Ա. Լոպուխին
«Մարդո՛ւ որդի, դեմքդ դարձրո՛ւ դեպի Ամմոնի որդիների և մարգարեացի՛ր նրանց դեմ»։ [2] (Սինոդական թարգ․)
Ամմոնացիները, չնայած Իսրայելի հետ իրենց ունեցած ազգակցական կապին, հրեաների մշտական թշնամիներն էին նրանց գոյության ամենասկզբից՝ թե՛ դատավորների (11:1-ին համար և այլ տեղիներ), թե՛ թագավորների՝ Սավուղի (Ա Թագ. 11-րդ գլուխ), Դավթի (Բ Թագ․ 8:1-2-րդ համարներ, 10-րդ գլուխ) ժամանակաշրջաններում՝ և այդպես մինչև վերջ (Ա Մակ․ 5:6 և այլ տեղիներ): Նաբուգոդոնոսորի օրոք նրանք նախ դաշինք են կնքում ու Բաբելոնի հետ պատերազմում են Հուդայի դեմ (Դ Թագ․ 24:2), այնուհետև Սեդեկիային հրահրում են ընդդեմ Բաբելոնի (Երեմ․ 27:1)՝ հավանաբար դառնալով նաև Սեդեկիային Նաբուգոդոնոսորից «բաժանելու» մեղավորները (Երեմ․ 21:2-3 և այլ տեղիներ)։ Իսկ ահա Հուդայի անկումից հետո նրանք (ամմոնացիները) իրենց միացրին Հուդայի տարածքը (Երեմ․ 49:1)։ Հենց նրանց այն ժամանակվա թագավոր Բայաելիսն է համարվում նաև Հուդայի բաբելոնացի կառավարիչ Գոդողիայի սպանության գլխավոր կազմակերպիչը (Երեմ․ 40:14, 41:10, 15): Եզեկիելը, սակայն, ամմոնացիներին նախատում է միայն այն բանի պատճառով, որ նրանք ցնծում են Հուդայի թագավորության կործանման համար։ Այս չարախնդությունն առավել աններելի է, քանի որ նրանք իրենք հազիվ էին փրկվել (21:19), և այն էլ՝ միայն ժամանակավորապես (28-րդ համար և այլ տեղիներ), Նաբուգոդոնոսորի սրից: Եթե Հովսեփոս Փլաբիոսը (Antiqu. X, 9, 7) խոսում է Երուսաղեմի կործանումից հետո 5-րդ տարում Նաբուգոդոնոսորի կողմից Մովաբն ու Ամմոնն իրեն հնազանդեցնելու մասին, ապա, հավանաբար, այդ երկու ժողովուրդներն էլ մի փոքր տուժել են դրանում, քանի որ Եզեկիելը նրանց սպառնում է նույնիսկ ««արևելքի որդիներով» (10-րդ համար): Ամմոնի դեմ մարգարեացել էին դեռևս Ամոսը (1:13-րդ համար և այլ տեղիներ), Սոփոնիան (2:1-8-րդ համարներ և այլ տեղիներ), Երեմիան (49:1-րդ համար) և Եզեկիելը՝ հատուկ առիթով (21:28-րդ համար):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, դարձրո՛ւ երեսդ ամոնացիների դէմ, մարգարէացի՛ր նրանց մասին ու ասա՛ ամոնացիներին.
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, դեմքդ Ամմոնի որդիների դե՛մ դիր և մարգարեացի՛ր նրանց դեմ։
(Գրաբար) Որդի՛ մարդոյ ՝ հաստատեա՛ զերեսս քո 'ի վերայ որդւոցն Ամովնայ. մարգարէա՛ց 'ի վերայ նոցա,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: