Ա. Լոպուխին
«Եվ իմ ձեռքն այն մարգարեների դեմ պիտի լինի, որոնք ունայն բաներ են տեսնում և սուտ գուշակություն են անում. նրանք չպիտի լինեն Իմ ժողովրդի խորհրդի մեջ, և չպիտի գրանցվեն Իսրայելի տան ցուցակում և չպիտի մտնեն Իսրայելի երկիրը, և պիտի իմանաք, որ Ես եմ Տեր Աստված»։ (Սինոդական թարգ․)[9]
Կեղծ մարգարեների պատիժն ուշագրավ է այն պատճառով, քանի որ դրա իրագործումը վերաբերում է միանշանակորեն մեսիական, և հետևաբար նաև՝ Եզեկիելի համար վախճանաբանական («էսխատոլոգիական») համարվող ժամանակներին (հմմտ․ «Իմ ժողովուրդը»)։ Այն եռապատկվում է՝ աստիճանաբար էլ ավելի ծանրանալով.
1․ նրանք (կեղծ մարգարեները) տիրապետող իշխանություն չեն ունենա ապագայի ժողովրդի վրա (սլավոներենում՝ «նրանք չեն պատժի Իմ ժողովրդին»)։ Սակայն «Իմ ժողովրդի խորհուրդը» արտահայտությունը կարող է մատնանշել մեսիական ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչներին, մի ժողովուրդ, որն ապրում է իր Աստծո հետ սերտ հաղորդակցության մեջ։
2․ Կեղծ մարգարեները չեն ներառվի այդ ժողովրդի ցուցակներում, որոնցով որոշվում էին հողակտորների պատկանելիության հիմքերն ու դրանց սեփականության հանդեպ իրավասությունները (Եզրաս 2:62)։
3․ Ապագայում նրանց թույլ չի տրվի նույնիսկ վերադառնալ խոստացված երկիրը (հմմտ․ Եզեկ․ 20:38)։ Պատիժը հռչակվում է ոչ թե սպառնալից տոնով, այլ ավելի շուտ սգավոր հնչերանգով, և ոչ այնքան խիստ եղանակով, որքան որ Եզեկիելի կողմից հռչակված մյուս հայտարարություններն էին. կեղծ մարգարեներին «կուրացրել» էր ինքնախաբեությունը:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) ահա դրա համար ես իմ ձեռքը, - ասում է Ամենակալ Տէրը, - իջեցնելու եմ ձեզ վրայ, նաեւ ձեր մարգարէների վրայ, որոնք սուտ տեսիլքներ էին տեսնում ու սնոտի բաներ խօսում: Իմ ժողովրդի ժողովատեղիներում չպէտք է լինեն դրանք, ո՛չ պիտի յիշուեն Իսրայէլի տան գրքերում, ո՛չ էլ պիտի մտնեն Իսրայէլի երկիրը: Եւ պէտք է իմանան, որ ես եմ Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) «Եվ իմ ձեռքն այն մարգարեների դեմ պիտի լինի, որոնք ունայն տեսիլք են տեսնում և սուտ գուշակություն են անում. նրանք չպիտի լինեն իմ ժողովրդի խորհրդի մեջ, չպիտի գրանցվեն Իսրայելի տան գրքում և չպիտի մտնեն Իսրայելի երկիրը։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տեր Աստված։
(Գրաբար) և ձգեցից զձեռն իմ 'ի վերայ մարգարէիցն, որ տեսանէին ստութիւնս, և խօսէին սնոտիս. 'ի խրատու ժողովրդեան իմոյ մի՛ կացցեն. և մի՛ 'ի գիրս տանն Իսրայէլի գրեսցին, և յերկիրն Իսրայէլի մի՛ մտցեն. և ծանիցեն թէ ե՛ս եմ Ադովնայի Տէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: