Եզեկիելի մարգարեության մեկնություն 3։26

Ա. Լոպուխին

26-27․ «Եվ Ես քո լեզուն քիմքիդ եմ կպցնելու, և դու կհամրանաս, ու նրանց հանդիմանող չես լինի, որովհետև նրանք ապստամբ տուն են»։ [26] «Իսկ երբ Ես քեզ հետ խոսեմ, կբացեմ քո բերանը, և դու նրանց կասես. «Այսպես է ասում Տեր Աստված». ով ուզում է լսել, թող լսի, իսկ ով չի ուզում լսել, թող չլսի, որովհետև նրանք ապստամբ տուն են»»։ (Սինոդական թարգ․)
   
   Ի տարբերություն նախորդող մարգարեների, որոնք լուռ չէին ամբարշտությունը դատապարտելու հարցում, Եզեկիելի քարոզությունը, առնվազն սկզբնական շրջանում, լուռ էր լինելու: Այդ նպատակին էր ծառայելու այն իրողությունը, որ մարգարեի լեզուն նաև ֆիզիկապես էր անգործունակ լինելու (գուցե դա առժամանակյա մի համրություն էր)՝ հանդիսանալով ժողովրդին հասցեագրված մարգարեական պախարակումների անարդյունավետությունը փաստող մի սքանչելի նշան։ Փորձը ցույց է տվել, որ ժողովրդի համառությունը չի կարող կոտրվել պախարակումների միջոցով, ուստի պետք էր սպասել, մինչև որ այն կկոտրվեր մեկ այլ, ավելի վճռական եղանակով, ինչպիսին էր Երուսաղեմի անկումը, որից հետո միայն մարգարեի բերանը պիտի բացվեր (Եզեկ․ 33: 21-22): Իսկ մինչև այդ իրողությունը մարգարեի բերանը բացվելու է միայն Աստծո անմիջական և, հավանաբար, առանձնապես մեծ անհրաժեշտություն ներկայացնող հայտնությունների, հատկապես պախարակումների փոխանցման համար (Եզեկ․ 3:17 և այլ տեղիներ): Այն, որ մարգարեն լիովին լուռ չէր նույնիսկ Երուսաղեմի անկումից առաջ էլ, մենք տեսնում ենք 11:25-րդ և 14:4-րդ համարներում։ Սակայն Երուսաղեմի անկման իրադարձությունից հետո մարգարեն կարող էր ազատորեն իր իսկ լեզվով խոսել, և ոչ թե խոսել միայն Աստծո կամքով։ Եվ այդժամ մարգարեի շուրթերից նրա ամենամարգարեական խոսքերն ավելի մեծ առատությամբ հեղվեցին ո՛չ միայն բացառիկ առիթներով, ո՛չ միայն պախարակումների համար, այլ այդ ժամանակվանից սկսած սկիզբ առան Եզեկիել մարգարեի նաև մխիթարական խոսքերը։
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Լեզուդ էլ կապելու եմ քո քիմքին, ու համր ես լինելու: Դու նրանց համար յանդիմանող մի մարդ չես լինելու, որովհետեւ նրանք դառնացնողների տուն են:
(Արարատ թարգ․) Եվ ես քո լեզուն քիմքիդ եմ կպցնելու, որ դու համրանաս, ու նրանց համար հանդիմանող մարդ չես լինի, որովհետև նրանք ապստամբների տուն են։
(Գրաբար) Եւ զլեզու քո կապեցից ‘ի քի՛մս քո, և եղիջիր դու հա՛մր. և ո՛չ եղիցիս դու նոցա իբրև զայր մի յանդիմանիչ, զի տուն դառնացողա՛ց են։