատվություն չէր պարունակում. այն բնորոշ էր ոչ կիրթ և պարզ մարդկանց: Ի հակադրություն սրա` հարկահավաքների արհեստը խայտառակ և ամոթալի զբաղում էր համարվում: Այն ենթադրում էր աններելի ագահություն, անպատվաբեր շահ ու կողոպուտ` օրենքի քողի տակ: Եվ, այնուամենայնիվ, նրանց Կանչողը դա բնավ ամոթ չհամարեց։ Եվ արդյո՞ք զարմանալի է, որ Քրիստոս ամոթ չհամարեց հարկահավաքին ծառայության կանչելը` այն դեպքում, երբ Նա ոչ միայն չէր խորշել կանչել պոռնիկին, այլև վերջինիս չէր էլ արգելել համբուրել և արցունքներով թրջել Իր ոտքերը:
Ահա թե ինչու Հիսուս եկավ բուժելու ոչ միայն մարմինը, այլև հոգին՝ չարիքից բժշկելու: Քրիստոս այդպես վարվեց նաև անդամալույծի հետ: Իր այդ հրաշքով հստակորեն ցույց տալով, որ Ինքը կարող է թողություն տալ մեղքերին` այդուհետև Փրկիչը կանչում է նաև Մատթեոսին, որպեսզի մյուսները, տեսնելով, որ Ինքը (Հիսուս) հարկահավաքին ընդունում է Իր աշակերտների թվում, այլևս չվրդովվեն: Եթե Քրիստոս իշխանություն ունի ներելու բոլոր մեղքերը, ապա ինչո՞ւ է զարմանալի թվում այն, որ Նա հարկահավաքին առաքյալ է դարձնում: Բայց ճանաչելով հանդերձ Կանչողի զորությունը` այժմ ճանաչի՛ր նաև կանչվածի հնազանդությունը: Մատթեոսը չդիմադրեց, չկասկածեց և չասաց. «Ի՞նչ է սա նշանակում, մի՞թե Տերը կանչում է ինձ, որ այդքան մեղավոր եմ»: Այդպիսի խոնարհությունն այստեղ տեղին չէր լինի...Մատթեոսը, ձկնորսների նմանողությամբ, անմիջապես հնազանդվեց ու նույնիսկ ցանկություն չցուցաբերեց տուն գնալու և հարազատների հետ խորհրդակցելու: Եվ ինչպես նրանք թողեցին թե՛ իրենց ուռկանները, թե՛ իրենց նավակը և թե՛ իրենց հորը, այդպես էլ Մատթեոսը թողեց իր արհեստն ու շահը և գնաց Հիսուսի հետևից՝ լիակատար պատրաստակամություն ցույց տալով ամեն ինչի համար, և հանկարծակի հրաժարվելով աշխարհային ամեն բանից՝ կատարյալ հնազանդությամբ հաստատեց իր կանչի ժամանակին լինելը:
Սակայն ինչո՞ւ է, որ, - կհարցնես դու, - ոչ մի տեղ չի ասվում, թե ինչպես են կանչվել մյուս առաքյալները, և խոսվում է միայն Պետրոսի, Հակոբոսի, Հովհաննեսի ու Փիլիպպոսի կանչի մասին: Որովհետև հենց այս թվարկված առաքյալներն էին, որ արհամարհելի և ստորակարգ զբաղմունքներ ունեին։ Իսկապես որ, ի՞նչը կարող է ավելի վատ լինել, քան հարկահավաքի «պաշտոնը», ի՞նչն է ավելի նվաստ, քան ձկնորսների զբաղմունքը: Իսկ այն, որ Փիլիպպոսը նույնպես անվանի ծագում չուներ, ակնհայտ է դառնում նրա ծագումնաբանությունից: Ահա թե ինչու ավետարանիչները հիմնականում պատմում են այս աշակերտների կանչի և մասնավորապես նրա՛նց զբաղմունքների մասին: Այդպիսով ավետարանիչները ցանկանում էին ցույց տալ, որ իրենց պետք է «հավատալ» նաև փառավոր գործերի մասին պատումներում: Իրոք որ, եթե նրանք, պատմելով Վարդապետի ու Նրա աշակերտների գործերի մասին, նրանց անփառունակությանը վերաբերող ոչինչ, կարծես թե, բաց չեն թողնում, և նույնիսկ հատուկ մանրամասնությամբ են պատմում այդ ամենի մասին, ապա ուրեմն ինչո՞ւ պետք էր կասկածել նրանց այն ժամանակ, երբ նրանք խոսում էին փառավոր գործերի մասին: Եթե ավետարանիչները լռում են Հիսուսի բազմաթիվ նշանների և հրաշքների մասին, բայց մանրամասնորեն պատմում են խաչի մոտ տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնք, կարծես, նվաստացուցիչ են, և, առանց ամաչելու, խոսում են աշակերտների ցածրակարգ զբաղմունքների ու աղքատ վիճակի և Վարդապետի նախնիների մասին, որոնք հայտնի էին կա՛մ իրենց մեղքերով, կա՛մ էլ աղքատությամբ, ապա այս դեպքում արդյո՞ք ակնհայտ չէ, որ նրանք խիստ բծախնդրությամբ էին վերաբերվում ճշմարտությանը և կողմնակալությունից կամ սնապարծությունից դրդված ոչինչ չէին գրում։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ Յիսուս այնտեղով անցնելով՝ տեսաւ Մատթէոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. «Իմ յետեւի՛ց արի»: Եւ նա վեր կենալով՝ գնաց նրա յետեւից:
Այդտեղից անցնելուց հետո Հիսուսը մի մարդ տեսավ, որ նստած էր մաքսատան մոտ, Մատթեոս անունով, և ասաց նրան. «Ե՛կ Իմ հետևից»: Նա վեր կացավ, գնաց Նրա հետևից:
Հրաշքները գործելուց հետո չմնաց այդտեղ, որպեսզի [օրենսգետների] նախանձը չբորբոքվեր, այլ խույս տալով՝ նրանց փոքրինչ մխիթարություն շնորհեց: Նաև կարևոր գործի համար էր գնում՝ աշակերտին կանչելու, ինչպես [Ավետարանն] է ասում, որ երբ անցնում էր, Մատթեոսին կանչեց, որովհետև երբ [ավետարանական քարոզության] սերմերը հասունանային և հաջող լինեին, մշակի կարիք էր լինելու: Եվ սա եղավ [Հիսուսի՝ այդ տեղով] անցնելու պատճառով. որովհետև եթե չանցներ, չէր տեսնի [Մատթեոսին]. եթե չտեսներ, չէր կանչի. և եթե չկանչեր, նա չէր հետևի [Հիսուսին]: Ուրեմն՝ [Մատթեոսի՝ Հիսուսի հետ] գնալը կանչելու հետևանքն էր, կանչելը՝ տեսնելու, տեսնելը՝ այդ կողմով անցնելու: Սրանից սովորելով է Պողոսն ասում. «Ինչպե՞ս կհավատան, եթե չլսեն. ինչպե՞ս կլսեն, եթե չքարոզեն. և ինչպե՞ս կքարոզեն, եթե չուղարկվեն» (հմմտ. Հռոմ. 10։14-15): [Եվ սա ասվում է] համոթ նրանց, ովքեր նույն տեղում նստելով՝ կամենում են շատերի [հոգիները] շահել:
Բայց ինչո՞ւ [Տերը Մատթեոսին] ոչ թե Պետրոսի և Հովհաննեսի հետ կանչեց, այլ այժմ: Կամ որովհետև կանչվելու կարգն այդպես պատահեց, կամ էլ՝ [Տերն] այն ժամանակ է կանչում, երբ գիտի, որ անսալու են, ինչպես որ Պողոսին մեկ տարի հետո կանչեց (Գործք 9):
Իսկ ի՞նչ է «տեսավ»-ը. ո՛չ թե միայն մարմնավոր տեսողությամբ [տեսավ], այլև իմանալի աստվածային զորությամբ: [Մատթեոսը] «նստած էր», այսինքն՝ հաճույքներով հանգիստ էր վայելում մաքսավորության մեջ, ինչպես մահճում, և [Հիսուսը նրան] այդտեղից կանչեց, որպեսզի դրանով Կանչողի զորությունը հայտնի դառնար, որովհետև [Մատթեոսն] այդ չարիքը չէր նվազեցրել կամ մերժել, այլ [Հիսուսը] նրան հենց այդ չարիքի միջից դուրս կորզեց, ինչպես մոլեռանդ ու կատաղի Պողոսին: Եվ ինչպես որ Կանչողի զորությունը տեսար, իմացիր նաև կանչվողի հնազանդությունը, որովհետև չհապաղեց կամ չերկմտեց, այլ իսկույն ամեն ինչ թողնելով՝ գնաց Նրա հետևից: Ինչպես ձկնորսները ուռկանը, նավն ու իրենց հորը [թողեցին], այդպես էլ սա իրեն կտրեց երկրավորից և գնաց երկնավոր կոչման հետևից՝ թողնելով ոչ միայն մաքսավորության շահը, այլև անտեսելով այն վտանգները, որոնք իշխանությունների կողմից պիտի հասնեին նրա ընտանիքին՝ մաքսահավաքությունն իր անավարտ թողնելու պատճառով: [Հիսուսը] նրան կանչեց պատշաճ ժամանակին վկա դառնալու համար:
Մատթեոսին կանչելով՝ [Տերը] նաև ցույց է տալիս, որ ցանկացած զբաղմունքի [մարդիկ] էլ հաճելի են Աստծուն, երբ միամիտ սրտով դառնում են դեպի Տերը՝ ըստ այսմ. «Օրենսգետ է դարձնում նրան այն ճանապարհին, որը հավանեց» (Սաղմ. 24։12), և այլուր [ասվում է]. «Մարդու ճանապարհին կգտնի նրան» (Հոբ 34։11):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
9-17․ Եւ Յիսուս այնտեղով անցնելով՝ տեսաւ Մատթէոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. «Իմ յետեւի՛ց արի»: Եւ նա վեր կենալով՝ գնաց նրա յետեւից: Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիւ մաքսաւորներ ու մեղաւորներ եկան բազմեցին Յիսուսի եւ նրա աշակերտների հետ: Երբ փարիսեցիները այդ տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսաւորների ու մեղաւորների հետ ուտում»: Իսկ Յիսուս, երբ լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին: Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ. քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղաւորներին: Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Ինչո՞ւ մենք եւ փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»: Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա ծոմ կը պահեն: Ոչ ոք չօգտագործուած կտաւի կտորը հնացած ձորձի վրայ չի կարկատի, քանի որ այն իր լրիւ չափով կը պատռի կը հանի զգեստից, եւ պատռուածքը աւելի վատ կը լինի: Ոչ էլ նոր գինին հին տիկերի մէջ են դնում. ապա թէ ոչ տիկերը կը պատռուեն. ե՛ւ գինին դուրս կը թափուի, ե՛ւ տիկերը կը փչանան. այլ նոր գինին նոր տիկերի մէջ են լցնում, եւ երկուսն էլ պահւում են»:
Մի քանի օր Կափառնայումում մնալուց հետո, Հիսուս Տիբերեայի ծովեզերքից անցնելիս տեսնում է մի մաքսավորի, որ, ճանապարհի վրա գտնվող իր տաղավարում նստած, ծովից բերած ձկան և քաղաք մտնող ապրանքի մաքսի տուրքն էր գանձում։ Մաքսավորի անունը Ղևի էր, Ալփեոսի որդին, որ [տեղանքի] սովորության համաձայն երկրորդ անուն էլ ուներ և կոչվում էր Մատթեոս։ [Ենթադրաբար] Ղևի-Մատթեոսը Հորդանանի եզերքին Հիսուսի [գործունեության] ականատեսն ու հետևողներից մեկն է եղել (Գործ․ 1։22), երբեմն էլ Հիսուսի հետ է շրջագայել։ Սակայն այժմ, երբ Հիսուս կամենում էր Իր հետ մշտապես շրջող մի խումբ կազմել, ինչպես վարվել էր Հովնանյան և Զեբեդյան եղբայրների հետ, Մատթեոսին էլ կարգադրում է, որ այսուհետև ինքն էլ իրեն ուղեկիցների հետ լինի «Ե՛կ զկնի իմ»։ Մատթեոսն ընդունում է հրավերը, և ի նշան նոր որոշման, Հիսուսին Իր տուն է հրավիրում։ Կրկին Կափառնայում են վերադառնում և այնտեղ Մատթեոսը սեղան է բաց անում Հիսուսի և Նրան հետևողների համար։ Հրավիրում է նաև իր բարեկամներին, որ նույնպես մաքսավորներ էին, ընդհանրապես մեղավոր համարվող մարդիկ։
Մաքսավորների մեղավոր համարվելու պատճառը ոչ թե պաշտոնի բնույթն էր, այլ՝ պաշտոնի կատարման հանգամանքը։ Այն ժամանակ տուրքերը տրվում էին կապալով։ Ուստի պետության հետ պայմանավորված դրամը գանձելու համար [հռոմեացիները], որպես կապալառուներ, ամեն տեսակի արտոնություններ էին վայելում։ Ոչ միայն իրենք էին սահմանում տուրքերի չափն ու քանակը, այլև գանձելիս իրավունք ունեին գործադրել ցանկացած միջոց։ Ոչ միայն կարող էին վաճառել պարտապանի ինչքն ու կարասին, տունն ու կալվածքը, այլ նույնիսկ կնոջն ու երեխային։ Անգամ պարտապանին, իբրև ստրուկ, կարող էին վաճառել և գումարը գանձել պարտքի փոխարեն։ Անշուշտ, այդ գործողություններում անիրավություններ գործելու համար մեծ ասպարեզ էր բացվում, և կապալառուների պաշտոնյաներն էլ դառնում էին նրանց գործիքները՝ մեղավորի անուն վաստակելով։ Սակայն Ավետարանում միայն մաքսավորները չէ, որ մեղավորներ են համարվում, այլ նաև ուրիշ սրանց նմաններ, այսինքն՝ հրապարակորեն խիղճը կորցրած և ամոթը մոռացած առևտրականներն ու վաշխառուները։
Հիսուս առանց դժվարության մտավ Մատթեոսի տունը, նստեց նրա սեղանի գլխին, չխորշեց մաքսավորների և մեղավորների հետ սեղանակից լինելուց։ Սակայն դա դուր չեկավ փարիսեցիներին ու դպիրներին, որ, իբրև սուրբ և արդար անձնավորություններ, հանձն չէին առնում անմաքուրների ու անիրավների հետ սեղան նստել ու պղծվել։ Մեղադրում էին նրանց, ովքեր այդ զգուշությունները չէին պահպանում։ Փարիսեցիներից և դպիրներից ոմանք չհամարձակվեցին այդ մասին ուղղակիորեն Հիսուսին ասել։ Մոտեցան աշակերտներից ոմանց և նկատողություն արեցին․ «Ինչու՞ եք դուք անզգույշ վարվում և մաքսավորների ու մեղավորների հետ սեղան եք նստում»։ Աշակերտներն, անշուշտ, դժվարությամբ պիտի նրանց առարկությանը պատասխան տային։ Իրենք էլ սնվել էին նույն նախապաշարումներով։ Որքան էլ անվերապահորեն վստահում էին Հիսուսին, այնուամենայնիվ, նրա հոգին և սկզբունքները բացատրելու համար բավարար զարգացում չէին ստացել, ուստի ստիպված եղան փարիսեցիների նկատողությունները Հիսուսին հաղորդել և խոսակցությունն սկսեց ուղղակի շարունակվել Հիսուսի և դիտողություն անողների միջև։
Հիսուս դիտողություն անող փարիսեցիներին ու դպիրներին նկատել տվեց, որ ոչ միայն որևէ արգելք չկա մեղավորներին ու մաքսավորներին մոտենալու հարցում, այլ նույնիսկ պարտքի զգացում կա։ Ուսուցիչներն ու վարդապետները, օրենսգետներն ու դպիրները հոգու բժիշկներ են։ Արդ, բժիշկները ոչ թե առողջների, այլ հիվանդների մոտ են գնում։ Մաքսավորներն ու մեղավորները հոգով հիվանդ են։ Հոգու բժիշկները պետք է մոտենան նրանց։ «Ես էլ- ասում է,- այդ պաշտոնն ունեմ, ապաշխարության հրավիրողն եմ և Երկնից Արքայության ուսուցիչը, արդարներին չի ուղղված իմ պաշտոնը, այլ՝ մեղավորներին։ Սուրբ Գրքին նայեցեք։ Արդյոք Աստված այդպես չասա՞ց․ Զողորմութիւն կամիմ եւ ոչ զզոհ (Ովսե․ 6։6) որ նշանակում է, թե Աստված ավելի է գնահատում գութն ու սերը, քան՝ օրինական զգուշավորությունները։ Մեղավորներից խորշելն օրինական զգուշություն է, իսկ մոտենալը՝ գութի և սիրո դրսևորում»։
Այն օրը, երբ Մատթեոսի ճաշկերույթն էր կատարվում, փարիսեցիների սովորության համաձայն պահքի օր էր, որն օրինապահ հրեաները, ինչպես նաև Հովհաննես Մկրտչի աշակերտները խստությամբ էին պահում։ Հովհաննես Մկրտչիը, [որպես] մի ճգնավոր, պահքերն ավելացնելու կողմնակից էր։ Հիսուս, ընդհակառակը, օրենքից դուրս պահքերին կարևորություն չէր տալիս։ Ինքը չէր պահում, յուրայիններին ևս չէր ստիպում, որ պահեն։ Ահա թե ինչու էր համարձակորեն պատվել Մատեթոսի ճաշկերույթը։ Այդ կետն էլ դարձավ հատուկ [քննության] առարկա, քանի որ Հիսուս և Իրեն հետևողները, նախօրոք Հովհաննես Մկրտչից մկրտվելով, համարվում էին նրա աշակերտները, նաև նրա ընթացքին հետևողները։ Փարիսեցիները Հովհաննեսյանների միջոցով ուղղակիորեն խոսում էին Հիսուսի հետ։ «Մենք ամենքս,- ասում էին, - հատուկ պահքեր ունենք և ճշտությամբ ենք պահում։ Ինչո՞ւ դու չես պահում և աշակերտներիդ էլ չես հարմայում, որ պահեն»։
Ըստ Մովսեսի օրենքի, հրեական պահքը տարին մեկ անգամ է միայն՝ յոթերորդ ամսվա տասներորդ օրը, քավության տօնին (Ղևտ․ 16։31): Բայց քանի որ պահքի կամավոր սկզբունքն ընդունված էր (Թիվք․ 30։14), ուստի, կամավորները սովորական և սովորականներն օրինական դառնալով, Հիսուսի ժամանակ պահոց օրերը բավականին շատացել էին։ Ոչ միայն ամեն յոթնյակի երկու օրը՝ երկուշաբթին ու հինգշաբթին էին պահքի օրերը (Ղուկ․ 18։12), այլև, թեկուզ կամավոր, ամսաթվի հաշվով երեսունի հասնող պահքի օրեր կային՝ հրեաների հետ պատահած որևէ ցավալի աղետի տարելիցի համար, չհաշված ամենևին կամավոր պահքերը։ Պահքը պահանջում էր արևի մայրամուտից սկսած քսանչորս ժամ ոչինչ չուտել․ ուտել միայն մեկ անգամ, այն էլ՝ զգուշանալով ախորժելի կերակուրներից։ Այդ օրը հրեաները գործ չէին անուն, միայն աղոթում էին, հագնում քրձեր, մոխիր ցանում, չէին լվացվում և չէին օծվում, շրջում էին բոկոտն, զգուշանում առագաստից, և այն ամենը «Եղիցի ձեզ հանգիստ եւ լլկեսջիք զանձինս ձեր»- բացատրությունն էր պարունակում (Ղևտ․ 16։31):
Հիսուսի պատասխանը երկու կետ էր շոշափում․ նախ Իր աշակերտների պահքից ազատ լինելը, երկրորդ՝ օրինական համարվող պահքերի հաստատուն չլինելը։ Խոսելով Իր աշակերտների մասին՝ ասում է. «Հարսանիքում գտնվողներին չեն վայելում ցավի ու տխրության գործերը․ Իմ աշակերտները հարսանիքի մեջ են, քանի որ փեսան իրենց հետ է․ երբ փեսան իրենցից հեռանա, նրանք էլ ցավի ու տխրության գործեր կձեռնարկեն ու պահք կպահեն»։ Հիսուս Իրեն փեսային նմանեցնելով՝ ակնարկում է Հովհաննես Մկրտչի խոսքը, որ իրեն փեսայի բարեկամի, իսկ Հիսուսին Փեսայի էր նմանաեցրել (Հովհ․ 3։29)։ Հովհաննեսյանները պետք է լավ հիշեին իրենց վարդապետի խոսքերը։
Օրինական համարված սովորությունների մասին խոսելով՝ ասում է «Հին ու մաշված հագուստին նոր և ամուր կտոր չի դրվի, որովհետև մաշված հագուստը ամուր կտոր չի պահի, քանի որ նորը հնի առավել պատռվելու պատճառը կդառնա։ Հին ու մաշված տիկի մեջ էլ նոր ու եռացող գինի չի պահվի, որովհետև մաշված տիկը եռքին չի դիմանա, տիկը կպայթի ու գինին կհոսի»։
Հիսուսի բերած համեմատությունների համաձայն, հին օրինական սովորությունները մաշված հագուստին և հնացած տիկին, իսկ քարոզությունները՝ նոր կտորին և նոր գինուն էին նմանեցվում։ Հնի հետ դրանք չեն հարմարվում․ պետք է նոր գինին նոր տիկի մեջ դնել, Նոր Ուխտը Նոր օրենքներով կազմել, որպեսզի հաստատուն հիմքով պատրաստվի և պահպանվի։ Հիսուս այդ ժամանակից սկսում է հայտարարել Հին Ուխտի դադարեցումը։ Հինը նմանեցնում է հնացած ու մաշված իրերին, որոնք այլևս հարատևել և գործածվել չեն կարող։
Ղուկասը գինու օրինակից վերցված մի պարագա էլ է ավելացնում, թե ինչպես պետք է կամաց-կամաց հինը փոխարինել նորով։ Հին գինուն վարժվածը միանգամից չի կարող վարժվել նորը խմելուն։ Միշտ իր համար հինն ավելի հաճելի է թվում։ Պետք է ճաշակը փոխել կամաց-կամաց։ Հիսուսի այդ խոսքերը ենթադրել են տալիս մի ուրիշ առարկություն, որն ավետարանիչը ծածկել է լռության քողով։ Այն ժամանակ, երբ Հիսուս հայտարարում էր Հին Ուխտի դադարեցման մասին, կարող էր ասվել․ «Որեմն ինչո՞ւ ես դու տակավին հետևում օրինականության պահպանմանը և բոլորովին չես խզում կապդ»։ Այդ առարկության պատասխանը Հիսուսի վերջին խոսքն է․ «Հնին վարժվածին պետք չէ միանգամից այն մի կողմ թողնել, այլ պետք է նորին վարժվել աստիճանաբար»։ Եվ իրոք, այդպես վարվեցին Հիսուսն և Իր առաքյալները։ Հիսուսի օրոք Հին Ուխտի պահպանումը նախապաշարյալ ավելորդապաշտություններից մերկացնելու ջանքեր եղան, հետո տրվեց օրենքի պատվիրանները հեթանոսությունից դարձի եկողների վրա բեռ չդարձնելու որոշումը, ի վերջո հենց հրեաների համար էլ պարտադիր չհռչակվեց։ Հինն ամբողջովին դադարեց, և Նորը հաստատվեց ու տարածվեց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: