Եզեկիելի մարգարեության մեկնություն 13։19

Ա. Լոպուխին

«Եվ մի բուռ գարու ու մի քանի կտոր հացի համար անարգում եք Ինձ Իմ ժողովրդի առաջ՝ մեռցնելով այն հոգիները, որոնք չպիտի մեռնեին, և կենդանի թողնելով այն հոգիները, որոնք չպիտի ապրեին՝ խաբելով ժողովրդին, որը ստեր է լսում»։ (Սինոդական թարգ․)[19]
   

    «Անարգում եք Ինձ» - որպես Աստծո խոսք ներկայացնելով իրենց իսկ սեփական հորինվածքները և այդպիսով խթանելով Իսրայելի մեղքերը, խոսելով Աստծո անունից և հռչակելով Աստծո կամքի լիովին հակառակ երեսը, ինչպես նաև՝ Աստծո անունը գործածելով իրենց անմաքուր «մասնագիտության» մեջ:

   «Մի բուռ գարու ու մի քանի կտոր հացի համար» - Նրանք վիրավորում են Աստծո վսեմությունն իրենց օրվա հացի համար: Մարգարեության համար տրվող վարձատրությունն ինքն իրենով, ինչպես ցանկացած աշխատանքի համար տրվող վարձատրությունը, դատապարտելի չէր և չմերժվեց նույնիսկ ճշմարիտ ու այնպիսի՜ մեծ մարգարեների կողմից, ինչպիսիք էին Սամուելը (Ա Թագ․ 9:7-8) և Եղիսեն (Դ Թագ․ 4:22 հմմտ․ Գ Թագ․ 14:3)։ Եզեկիելը կեղծ մարգարեուհիներին չի ​​դատապարտում միայն շորթման համար, ինչպես Միքիա 3։5-րդ համարի պարագայում է, սակայն 21-րդ համար նույն մեղքի համար հնչող նախատինքը շատ ավելի ազդու է։

   «Մեռցնելով այն հոգիները, որոնք չպիտի մեռնեին» - այսինքն՝ այն արդարներին, որոնց մարգարեուհիները փչացրել են իրենց  կեղծ գուշակությունների միջոցով։

   «Եվ կենդանի թողնելով այն հոգիները, որոնք չպիտի ապրեին» - այսինքն՝ ամբարիշտներին՝ նրանց բարեկեցության վերաբերյալ խոստումներ տալու միջոցով: Այս արտահայտությունների վերոնշյալ իմաստային ընկալումների հիմնավորումը կարող ենք գտնել 22-րդ համարում, որում նշված արտահայտությունները լրացվում և բացատրվում են։ Սակայն մենք կարող ենք այս արտահայտություններն ավելի որոշակիորեն ընկալել. մարգարեուհիները մահ էին կանխատեսում նրա՛նց համար, ովքեր կհնազանդվեին Բաբելոնի թագավորին, մինչդեռ վերջինս պիտի փրկեր նրանց, և կյանք էին կանխատեսում նրա՛նց համար, ովքեր կընդդիմանային նրան, մինչդեռ նրանց այդ ընդդիմության համար կործանում էր սպասվում:

   «Խաբելով ժողովրդին, որը ստեր է լսում» - այստեղից հետևում է, որ ժողովուրդը պատրաստակամորեն գնում էր այդ մարգարեուհիների մոտ, և նրանցից եկող վտանգն իսկապես որ շատ լուրջ էր։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Խելքահան էին անում նրանց, ինձ բամբասում էին իմ ժողովրդի առաջ՝ մի բուռ գարու կամ մի պատառ հացի համար, որպէսզի սպանեն մարդկանց, որոնք մահապարտ չէին, եւ կենդանի պահեն նրանց, ովքեր պէտք չէ որ ապրէին: Խօսում էին ժողովրդի ականջին, որ ախորժում է սին խօսքերից:
(Արարատ թարգ․) Դուք մի բուռ գարու և մի քանի կտոր հացի համար անարգեցիք ինձ իմ ժողովրդի առաջ՝ մեռցնելով այն հոգիները, որոնք չպիտի մեռնեին, և ապրեցնելով այն հոգիները, որոնք չպիտի ապրեին, ձեր ստով՝ իմ ժողովրդին, որ ստերի է ունկնդրում"»։
(Գրաբար) և բամբասէին զիս առաջի ժողովրդեան իմոյ վասն ափո՛յ միոյ գարւոյ՝ և կոտորո՛յ միոյ հացի, սպանանել զանձինս որ ո՛չ էին մահապարտք. և ապրեցուցանել զանձինս որոց ո՛չ էր պարտ կեալ, ‘ի բարբառելն ձեր յականջս ժողովրդեանն, որ ախորժէ զբարբառ նանրութեան: