Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։3

Ա. Լոպուխին

«Եվ ասա՛. «Տեր Աստված այսպես է ասում Երուսաղեմի դստերը. «Քո արմատն ու քո ծնունդը քանանացիների երկրում է. քո հայրն ամորհացի է, և քո մայրը՝ քետացի»»։[3] (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն Երուսաղեմի մասին կարող էր ասել, որ նա քանանեական ծագում ունի՝ բերելով ա՛յն հիմնավորումը, որ Երուսաղեմն ի սկզբանե քանանական, մասնավորապես՝ հեբուսական քաղաք է եղել։ Իսկ Հուդայի ցեղն էլ սկզբնական շրջանում իր մեջ ներառեց բազմաթիվ ոչ իսրայելական տարրեր: Սակայն այստեղ կիրառված արտահայտությունը ոչ այնքան ազգագրական, որքան որ կրոնական նշանակություն ունի և վերաբերում է ժողովրդին՝ որպես մեկ ամբողջություն։ Իսրայելի կրոնական և բարոյական բոլոր հակումներն այնպիսին էին, որ կարծես թե Իսրայելը քանանական ծագում ունեցող մի երկիր էր՝ Քանանի հոգևոր որդին (հմմտ․ Ես․ 1:10, Հովհ․ 8:44)։ Եզեկիել մարգարեն այստեղ ակնարկում է Հովհաննես Մկրտչին և Փրկչին, որոնք պայքարում էին հրեա ժողովրդի բարեպաշտ նախնիների և հատկապես Աբրահամի նկատմամբ հրեաների ցուցաբերած սնապարծության դեմ, որի հետքերը, թեպետ ոչ այնքան ազդու կերպով, որքան Քրիստոսի ժամանակներում, սակայն, այդուամենայնիվ, բավականին նշանակալիորեն տեսանելի են, օրինակ, Եզեկիելի մարգարեության 23:27-րդ համարում: Ինքը՝ Եզեկիելը, բոլոր դեպքերում էլ միանգամայն ոչ միտումնավոր կերպով է հիշատակում այս նախնիներին (28:25, 37:25), ինչը միանգամայն բնական է՝ նկատի ունենալով 18-րդ գլխի բովանդակությունը: Քանանական ժողովուրդներից մարգարեն որպես գլխավորների առանձնացնում է ամորհացիներին և քետացիներին՝ իբրև քանանական մյուս բոլոր ցեղերի ներկայացուցիչներ։

   «Ամորհացիները», չնայած որ ապրում էին նաև Հորդանանի մյուս կողմում, սակայն հիմնականում բնակվում էին այս կողմում և հենց Հուդայի ցեղի բնակության շրջանում (Բ Օրին. 1:19 և այլն, Հեսու 10:5), քանանացի ժողովուրդներից ամենահզորներն ու զարգացածն էին և, հետևաբար, այս ամորհացիները մյուս բոլորից ավելի ապականված էին՝ ծնունդ տալով Սոդոմին ու Գոմորին, թեպետ Աբրահամի օրոք «նրա անօրենության չափը դեռ իր լրումին չէր հասել» (հմմտ․ Ծննդ. 15:16)։ Քանանական մյուս բոլոր ցեղերը հաճախ կոչվում են «ամորհացիներ» անունով:

   «Քետացիները», եգիպտական ​​և ասորական տեղեկությունների համաձայն, ապրում էին Եփրատի և Օրոնտի միջև, սակայն նրանց ազդեցության գոտին տարածվում էր նաև Քանանի վրա, որը Սարգոնի ժամանակներից սկսած պատկանում էր ասորեստանցիներից՝ կրելով «Խաթի», «Խեթթեի» անվանումները։ Համենայն դեպս, քետացիները բնակվում էին ամորհացիներից դեպի հյուսիս, իսկ ահա Երուսաղեմը, հավանաբար, գտնվում էր այս երկու ցեղերի սահմանագծին։ Եսավի կինն ազգությամբ քետացի էր, մի հանգամանք, որը վշտացնում էր Ռեբեկային (Ծննդ. 27:46):

   «Արմատը» - ասել է թե՝ «հայրը», «ծնունդը»՝  նույնն է թե՝ «մայրը»։

--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը Երուսաղէմին. քո արմատն ու ծնունդը քանանացիների երկրից են. հայրդ ամորհացի է, մայրդ՝ քետացի հիթիթ:
(Արարատ թարգ․) և ասա՛. Տեր Աստված այսպես է ասում Երուսաղեմին. "Ծագումդ ու ծնունդդ քանանացիների երկրից է. հայրդ ամորհացի է, մայրդ՝ քետացի։
(Գրաբար) Եւ ասասցես. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր ցԵրուսաղէմ. Արմատ քո և ծնունդ քո յերկրէն Քանանացւոց. և հայր քո Ամովրհացի, և մայր քո Քետացի.