Դանիելի մարգարեության մեկնություն 4(3):17

Սուրբ Եփրեմ Ասորի

Որովհետեւ մեր Աստուածը, որին մենք պաշտում ենք, երկնքում է, կարող է փրկել մեզ բորբոքուած կրակի հնոցից եւ ազատել մեզ քո ձեռքից:
   
   Դանիելի ընկերները վստահ էին, որ կազատվեն կրակից և սրից  ճիշտ այնպես, ինչպես Դանիելն էր վստահ, որ իր համար կբացահայտվեն թե՛ երազը  և թե՛ դրա իմաստը: Եվ ինչպես Դանիելը խնդրեց իրեն ժամանակ տալ՝ համոզված լինելով, որ թագավորին կհայտնի երազի իմաստը, այնպես էլ նրա ընկերներն են ասում. «Մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, երկնքում է, կարող է փրկել մեզ բորբոքված կրակի հնոցից և ազատել մեզ քո ձեռքից», այսինքն՝ ո՛չ սուրը  և ո՛չ էլ որևէ այլ տանջանք չի կարող խլել մեր կյանքը և վնասել մեզ:
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Որովհետեւ մեր Աստուածը, որին մենք պաշտում ենք, երկնքում է, կարող է փրկել մեզ բորբոքուած կրակի հնոցից եւ ազատել մեզ քո ձեռքից:
   
   Նրանք հիշեցրին Դանիելի բարի գործի մասին և նույն խոսքերն ասացին, որոնք մարգարեն ասել էր այն ժամանակ: Իսկ ի՞նչ էր նա ասել։ «Այդ գաղտնիքը, որի մասին հարցնում է արքան, իմաստունները, մոգերը, հմայողներն ու բախտագուշակները արքային պատմել չեն կարող, այլ երկնքում կա Աստված, որ հայտնում է գաղտնիքները» (Դան. 2։27, 28):  Երիտասարդները թագավորին հիշեցնում են այս խոսքերը, որպեսզի նրան ավելի ողորմած դարձնեն:

   Նրանք միայն ցանկանում էին ցույց տալ իրենց բարեպաշտությունը: Ուստի չփորձեցին տարածվել բառերի մեջ, այլ ամբողջը համառոտ կերպով արտահայտեցին հետևյալ բառերով. «Մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, զորավոր է և կարող է փրկել մեզ բորբոքված կրակի հնոցից»։ Ինչո՞ւ ես մեր դիմաց բազում ժողովուրդ հավաքում: Ի՞նչ կարող է հնոցն անել։ Ինչո՞ւ են սուր թրերը նիզակավորներից սարսափելի: Մեր Տերը այս ամենից բարձր և ուժեղ է:
   

Ա. Լոպուխին

«Մեր Աստվածը, որին մենք ծառայում ենք, կարող է մեզ փրկել կրակով բորբոքված հնոցից և ազատել քո ձեռքից, ո՛վ թագավոր»։  (Սինոդական թարգ․) [17]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4(3):16
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) որովհետեւ մեր Աստուածը, որին մենք պաշտում ենք, երկնքում է, կարող է փրկել մեզ բորբոքուած կրակի հնոցից եւ ազատել մեզ քո ձեռքից:
(Արարատ թարգ․ 3։17) Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից, քո ձեռքից ևս, ո՛վ թագավոր, նա կազա։
(Գրաբար) զի է՛ մեր Աստուած յերկինս՝ զոր մե՛քն պաշտեմք. կարօղ է փրկել զմեզ’ի հնոցէ հրոյդ բորբոքելոյ, և’ի ձեռաց քոց արքայ՝ ապրեցուցանել զմեզ։