Ա. Լոպուխին
«Սակայն դու, մարդո՛ւ որդի, դեմքդ դարձրո՛ւ դեպի քո ժողովրդի դուստրերը, որոնք մարգարեանում են իրենց սրտից, և մարգարեացի՛ր նրանց դեմ»։ (Սինոդական թարգ․)[17]
Մարգարեուհիների հանդիմանությունը։ Հրեաների շրջանում մարգարեական պարգևը հաճախ տրվում էր նաև կանանց, որոնց թվում էին Մարիամը, Դեբորրան, Աննան, Հոլդամա: Բաբելոնյան գերությունից առաջ կեղծ մարգարեուհիների մասին որևէ հիշատակություն չկա, եթե չհաշվենք Էնդորյան գերդաստանի կախարդուհիներին։ Գերությունից հետո Նոադիան գործեց ընդդեմ Նեեմիայի (Նեեմ․ 6:14): Նրանց դեմ ուղղված Եզեկիելի առանձնահատուկ խոսքը, որը զուգակցվում է հանդիսավոր «դեմքդ դարձրո՛ւ» (= «զբաղվի՛ր» (հմմտ. 4:7, 6։2 և այլ տեղիներ) արտահայտությամբ, ցույց է տալիս, որ մարգարեուհիների այս «ինստիտուտը» գերության ընթացքում լայն զարգացում է ապրել, հավանաբար, ճնշող տրամադրությունների և բաբելոնական մոլուցքների ազդեցության տակ։ Յահվեի անունից խոսելով՝ Եզեկիելի ժամանակաշրջանի մարգարեուհիները
ա) մարգարեանում էին իրենց սեփական մտքով,
բ) դա անում էին ոչ անշահախնդիր կերպով,
գ) դիմում էին հեթանոսական մոգության օգնությանը։ Այսպիսով, այն, ինչը որ մարգարեներն անում էին ավելի մեծ մասշտաբներով՝ ամբողջ ժողովրդի հանդեպ, այդ նույն բանը մարգարեուհիներն անում էին փոքր մասշտաբներով՝ առանձին անհատների հանդեպ. նրանք կախարդանքի միջոցով հոգիներ էին որսում:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, դարձրո՛ւ դէմքդ քո ժողովրդի դուստրերի կողմը, որոնք իրենց սրտի ուզածի պէս էին մարգարէանում: Դու էլ մարգարէութի՛ւն արա նրանց մասին ու ասա՛.
(Արարատ թարգ․) «Եվ դու, մարդո՛ւ որդի, դեմքդ դարձրո՛ւ քո ժողովրդի դուստրերի դեմ, որոնք մարգարեանում են իրենց մտքից, և մարգարեացի՛ր նրանց դեմ
(Գրաբար) Եւ դու որդի մարդոյ՝ հաստատեա՛ զերեսս քո ‘ի վերայ դստերաց ժողովրդեան քոյ, որ մարգարէանային ‘ի սրտից իւրեանց. մարգարէա՛ց ‘ի վերայ նոցա,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: