Ա. Լոպուխին
«Եվ Ես Իմ նախանձախնդրությունը պիտի ուղղեմ քո դեմ, և կատաղությամբ պիտի վարվեն քեզ հետ. պիտի կտրեն քիթդ ու ականջներդ, իսկ քո մնացորդացը սրից պիտի ընկնի. պիտի տանեն քո որդիներին ու քո դուստրերին, իսկ քո մնացորդացը կրակով պիտի սպառվի»։ [25] (Սինոդական թարգ․)
«Պիտի կտրեն քիթդ ու ականջներդ» - Արևելքում մինչ օրս էլ գերիների նկատմամբ գործվում են նմանօրինակ դաժանություններ (Սմենդ), իսկ հին ժամանակներում այդ երևույթը բավականին հաճախակի էր հանդիպում (Դան․ 2:5, Հերոդ. III, 69, 154): Հնարավոր է, որ Եզեկիելը տեղյակ էր և այստեղ էլ ի նկատի ուներ շնացող կնոջ քիթը կտրելու եգիպտական սովորությունը, որը, թերևս, նպատակ ուներ այլանդակելու այդ կնոջ կերպարանքը։ Սլավոներենում գործածվում է «քթանցքներ» բառը՝ եբրայերենից բառացի թարգմանությամբ։
«Իսկ քո մնացորդացը սրից պիտի ընկնի» - խոսքը նրանց մասին է, ովքեր նման այլանդակված տեսք ունենալու պատճառով գերության չեն տարվի։
«Պիտի տանեն քո որդիներին ու քո դուստրերին» - այսինքն՝ գերության պիտի մատնեն նրանց (10-րդ համար)։ Նրանց այլևս չեն այլանդակի, որպեսզի ավելի շահավետ պայմաններով վաճառեն՝ որպես երիտասարդ և գեղեցիկ գերիներ:
«Իսկ քո մնացորդացը կրակով պիտի սպառվի» - այն բնակիչները, որոնք պատահականության արդյունքում կմնան քաղաքում, օրինակ, այն բանի շնորհիվ, որ նվաճողները չեն գտել նրանց, այդպիսիք էլ կմեռնեն քաղաքն այրող կրակի մեջ: Մարգարեն գրեթե ամբողջությամբ մի կողմ է թողնում այլաբանությունը (այն է թե՝ Երուսաղեմի՝ պոռնիկի հետ համեմատություն) և անցում է կատարում Երուսաղեմի ճակատագրի վերաբերյալ անմիջական խոսքին։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Քո դէմ պիտի ուղղեմ նաեւ քո հանդէպ ունեցած իմ վրէժխնդրութիւնը. նրանք քեզ հետ վարուելու են իմ զայրոյթի չափով. կտրելու են քիթդ ու ականջներդ եւ ինչ որ մնայ քեզնից, սրով կոտորելու են. վերցնելու են տղաներիդ ու աղջիկներիդ, իսկ մնացածներին հրով են ոչնչացնելու:
(Արարատ թարգ․) Եվ ես իմ նախանձախնդրությունը քո դեմ պիտի ուղղեմ, և նրանք զայրույթով պիտի վարվեն քեզ հետ. քիթդ ու ականջներդ պիտի պոկեն, իսկ մնացորդդ սրից պիտի ընկնի. նրանք պիտի տանեն քո որդիներին ու դուստրերին, իսկ մնացորդդ կրակով պիտի սպառվի։
(Գրաբար) Եւ տաց զնախանձ իմ ‘ի քեզ, և արասցեն ընդ քեզ ըստ բարկութեան սրտմտութեան իմոյ. և զունչս և զականջս քո կտրեսցեն. և զմնացորդս քո սրով կոտորեսցեն, և զուստերս քո և զդստերս քո առցեն, և զմնացորդս քո հրով սատակեսցեն.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: