Ա. Լոպուխին
22-23. «Այնտեղ են Ասորեստանը և նրա բոլոր հորդաները, նրա շուրջը նրանց գերեզմաններն են. ամենքը սպանված, սրից ընկածներ են»։ [22] «Նրա գերեզմանները դրված են անդրաշխարհի ամենախորքերում, և նրա հորդաներն իր գերեզմանի շուրջն են, ամենքը սպանված, սրից ընկածներ են, նրա՛նք, ովքեր սարսափ էին տարածում ողջերի երկրում»։ (Սինոդական թարգ․)
Սկսվում է արդեն անդրաշխարհում գտնվող ժողովուրդների, բնականաբար, ոչ ամբողջական թվարկումը։ Այդ ցանկի մեջ ընդգրկվում են նրանք, ովքեր վերջերս են իջել դժոխք կամ նոր-նոր են հեռանում համաշխարհային թատերաբեմից։ Այստեղ ևս վերցված է սրբազան 7 թիվը։ Թվարկման հաջորդականությունը չի հետևում ոչ մահվան ժամանակին, ոչ էլ հանգուցյալների ունեցած դերակատարության աստիճանին, այլ ավելի շուտ՝ թվարկումն այստեղ աշխարհագրական կարգով է արվում։ Նախ թվարկվում են հյուսիսաբնակները՝ Ասորեստանը, Էլամը, Մոսոքը և Թոբելը (միդիացիները), ապա՝ հարավաբնակները (Էնոթ), և վերջապես՝ արևմտյան և ծայրահեղ հյուսիսային տարածաշրջաններում բնակություն հաստատած ժողովուրդները (30-րդ համար)։
«Ասորեստանը» կործանվել է մ.թ.ա. 608-607 թվականներին՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր և Մեդիայի Կիաքսար թագավորների կողմից Նինվեի գրավումով (Սոփ․ 2:13, Նավում 2:3)։ Ասորեստանն առաջինն է հիշատակվում, հավանաբար, որպես Իսրայելի մեծագույն թշնամի:
«Նրա բոլոր հորդաները» - եբրայեցերենում գործածված է «կագալ» բառը, մինչդեռ մյուս ժողովուրդների (Էլամի և մյուսների) վերաբերությամբ կիրառված է «գամոն» բառը, որն ունի «բազմություն» նշանակությունը։ Գուցե թե այդպես է արված՝ Ասորեստանին ենթակա ժողովուրդների առանձնահատուկ բազմաքանակությունը մատնացույց անելու նպատակով։
«Գերեզմաններ» - մենք գերեզմանը պատկերացնում ենք որպես երկրի վրա գտնվող մի վայր, մինչդեռ հրեայի համար գերեզմանի և շեոլի (դժոխքի, անդրաշխարհի) մասին պատկերացումները հաճախ գրեթե համընկնում են (հմմտ․, օրինակ, Ես. 14:11-րդ համարը): Շեոլը, ինչպես որ ցույց է տալիս սույն հատվածը, մի մեծ գերեզման է, որի մեջ կողք կողքի գտնվում են բազմաթիվ գերեզմաններ։ Այնպես է թվում է, որ ասես թե դժոխքում աշխարհի բոլոր գերեզմանները միատեղ են։ Սակայն չնայած այն հանգամանքին, որ շեոլը կարելի է համարել, այսպես ասած, մի մեծ գերեզմանոց, սակայն հոգիները շրջում են նաև իրենց գերեզմաններից դուրս: Սա մի գաղափար է, որը հաճելիորեն զարմացնում է իր ինքնատիպությամբ, որոշակիությամբ, իրականության հետ կենդանի կապով, որևէ մի բանի մասին ենթադրության բացակայությամբ՝ այն դեպքում, երբ այդ մասին ենթադրություններն անօգուտ են (խոսքը հետմահու կյանքին վերաբերող ենթադրությունների մասին է, քանի որ երկրային մտքի ոչ մի ջանք չի կարող պատկերացում կազմել հետմահու կյանքի մասին, որովհետև այն երկրային գոյության սահմաններից դուրս է գտնվում): Թագավորի կամ իշխող ժողովրդի գերեզմանը շրջապատված է («նրա շուրջը») նրա զինվորների ու հպատակների գերեզմաններով։ Հատկանշական է, որ, ըստ մարգարեի տեսակետի, նույնիսկ հետմահու կյանքում յուրաքանչյուր ազգ ապրում է ինքն իրենով՝ մյուսներից առանձին՝ իր բազմաթիվ գերեզմաններով ժողովվելով իր թագավորի կամ առաջնորդի մեկ գերեզմանի շուրջը:
«Անդրաշխարհի ամենախորքերում» - կա՛մ այդ ժողովրդի հնամենիության, ասել է թե՝ այն պատճառով, թե որքան վաղուց են նրանք դժոխք իջել, կա՛մ էլ այն պատճառով, որ անկման խորությունը համապատասխանում է այն բարձրությանը, որտեղից որ նրանք ընկել են:
«Նրա՛նք, ովքեր սարսափ էին տարածում ողջերի երկրում» - այս հանգամանքը մատնանշվում է ոչ այնքան որպես գերեզմանից այն կողմ Ասորեստանին դատապարտելու պատճառ (հմմտ․ 32-րդ և 26:17-րդ համարներ), որքան Ասորեստանի՝ այդ պահին դժոխքի հատակում զբաղեցրած դիրքին հատուկ ողորմելի թշվառության գաղափարը շեշտադրելու միջոց: 23-րդ համարն իրենում բովանդակում է 22-րդ համարից վերցված բազմաթիվ կրկնություններ, ինչի հետևանքով Յոթանասնից թարգմանության ձեռագրերի մեծ մասում իրավացիորեն 23-րդ համարի միայն վերջին նախադասությունն է տարընթերցվում, իսկ «անդրաշխարհի ամենախորքերում» արտահայտությունը տեղափոխում 22-րդ համարի միջնահատված և զետեղվում է «նրա շուրջը նրանց գերեզմաններն են» բառերից առաջ։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Այնտեղ են Ասուրը եւ նրա ողջ ամբոխը, բոլորն էլ սպանուածներ:
(Արարատ թարգ․) Այնտեղ են Ասորեստանը և նրա ամբողջ բազմությունը, նրանց գերեզմանները նրա շուրջը. ամենքը սպանված՝ սրով ընկածներ են,
(Գրաբար) Ա՛նդ Ասուր և ամենայն ժողովուրդք նորա՝ ամենեքին վիրաւորք. ա՛նդ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: