Եզեկիելի մարգարեության մեկնություն 21։28

Ա. Լոպուխին

«Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ասա՛. «Այսպես է ասում Տեր Աստված Ամմոնի որդիների և նրանց նախատինքի մասին», և ասա՛. «Սուրը, սուրը մերկացված է մորթելու համար, հղկված է՝ ոչնչացնելու համար, որպեսզի փայլատակի, ինչպես կայծակը»։[26] (Սինոդական թարգ․)
   

    Չնայած այն հանգամանքին, որ Նաբուգոդոնոսորը վճռել էր նախ վերջ տալ Երուսաղեմին և Հուդային, ուստի նա անցնելու էր ամմոնացիների կողքով, այնուամենայնիվ դա ամմոնացիներին չի փրկելու, այլ ընդհակառակը, նրանց կործանումը ոչ միայն նույնքան անխուսափելի է, որքան Հուդայի կործանումն է լինելու, այլ նաև, ի տարբերություն Հուդայի, ամմոնացիները կործանվելու են վերջնականապես, առանց վերականգնման որևէ հույսի, որը Երուսաղեմը կարող էր փայփայել: Նմանօրինակ կործանումն Աստծո պատիժն է Հուդայի կործանման համար չարախնդալու, Հուդայի կրած «նախատինքի» համար: Այս նախատինքը պատճառն է նաև այն բանի, որ ամմոնացիների դեմ մարգարեությունը «հերթից» դուրս մնաց և ավելի վաղ հիշատակված լինելուց հետո կրկնվեց շատ ավելի ուշ՝ 25-րդ գլխում՝ հեթանոս ժողովուրդների դեմ ուղղված մարգարեությունների շարքում։ Յահվեի «սուրը» Նաբուգոդոնոսորն ու նրա զորքն են։

    «Մորթելու համար- ոչնչացնելու համար» - երկրորդ արտահայտությունն ուժեղացնում է առաջինի իմաստը, սակայն այդ երկրորդը Հուդայի մասին չի ասվում:

    «Որպեսզի փայլատակի» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 15-րդ համարը:
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․)Ամոնացիներին: «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր ու ասա՛. «Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած ամոնացիներին՝ նրանց նախատինքների համար. Սուր սուսերը հանուած է սպանելու համար, մերկացուած՝ վերջ տալու համար:
(Արարատ թարգ․) Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված Ամմոնի որդիների մասին և նրանց նախատինքի մասին, և ասա՛. "Սուրը, սուրը մերկացած է մորթելու համար, կատարելապես հղկված, որպեսզի իր փայլատակումով ոչնչացնի։
(Գրաբար) Եւ դո՛ւ որդի մարդոյ՝ մարգարէա՛ց և ասասցես. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր Աստուած ցորդիսն Ամովնայ. և վասն նախատանացն նոցա ասասցես. Սո՛ւր՝ սո՛ւր հանեալ ‘ի սպանումն, մերկացեալ ‘ի վախճան: