Եզեկիելի մարգարեության մեկնություն 22։25

Ա. Լոպուխին

«Նրա մարգարեների դավադրությունը նրա մեջ՝ նման է մռնչացող առյուծի, որը բզկտում է զոհին. նրանք հոգիներ են ուտում, կողոպտում են ունեցվածքն ու գանձերը և բազմացնում են այրիների թիվը»։ [25] (Սինոդական թարգ․)
   
   Հասարակության տարբեր խավերի թվարկումը՝ դրանց հասցեին ուղղված մեղադրանքների հնչեցման նպատակով, իրականացվում է կրոնա-բարոյական կյանքում նրանց ունեցած նշանակության տեսանկյունից։ Ահա թե ինչու նախևառաջ հիշատակվում են մարգարեներն ու քահանաները, իսկ հետո՝ իշխանները։ Յոթանասնից թարգմանությունը և նրանց հետևելով նաև՝ նորագույն շրջանի մեկնիչների մեծամասնությունը ենթադրում են, որ այս համարում խոսքը ոչ թե մարգարեների, այլ իշխանների մասին է (որոնք ավելի նշանավոր էին, քան 27-րդ համարում հիշատակվողները)։ «Նևիեգա» Յոթանասնից թարգմանության հեղինակներն ակնհայտորեն տարընթերցել են «նեսիեգա»: Այսօրինակ տարընթերցման համար որպես հիմնավորում են ծառայել հետևյալ հանգամանքները.

   1) ավելի բնական կլիներ իշխաններին առաջին տեղում դասելը (մենք արդեն իսկ տեսանք, թե որ դեպքում կարելի էր մարգարեներին առաջին տեղում դնել),

   2) մարգարեների մասին խոսվում է 28-րդ և 30-րդ համարներում (բայց այնտեղ նրանց վերաբերյալ խոսվում է առանձնահատուկ հանգամանքներում - տե՛ս 28-րդ համարը);

   3) մռնչացող, որսի ժամանակ ագահ գազանների թագավորը, ինչպես որ 19։8-րդ համարի պարագայում էր, հիանալի կերպար էր թագավորական տան ագահ իշխաններին պատկերելու համար (բայց այդ դեպքում էլ ուրեմն 27-րդ համարը կլիներ 25-րդ համարի կրկնությունը):

   «Մարգարեների դավադրությունը» - կեղծ մարգարեներն իրար միջև համաձայնության էին եկել, որպեսզի ժողովրդին մշտապես երջանիկ ու բարօր ապագա հռչակեն և դրանով իսկ հրեաներին դուրս էին բերել հակառակը կանխագուշակողների դեմ: Այստեղից կարելի է եզրակացնել, որ կեղծ մարգարեները միայնակ չեն գործել, այլ ստեղծել են մի համադաշնություն, որը հզորացել է իրենց միասնության շնորհիվ։ Բացի այդ՝ նրանք շատ զգույշ են եղել, որպեսզի իրենք իրենց մեջ յուրաքանչյուրն իր կեղծ կանխատեսումներով չհակասեն միմյանց: Բայց Յոթանասնից թարգմանությունը եբրայեցերեն «քեշեր» - «դավադրություն» բառը տարընթերցել է որպես «աշեր» - «որը», այսինքն՝ «նրա (նույնն է թե՝ Երուսաղեմի) երեցները»:

   «Նման է․․․առյուծի» - այս համեմատությունը ցույց է տալիս, թե ինչպես էին այս կեղծ մարգարեները վերաբերվում իրենց հետևորդներին:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Դու այն երկիրն ես, որի իշխաններն այնտեղ յափշտակելիս ու կողոպտելիս առիւծների պէս էին մռնչում. բռնութեամբ տնանկների մարմիններն էին յօշոտում եւ անիրաւութեամբ պատիւներ խլում: Եւ այրիները բազմացան քո մէջ:
(Արարատ թարգ․) Նրա մարգարեների դավադրությունը նրա մեջ մռնչացող առյուծի որս բզկտողի պես է. նրանք մարդիկ կերան, գանձեր ու պատվական բաներ գրավեցին և այրիներին շատացրին նրանում։
(Գրաբար) որոյ իշխանք իւր ‘ի միջի իւրում իբրև զառիւծունս գոչէին յափշտակել զյափշտակութիւնս. ուտեն զանձինս տնանկաց բռնութեամբ, և առնուն պատիւս անիրաւութեամբ. և բազմացան այրիք ‘ի միջի քում.