Ա. Լոպուխին
«Եվ ասա՛ հարավային անտառին․ «Լսի՛ր Տիրոջ խոսքը. այսպես է ասում Տեր Աստված. «Ահա, Ես քո մեջ կրակ եմ վառելու, և այն լափելու է քո մեջ ամեն կանաչ ծառ ու ամեն չոր ծառ. բորբոքված բոցը չպիտի հանգչի, և ամեն բան պիտի այրվի նրանով՝ հարավից մինչև հյուսիս»։ [47] (Սինոդական թարգ․)
«Ես քո մեջ, - այսինքն՝ անտառում, - կրակ եմ վառելու» - Անտառային հրդեհներն Արևելքում հազվադեպ չէին պատահում (Ես․ 9:17, 10:17, ինչպես նաև Երեմ․ 21:14, Սաղմ․ 82:15, Հակ․ 3:5)։ Իհարկե, ակնարկվում է Նաբուգոդոնոսորի արշավանքը։
«Ամեն կանաչ ծառ ու ամեն չոր ծառ» - 21:3-4-րդ համարներում այս համեմատությունը բացատրվում է այսպես. «կանաչ ծառը» խորհրդանշում է արդարին, իսկ «չոր ծառը» խորհրդանշում է ամբարշտին: Ղուկասի Ավետարանի 23։31-րդ համարում Փրկիչը հենց այս հատվածը նկատի ուներ. «Նախ այրվում է կանաչ ծառը, ինչպես կարդում ենք նույն մարգարեի խոսքերում, թե՝ «և սկսեք Իմ սրբարանից» (Եզեկ․ 9։6), իսկ այնուհետև՝ չոր ծառը, որն իր մեջ ոչ մի կենսական բան չէր կարող ունենալ. սրբերն ու մեղավորները միասին մահանում են, որպեսզի առաջինները մահով խուսափեն գերության արհավիրքներից, իսկ երկրորդները մատնվեն հավիտենական պատժի» (Հերոնիմոս Երանելի):
«Ամեն բան պիտի այրվի նրանով» - սլավոներենում ավելի ստույգ՝ «և նրա մեջ կվառվեն բոլոր դեմքերը», այսինքն՝ շրջակայքի բնակիչների դեմքը, որոնք սարսափած կնայեն անտառում բռնկված հրդեհին։
«Հարավից մինչև հյուսիս» - այսինքն՝ սկսած Հուդայից։ Արշավանքը սկսվելու է հարավից։
--------------------------------
[47](Էջմիածին թարգ․) Եւ կ՚ասե՛ս Նագեբի անտառին. «Լսի՛ր Տիրոջ պատգամները, այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. ահա ես քեզ վրայ կրակ եմ թափելու, եւ քեզանում ամէն ծառ՝ դալարն էլ, չորն էլ, նրան ճարակ է դառնալու. բորբոքուած բոցը չի հանգչելու, եւ նրա մէջ այրուելու են բոլոր մարդիկ՝ արեւելքից մինչեւ հիւսիս:
(Արարատ թարգ․) Եվ հարավային անտառին ասա՛. Լսի՛ր Տիրոջ խոսքը. այսպես է ասում Տեր Աստված. քո մեջ ահա կրակ եմ վառելու, որը քո մեջ պիտի լափի ամեն կանաչ ծառ և ամեն չոր ծառ. բորբոքված բոցը չպիտի հանգչի, և հարավից մինչև հյուսիս բոլոր դեմքերը պիտի այրվեն նրանով։
(Գրաբար) և ասասցես ցանտառն Նագեբայ. Լո՛ւր զպատգամս Տեառն. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր Աստուած. Ահաւասիկ ես հարից զքէն հուր, և կերիցէ 'ի քեզ զամենայն փայտ դալար և զամենայն փայտ չոր, և ո՛չ շրջիցի բոցն բորբոքեալ. և այրեսցին 'ի նմա ամենայն դէմք յարևելից մինչև' ի հիւսւսի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: