Եզեկիելի մարգարեության մեկնություն 27։13

Ա. Լոպուխին

«Հավանը, Թոբելը և Մոսոքը վաճառականություն էին անում քեզ հետ՝ փոխանակելով քո ապրանքները մարդկանց հոգիների և պղնձե անոթների հետ»։ [13] (Սինոդական թարգ․)
   
   «Հավանը» - ասորերենում՝ Յավանու, որ նույնն է թե՝ Հոնիացիները և բոլոր հույներն իրենց գաղութներով՝ Սիցիլիայում և Իտալիայում։ Ահա թե ինչու Յոթանասնից թարգմանության մեջ տառադարձվում է «ElleV» (բայց Ծննդոցի 10:2-րդ համարում՝ «Հավան»), Վուլգաթայում՝ «Graecia»:
   «Թոբելը և Մոսոքը» - Ծննդոց 10:2-րդ համարում նրանք հիշատակվում են կողք կողքի։ Հավանը ամենուր հիշատակվում է Հաբեթի որդիների հետ (բացառությամբ Սաղմ. 119:5-րդ համարի)։ Եզեկիելը 32:26-րդ համարում նրանց հիշատակում է Ասուրի (Ասորեստանի) հետ, իսկ ահա արդեն 38:2-րդ և 39:1-ին համարներում նրանք Գոգի դաշնակիցներն են։ Թոբելը, ասորերենում՝ «Տաբալու», համապատասխանում է հունարեն «Τιβαρηνκ»-ին, որ բնակվում են Սև ծովի և Կիլիկիայի միջև։ Իսկ Մոսոքը (կամ՝ «Մեշեխը») ավելի ստույգ տառադարձվում է Յոթանասնից թարգմանության կողմից՝ «Մոսոխ», ասորերենում՝ «Մուշկու», հունարենում՝ «Moscza», գտնվում է Փոքր Ասիայի հյուսիսում։ Այն առաջին անգամ հիշատակվել է Հեկատեոս Միլետացու կողմից։ Պարսկական թագավորություն մեջ այդ երկուսն էլ պատկանում էին 19-րդ սատրապությանը (Herod. III, 9, Anab, 78, Անաբ. V, 5, 2, Plin VI, 10, V, 27, Str XI, 497 և այլն; Plut. Pomp. 34): Հերոնիմոս Երանելին այստեղ ակնարկ է տեսնում «Իբերիացիների և կապադովկիացիների» (վերջինիս մայրաքաղաքը Երանելու ապրած ժամանակաշրջանում կոչվում էր «Մազահա») վերաբերյալ։ Հնարավոր է, որ դրանք սկյութական որևէ ցեղեր են եղել (հմմտ․ 32:26-րդ համարի բացատրությունը; Եզեկ․ 38:2-րդ համարը): Յոթանասնից թարգմանության մեջ դրանք հատուկ անուններ չեն համարվում. «բոլորը (այսինքն՝ Հելլադան․ Յոթանասնից թարգմանության հեղինակներն այստեղ տարընթերցել են «թեվել» - «տիեզերք») և քո մերձավորները» (παρατεινοντα; «քո» - հավելում սլավոնական տեքստում, այսինքն՝ «մեշեկ» բառի փոխարեն տարընթերցել են «մաշակ» - «երկարացնել», «ձգել»)։

   «Մարդկանց հոգիների» - այս արտահայտությունը դատապարտում է մարդկային կենդանի էակների առևտուրը։ Հավանի ստրկավաճառության մասին խոսվում է նաև Հովելի մարգարեության 3։6-րդ համարում (հմմտ․ Ամ․ 1։6, 9)։ Շատ նշանավոր էր եվբյան պղինձը (Mov. II, 65)։
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 27:12
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Յոյներն ու նրանց շուրջը գտնուող ազգերն է, որ եղել են քո ստրկավաճառները, պղնձէ անօթներ են բերել քո շուկաները:
(Արարատ թարգ․) Հավանը, Թոբելը և Մոսոքը քեզ հետ վաճառականություն էին անում. նրանք քեզ հետ մարդկանց և պղնձե անոթների առևտուր էին անում։
(Գրաբար) Յո՛յնք և ամենայն որ շուրջ զնովաւ էին մարդավաճառք քո, և անօթս պղնձիս ետուն 'ի վաճառս քո։