Ա. Լոպուխին
«Եվ երբ դու հանգչես, պիտի ծածկեմ երկինքը և նրա աստղերը պիտի խավարեցնեմ, արեգակն ամպով պիտի ծածկեմ, և լուսինը չպիտի ճառագայթի իր լույսով»։ [7] (Սինոդական թարգ․)
Սա Աստվածաշնչի կողմից սովորաբար կատարվող անդրադարձումն է երկրի վրա տեղի ունեցող մեծ արհավիրքներին և աստղերի «աշխարհում» գրանցվող ցնցումներին (հմմտ․ Եսայու մարգարեության 13։10-րդ համարը, որը նույնպես կարող էր ունենալ այն նշանակությունը, ինչը որ Եզեկիելը նկատի ունի այստեղ; ինչպես նաև Հովելի մարգարեության 2։30-31-րդ, 3:15-րդ, Մատթեոսի Ավետարանի 24:29-րդ համարները և այլ տեղիներ): Երկինքը խավարելու է կարեկցանքի պատճառով, ինչի պատճառով որ տխրելու էր նաև Լիբանանը (Եզեկ․ 30:15)։
«Երբ դու հանգչես» - ռացիոնալիստները (բանապաշտները) այստեղ ցուցում են տեսնում աշխարհի վիշապի վերաբերյալ, որի դեմ Աստված դժվարին պայքարի մեջ է մտել (Ես․ 51:9)։ Իսկ ավելի որոշակիորեն ասած՝ Աստված մարտնչում է այդ վիշապի աստղի դեմ, որը պտտվում է Մեծ արջի և Փոքր արջի միջև՝ Արկտիկական շրջանի գրեթե կիսահատվածում և, ըստ հնագույն շրջանի հեղինակների, պատճառ է դառնում երկնքի խավարման համար։ Մարգարեի մտքում կարող էր պատկերվել նաև այն խավարը, որն առաջացել էր Եգիպտոսից հրեաների ելքի ժամանակ:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Երբ քո լոյսը հանգչի, երկինքը քօղով եմ ծածկելու, խաւարեցնելու եմ նրա աստղերը, արեգակը ծածկելու եմ ամպերով, եւ լուսինն իր լոյսը չի տալու:
(Արարատ թարգ․) Եվ քեզ հանգցնելիս երկինքը պիտի ծածկեմ և խավարեցնեմ նրա աստղերը, արեգակն ամպով պիտի ծածկեմ, և լուսինն իր լույսը չպիտի ճառագայթի։
(Գրաբար) Եւ պատրուակեցից զերկինս ‘ի շիջանե՛լ քում, և խաւարեցուցից զաստեղս նորա. զարեգակն ամպով ծածկեցից, և լուսին մի՛ տացէ զլոյս իւր․

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: