Եզեկիելի մարգարեության մեկնություն 34։25

Ա. Լոպուխին

«Եվ նրանց հետ խաղաղության ուխտ պիտի կնքեմ և այդ երկրից պիտի անհետացնեմ կատաղի գազաններին, այնպես որ նրանք ապահով կբնակվեն տափաստանում և կքնեն անտառներում»։ [25] (Սինոդական թարգ․)
   
   Եզեկիելը պետք է որ նկատի ունենա Օսէէի մարգարեության 2։18-րդ համարը և դրա շարունակությունը։

   «Նրանց հետ» - Յոթանասնից թարգմանության մեջ՝ Դավթի սերնդի հետ։

   «Խաղաղության ուխտ» - խաղաղություն՝ Աստծո հետ, իսկ դրա միջոցով էլ՝ համայն բնության հետ։

   «Այդ երկրից պիտի անհետացնեմ կատաղի գազաններին» - մարգարեն, ամենայն հավանականությամբ, ամենամոտ իմաստով նկատի ունի իր կողմից կատարված  համեմատությունն Իսրայելի և հոտի միջև, որի համատեքստում՝ այդ հոտը, ճշմարիտ հովվի խնամքի ներքո գտնվելով, որևէ վնաս չի կրի վայրի գազանների, այսինքն՝ շրջակա հեթանոսական ժողովուրդների կողմից (հմմտ․ 28-րդ համարը)։ Սակայն Եսայու մարգարեության 11:6-րդ ու 65:25-րդ և Զաքարիայի մարգարեության 3։10-րդ համարների հետ համեմատության տեսանկյունից՝ հնարավոր է, որ այստեղ ակնարկվում է մեսիական ժամանակների վերաբերությամբ խոստացված, սակայն դեռևս չիրականացված տեսլականը նույնիսկ ամենավայրի գազանների բնազդների փոփոխության (բնականաբար՝ դեպի լավը) հետ կապված:

   «Տափաստանում» և «անտառներում» - վայրի կենդանիների համար որպես սովորական ապաստարան ծառայող այդ վայրերում:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Դաւթի հետ խաղաղութեան դաշինք եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից: Եւ իմ հօտերը ապահով բնակուելու են անապատում եւ ննջելու են անտառներում:
(Արարատ թարգ․) Եվ նրանց հետ խաղաղության ուխտ պիտի կապեմ և չար գազաններին պիտի անհետացնեմ այդ երկրից, և նրանք ապահով կբնակվեն անապատում և կքնեն անտառներում։
(Գրաբար) Եւ եդից ընդ Դաւթի ո՛ւխտ խաղաղութեան, և ապականեցից զգազանս չար յերկրէ, և բնակեսցին յանապատին յուսով, և ննջեսցեն յանտառս: