Ա. Լոպուխին
«Այդ ժամանակ քեզ վար պիտի իջեցնեմ գերեզման իջնողների հետ՝ հնուց եղող մի ժողովրդի մոտ, և քեզ պիտի տեղավորեմ երկրի անդրաշխարհում՝ հավիտենական անապատներում՝ գերեզման իջնողների հետ, որպեսզի դու այլևս բնակեցված չլինես, և Ես փառքը պիտի հայտնեմ ողջերի երկրում»։ [20] (Սինոդական թարգ․)
Այս համարը լեցուն է հետմահու հոգու, գերեզմանի ու դժոխքի սառնությամբ:
«Գերեզման իջնողների հետ» - և ոչ թե ուղղակիորեն՝ «քեզ գերեզման կիջեցնեմ», քանի որ խոսքը քաղաքի մասին է՝ իր ամբողջության մեջ՝ շենքերով և մնացյալով հանդերձ։
«Գերեզման» - եբրայեցերենում՝ «բոր», սլավոներենում՝ «անդունդ», Վուլգաթայում՝ «լակուս» («լիճ»): Տե՛ս Եսայու մարգարեության 14։15-րդ համարը։
«Հնուց եղող մի ժողովրդի մոտ» - սլավոներենում ավելի ստույգ՝ «դարավոր մարդկանց մոտ», այսինքն՝ երկրի երեսից վաղուց ի վեր չքացած ժողովուրդների մոտ, ինչպիսին էին, օրինակ, ռաֆայիմները և այլ հսկաները (հմմտ․ Եզեկ․ 22:27 և այլ տեղիներ):
«Երկրի անդրաշխարհում» - բառացիորեն՝ «երկրի խորքերում»։ Ավելի պարզ արտահայտվելու համար խավարի թագավորությունը ներկայացվում է երկրի խորքերում՝ որպես բոլոր գերեզմանների ամբողջություն:
«Հավիտենական անապատներում» - սլավոներենում ավելի ստույգ՝ «հավիտենական անապատի նման»։ Տյուրոսի զբաղեցրած տեղը ոչնչով չի տարբերվելու երբևէ չբնակեցված անապատներից։
«Եվ Ես փառքը պիտի հայտնեմ ողջերի երկրում» - քանի դեռ Տյուրոսը կլինի ստորգետնյա աշխարհում, այդժամ Աստված երկրի վրա՝ մի աշխարհում, որն իր վրա ապրող կենդանի մարդկանցով ներկայացնում է մեռած անդրաշխարհի լիովին հակառակ կողմը, իսկ ավելի որոշակիորեն՝ Իսրայելի երկրում, որպես բոլոր երկրներից էլ սքանչելի մի վայրում (39:21, 20:6), մի փառավոր բան կանի՝ կհաստատի Իր փառքի թագավորությունը, որի հիմնադրմանը Տյուրոսն իր գոյությամբ կարծես թե խոչընդոտում էր (38:16): Բայց համաձայն Յոթանասնից թարգմանության՝ Տյուրոսին սպասվում էր մեկ այլ, Եգիպտոսի ճակատագրից ավելի մեղմ մի վախճան (Եզեկ․ 29:13-րդ և Ես․ 19:18-րդ համարներ)։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 26:19
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) քեզ էլ եմ իջեցնելու գերեզման իջածների մօտ, յաւիտենապէս ամբոխուածների մօտ: Քեզ բնակեցնելու եմ երկրի ընդերքներում, որպէս յաւիտենական աւերակ, յաւիտենապէս խորխորատ իջածների կողքին, որպէսզի այլեւս բնակելի չդառնաս, երկրի վրայ կենդանի չմնաս:
(Արարատ թարգ․) և քեզ վար իջեցնեմ գուբը իջնողների հետ, հին դարերի ժողովուրդների մոտ, և քեզ պիտի բնակեցնեմ երկրի խորքում՝ հին ավերակների մեջ, նրանց հետ, որ գուբն են իջնում, որպեսզի էլ չբնակվես և տեղ չունենաս կենդանիների երկրում։
(Գրաբար) և իջուցից զքեզ առ իջեալսն ‘ի խորխորատ, առ ժողովն յաւիտենից. և բնակեցուցից զքեզ ‘ի խորս երկրի, իբրև զաւերակսն յաւիտենից, ընդ իջեալսն յաւիտենից ‘ի խորխորատ։ Զի մի՛ ևս բնակեսցես, և մի՛ կանգնեսցիս յերկիր կենաց․
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: