Ա. Լոպուխին
«Ու ասա՛. «Այսպես է ասում Տեր Աստված. «Վա՜յ նրանց, ովքեր մոգական բարձիկներ են կարում թևերի յուրաքանչյուր հոդի համար և ծածկոց են պատրաստում ամեն հասակի մարդկանց գլխի համար՝ հոգիներ որսալու նպատակով։ Մի՞թե Իմ ժողովրդի հոգիները որսալով դուք կփրկեք ձեր հոգիները»»։ (Սինոդական թարգ․)[18]
«Մոգական բարձիկներ» - եբրայական բնագրում միայն այս հատվածում հանդիպող «կեսաթոտ» բառը ծագումով նման է ասորերեն «կասու»՝ «կապել» բառին, և մեկնիչների մեծամասնության տեսակետի համաձայն՝ դա նշանակում էր մի ինչ-որ կապվող բան, որը կրում էին հենց նրանք՝ կեղծ մարգարեուհի-կախարդուհիներն իրենց ձեռքերի ծալքերի վրա (իսկ թե ավելի կոնկրետ արմունկների վրա՞ էին կրում, թե՞ թևերի տակ՝ հայտնի չէ, քանի որ եբրայերեն բառը դա չի սահմանում)՝ որպես իրենց արժանիքները ցույց տվող նշաններ ու նաև ա՛յն պատճառով, որ դրանք, իբրև թե, կախարդուհիներին իշխանություն էին տալիս դևերի վրա: Իսկ ինչ վերաբերում է «ծածկոցներին», ապա կախարդները, հավանաբար, դրանք գցում էին իրենց այցելուների գլխին, որպեսզի, երևի թե, նրանք չտեսնեին իրենց կախարդական ժեստերը և որպեսզի չկարողանային բացահայտել մահացածների կողմից դրսևորվող երևակայական երևույթների բացակայության իրողությունը: «Ամեն հասակի մարդկանց գլխի համար» հավելումը ցույց է տալիս, որ այդ ծածկոցները գլխից իջնում էին մինչև գետնին, այդ իսկ պատճառով էլ տարբեր հասակ ունեցող մարդկանց համար պահանջվում էին տարբեր երկարություններ ունեցող ծածկոցներ, և մարգարեուհիներն այս ամենը նկատի ունենալով էր, որ ծածկոցների մեծ հավաքածու ունեին: Այստեղ հիշատակվող բարձիկներն ու ծածկոցները նույնացվում են եփուդի հետ, որը հավանաբար ծառայում էր որպես ծածկոց և պատյան՝ կուռքի (եբր․ - «տեռաֆիմ») համար, ինչպես նաև՝ որպես կտոր քրմական զգեստների համար, և ենթադրվում էր, որ կուռքի զորությունը փոխանցվում էր այդ ծածկոցին, իսկ այնտեղից էլ անցնում էր քրմին։
Այստեղ հիշատակվող առարկաները նույնացվում են նաև ավելի ուշ շրջանի հուդայականության մեջ հանդիպող գրապանակների և ծոպերի հետ (Մատթ․ 23:5): Մյուսների տեսակետի համաձայն (օրինակ՝ Թեոդորետոս Երանելի), սա պարզապես փոխաբերություն է, որը կանանց ձեռքի գործվածքները համեմատության մեջ է դնում մարգարեուհիների շողոքորթ և հանգստացնող այն կանխատեսումների հետ, որոնք գոցում են մարդկանց աչքերն Աստծո մոտալուտ պատժի առջև: Հազիվ թե արժե հիշատակել Գաֆերնիկի՝ համատեքստի առումով չհիմնավորված այն կարծիքը, որ իբր թե այդ «կեսաթոտ»-ները գորգեր կամ բազմոցներ են եղել՝ յուրաքանչյուր արմունկի համար նախատեսված երկուական հենակներով, որոնց վրա նրբագեղորեն ծածկոցներով փաթաթված մարգարեուհիները տրվել են իրենց ցանկասիրությանը։
«Հոգիներ որսալու նպատակով» - այսինքն՝ կեղծ կանխատեսումներով տանելով դեպի կործանում։ Այս արտահայտությունը, սակայն, կարող է նաև ակնարկ բովանդակել հանգուցյալների հոգիները կանչելու վերաբերյալ։
«Մի՞թե Իմ ժողովրդի հոգիները որսալով դուք կփրկեք ձեր հոգիները» - եբրայեցերենից բառացիորեն՝ «Իմ ժողովրդի հոգիները որսալով՝ արդյոք չե՞ք կենդանացնում ձեր հոգիները», այսինքն՝ այդ եղանակով արդյոք ձեռք չե՞ք բերում ձեր ապրուստի միջոցները: Հունարենում՝ «ψυχὰς περιεποιου̃ντο», հմմտ․ 19-րդ համար՝ «մի բուռ գարու և մի կտոր հացի համար»։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. վա՛յ նրանց, որ մոգական բարձիկներ են կարում-կարկատում թեւի արմունկի տակի համար եւ գլխաշորեր են սարքում ամէն հասակի մարդկանց գլխի համար՝ մոլորեցնելու նրանց հոգիները, որովհետեւ մոլորուել են իմ ժողովրդի հոգիները:
(Արարատ թարգ․) ու ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Վա՜յ այն կանանց, որոնք մոգական բարձիկներ են կարում թևերի յուրաքանչյուր հոդի համար և լաչակներ են սարքում ամեն հասակի մարդկանց գլխի համար՝ հոգիներ որսալու նպատակով։ Դուք որսում եք իմ ժողովրդի հոգիները. մի՞թե ձեր հոգիները կապրեցնեք։
(Գրաբար) և ասասցես. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Վա՛յ այնոցիկ որ կարե՛ն կարկատեն զբարձկնեարդ ‘ի ներքոյ ամենայն արմկան ձեռին. և առնեն գլխադիրս գլխոյ ամենայն հասակաց թիւրել զանձինս. զի թիւրեցան անձինք ժողովրդեան իմոյ. և ապշեցուցանէին զանձինս,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: