Եզեկիելի մարգարեության մեկնություն 21։10

Ա. Լոպուխին

«Սրվել է այն բանի համար, որպեսզի մեծ կոտորած անի․ հղկվել է, որպեսզի փայլատակի։ Մի՞թե մենք պիտի ուրախանանք, որ Իմ որդու գավազանն արհամարհում է ամեն ծառ»։ [10] (Սինոդական թարգ․)
   
   «Այստեղ նույնպես թշնամին պատկերվում է միայն անորոշ ուրվագծերով. կերպարի արտահայտման այս անորոշությունը մեծացնում է նրա հայտնվելու հանդեպ սարսափը» (Կրեչմար):

    «Մի՞թե մենք պիտի ուրախանանք, որ Իմ որդու գավազանն արհամարհում է ամեն ծառ» - սա շատ անհասկանալի և համատեքստի ըմբռնողության սահմաններից դուրս գտնվող մի արտահայտություն է, որը տարբեր եղանակներով է թարգմանվել Յոթանասնից թարգմանության և հնագույն մյուս թարգմանությունների կողմից: Այս հատվածի եբրայեցերեն տեքստը մեկնիչների կողմից սովորաբար բացատրվում է այնպես, որ այստեղ ասես հնչում է մարգարեի բողոքը՝ ամբողջ ժողովրդի անունից, ընդդեմ վրեժխնդրության սրով սպառնացող Աստվածային դատաստանի։ Այդ բողոքը հիմնավորվում է Հակոբի օրհնության մեջ Հուդայի ցեղին տրված խոստումներով․  «Հուդայից ցուպ (գավազան) չի պակասի»։

   «Պիտի ուրախանա՞նք» - գալիք աղետներին դեմ հանդիման՝ չե՞նք կարող խաղաղվել այն հիմնավորումով, որ Հուդայի գավազանը «արհամարհում է ամեն ծառ», այսինքն՝ ա՛յն բանի հույսով, որ զորեղ Հուդայի գավազանն անհամեմատելի է թագավորական որևէ այլ զորության, ցանկացած այլ թագավորական գավազանի հետ։ Այս հատվածի այսպիսի ընկալումը հաստատվում է սույն գլխի 27-րդ համարում անկասկած Հակոբի մարգարեությանը «հասցեագրված» Եզեկիելի հղումով։

--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) որպէսզի մեծ կոտորած անես: Սրուի՛ր ու սրբուի՛ր, պատրաստուի՛ր կոտորելու, կոտորի՛ր, արհամարհի՛ր, որդեա՛կ իմ, կտրի՛ր ամէն ծառ»»:
(Արարատ թարգ․) Մեծ կոտորած անելու համար է սրվել, փայլատակելու համար է հղկվել. մի՞թե ուրախանանք, թե որդուս ցուպը արհամարհում է ամեն փայտ։
(Գրաբար) զի սպանցես զսպանումն. սրեա՛ց՝ ջի՛նջ լեր. պատրաստեա՛ց ‘ի հաշումն, կոտորեա՛. արհամարհեա՛ որդեակ իմ. յապաւեա՛ զամենայն ծառ։