Ա. Լոպուխին
«Եվ ապստամբների տանը մի առա՛կ պատմիր և ասա՛ նրանց. «Այսպես է ասում Տեր Աստված. «Դի՛ր կաթսան, դի՛ր և մեջն էլ ջո՛ւր լցրու»»։ [3] (Սինոդական թարգ․)
«Ապստամբների տանը» - մարգարեն 12:2-րդ համարից ի վեր Իսրայելին այդպես չէր անվանել։
«Առակ» - ինչպես որ 17։2-րդ համարում էր։ Սրանից հետևում է, որ այն ամենը, ինչ հետագայում նկարագրվում է, խորհրդանշական գործողություն չէր, չնայած որ այդպիսի տեսակետի համար (Կրեչմար) կարող էր հիմք ծառայել կիրառված հրամայական եղանակը՝ «դի՛ր կաթսան», «ջո՛ւր լցրու»։
«Կաթսա» - այսպիսով՝ սույն առակի համար մարգարեն օգտագործեց այն նույն համեմատությունը, որը նա Հեքոնիայի վերաբնակեցումից հետո լսել էր Երուսաղեմում մնացածների շուրթերից, և որը նա հերքել էր 11:3-րդ և 7-րդ համարներում: Այստեղ արդեն Եզեկիելը որոշ չափով ընդունում է նրանց գործածած վերոնշյալ համեմատությունը. ինչպես և նրանք, մարգարեն նույնպես նրանց համարում է կաթսայի մեջ եռացող միս (իսկ այնտեղ մարգարեն, ի հեճուկս նրանց, նրանց կողմից սպանված մարդկանց էր «միս» անվանում)։ Սակայն Եզեկիելն այս համեմատությունը ներկայացնում է իր տեսակետից և կատարում է մի հավելում, որը բնավ էլ ընդունելի չէր լինի այս համեմատության հեղինակների կողմից․ միսը կաթսայից դուրս է նետվելու (խոսքը գերության մասին է), իսկ ժանգը հալեցվելու է (ակնարկվում է բնակչության մի մասի նկատմամբ կիրառված բռնությունն ու քաղաքի այրումը)։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) ճիշտ այդ օրից այս առակը կը պատմես դառնացնողների տանն ու կ՚ասես նրանց. «Այսպէս է ասում Տէր Աստուած. Մի կաթսա՛յ շինիր, շինի՛ր եւ մէջը ջո՛ւր լցրու:
(Արարատ թարգ․) Եվ առակո՛վ խոսիր այս ապստամբների տան հետ և ասա՛ նրանց. Այսպես է ասում Տեր Աստված. "Դի՛ր կաթսան, դի՛ր և մեջն էլ ջո՛ւր լցրու։
(Գրաբար) Յօրէ յայնմանէ առակեսցես տանն դառնացողաց զառակս զայս, և ասասցես ցնոսա. Ա՛յսպէսասէ Տէր Տէր. Կառո՛ զկաթսայդ, կառո՛՝ և արկցես 'ի դմա ջուր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: