Ա. Լոպուխին
«Եվ օտարազգիները՝ ազգերի միջից ամենադաժանները, կտրեցին այն ու նրան դեն գցեցին դեպի լեռները, և բոլոր հովիտներում ընկան նրա ճյուղերը, ու նրա ոստերը կոտրատված ընկան երկրի բոլոր հեղեղատներում, և նրա ստվերից հեռացան երկրի բոլոր ժողովուրդներն ու լքեցին նրան»։
«Ազգերի միջից ամենադաժանները» - տե՛ս 7:24-րդ և 28:7-րդ համարների բացատրությունը։
«Ու նրան դեն գցեցին դեպի լեռները» - սլավոներենում ավելի ստույգ՝ «լեռների վրա», որտեղ և հիմնականում աճում են մայրիները։
«Եվ բոլոր հովիտներում ընկան նրա ճյուղերը» - մայրու ծառի արտասովոր մեծության պատճառով նրա կոտրված ճյուղերն ընկել և ծածկել են ոչ միայն այն լեռը, որտեղ որ այդ մայրին աճել է, այլ նաև՝ շրջակայքի հովիտները։ Ասել է թե՝ Եգիպտոսի անկումը զգացվել էր նաև նրա սահմաններից դուրս։
«Ու նրա ոստերը կոտրատված ընկան երկրի բոլոր հեղեղատներում» - ջարդված ճյուղերն ընկել են նաև կիրճերի մեջ։ Որպես համաշխարհային տերություն՝ Եգիպտոսն իր անկման լուրը լսելի դարձրեց ամբողջ աշխարհով մեկ: Այստեղ կարող են նկատի առնվել նաև սպանված եգիպտացիները (հմմտ․ Եզեկ․ 32:5): Մարգարեն աստիճանաբար հրաժարվում է համեմատություններով խոսելու իր եղանակից (տե՛ս հաջորդիվ՝ «նրա ստվերից հեռացան երկրի բոլոր ժողովուրդները» (մինչդեռ ակնկալելի էր «թռչունները» բառի կիրառությունը)։
«Լքեցին նրան» - խոսքը Եգիպտոսի դաշնակիցների մասին է։ Սա եբրայեցերեն բառի ենթադրական թարգմանությունն է։ Սլավոներենում՝ «և կործանեցին նրան»:
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 31:10
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Դուրս հանեցին նրան, ժողովուրդների միջից ոչնչացրին օտար չարագործները, տապալեցին լեռների վրայ: Նրա ոստերն ընկան բոլոր ձորերը, տապալուեց նրա բունը ամբողջ երկրի դաշտերով մէկ, նրա հովանուց իջան բոլոր ազգերն ու ցեղերը եւ գետնին հաւասարեցրին նրան:
(Արարատ թարգ․) Եվ օտարները՝ ազգերի սոսկալիները, կոտորեցին նրան ու դեն գցեցին, սարերի վրա և բոլոր հովիտներում ընկան նրա ոստերը, և երկրի բոլոր հեղեղատներում կոտրատված ընկան նրա ճյուղերը, նրա հովանին թողեցին երկրի բոլոր ժողովուրդները և լքեցին նրան։
(Գրաբար) Եւ հանին զնա, և սատակեցին զնա օտարք ժանտագործք յազգաց, և տապալեցին զնա ‘ի վերայ լերանց. յամենայն ձորս անկան ոստք նորա, և խորտակեցաւ ստեղն նորա ընդ ամենայն դաշտս երկրի. և իջին ‘ի հովանւոյ նորա ամենայն ազգք ազանց, և յատակեցին զնա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: